Տեղի է ունեցել Արայիկ Հարությունյան-Մասիս Մայիլյան հանդիպում

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի և նախագահական մրցավազքի մասնակից Մասիս Մայիլյանի հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջերում հայտնել են Հարությունյանն ու Մայիլյանը։

Արայիկ Հարությունյան

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հանրապետության կառավարման հիմքում դնելով հանրային և քաղաքական միասնականությունն ու համերաշխությունը՝ այսօր հանդիպել եմ ԱՀ արտաքին գործերի նախարար եւ վերջին համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։

Քննարկել ենք մեր հայրենիքի առաջ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին եւ տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Մեր երազանքների Արցախի կառուցման հետագա գործընթացներում կարևորել ենք երկրում փոխադարձ հարգանքի ու համերաշխության լիակատար մթնոլորտի ստեղծումը»։

Մասիս Մայիլյան

«Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Քննարկել ենք Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Մտքեր ենք փոխանակել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու հնարավոր ուղղությունների շուրջ։

Երկուստեք կարևորել ենք վերջին տարիներին արտաքին քաղաքական բնագավառում արձանագրված ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը»։

Մեկնաբանել