Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը հետևանք է հանրային սպառնալիքների, ըստ Մակունցի

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ապրիլի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրդադարձավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ կատարված միջադեպին։

«Ուզում եմ արձանագրել, որ բռնության մերժումը, բռնության բացառումը մեր հիմնարար արժեքներից և սկզբունքներից է»,- ասաց Մակունցը։

Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ պետք չէ միջադեպը դիտարկել որպես առանձին դեպք։ 

«Այն հետևանք է հանրային սպառնալիքների, բռնության կոչերի, սեռական բնույթի հայհոյանքների, մարդու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունների, որոնք առցանց, օնլայն տիրույթից տեղափոխվել են օֆլայն տիրույթ։ Որևէ կերպ չարդարացնելով և իհարկե հավատարիմ մնալով բռնության մերժման արժեքին, սկզբունքին, գաղափարին՝ պետք է դիտարկել այս միջադեպը հենց այդ համատեքստում»,- նշեց Մակունցը։

Լիլիթ Մակունցի կարծիքով՝ ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման մասին վերջերս ընդունված օրենքը, Ալեն Սիմոնյանի՝ դրան հետևած հրապարակային ելույթները անմիջականորեն կապված են տեղի ունեցածի հետ։

Լրագրողի հարցին՝ ակնարկո՞ւմ է, որ ինչ-որ մարդիկ են այս ամենի հետևում, Մակունցը պատասխանեց՝ այո, այն բոլոր մարդիկ, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել։

«Ես անուններ հնչեցնել չեմ կարող, անուններ հնչեցնելը կոնկրետ մարմինների պարտականությունն է, եթե նրանք արդեն ունեն կամ երբ ունենան տվյալներ»,- նշեց նա և հշեցրեց՝ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ասել է, որ զղչում է և ստիպված է եղել այդպես վարվել։ «Այնպես չէ, որ որևէ մեկը որևէ բան արդարացնում է։ Իրավական գնահատականները կհնչեցնեն իրավական մարմինները»,- նշեց նա։

Ապրիլի 29-ին միջադեպ է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ Կողմերից յուրաքանչյուրը մյուսին է մեղադրում ծեծկռտուքը սկսելու համար։

Լուսինե Վարդանյան