Հայերը Խորհրդային Ադրբեջանում 

Խորհրդային Ադրբեջանի (1920 թվականի ապրիլի 28-1991 թվականի օգոստոսի 30) գոյության ամբողջ ընթացքում, բացառությամբ վերջին մի քանի տարիների, հայերը կազմել են այդ հանրապետության ամենամեծ փոքրամասնությունը: Ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանցիները կազմել են Խորհրդային Հայաստանի ամենամեծ փոքրամասնությունը (տես՝ Ադրբեջանցիները (թաթարները) Հայաստանում վերջին 150 տարիներին,

Վերջին 120 տարիներին հայերն ու ադրբեջանցիները (թաթարներ, կովկասյան թուրքեր) ազգամիջյան հակամարտության և պատերազմի մեջ են եղել երեք անգամ՝ 1905-1907 թվականներին, երբ այսօրվա Հայաստանի և Ադրբեջանի տարածքները Ռոմանովների ռուսական կայսրության մաս էին կազմում, 1918-1920 թվականներին, երբ երկու հանրապետությունները կարճատև անկախություն ունեցան, և, վերջապես, 1991-1994 թվականներին՝ Խորհրդային Միությունից անջատվելուց հետո և անկախության առաջին տարիներին:

Բացառությունները, խառնամուսնությունները և քարոզչությունը մի կողմ՝ այսօր Հայաստանում չկան ադրբեջանցիներ, իսկ Ադրբեջանում չկան հայեր, ավելի ճիշտ՝ չկան համայնքներ ու փոքրամասնություններ:

Ճշգրիտ կերպով դժվար է հաշվել, թե որքան է եղել Ադրբեջանից հեռացած և բռնի տեղահանված հայերի թիվը, քանի որ 1989 թվականի ԽՍՀՄ վերջին մարդահամարը անց է կացվել մի ժամանակահատվածում, երբ տեղի էին ունենում երկու ժողովուրդների զանգվածային տեղաշարժերը, որոնք ուղեկցվում էին ջարդերով, բռնություններով ու մարդու իրավունքների ամենակոպիտ այլ խախտումներով:

1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով, Խորհրդային Ադրբեջանում հայերի թիվը կազմել է 282 004 հոգի կամ ամբողջ բնակչության ավելի քան 12 տոկոսը: Այս թվից պետք է հանենք Արցախում՝ այն ժամանակ ԼՂԻՄ-ում բնակվող հայության թիվը, եթե փորձում ենք հասկանալ, թե որքան հայ է հեռացել կամ բռնի տեղահանվել կամ եթե ուզում ենք Խորհրդային Ադրբեջանի հայությունը տարանջատել ԼՂԻՄ-ում բնակվող հայությունից: 1926-ին ԼՂԻՄ-ում հայերի թիվը կազմում էր 111 694 հոգի: Այսպիսով, Խորհրդային Ադրբեջանում հայերի թիվը առանց ԼՂԻՄ-ի կազմել է 170 310 մարդ:

1939 թվականին Խորհրդային Ադրբեջանում հայերի թիվը 388 025 էր, կրկին բնակչության ավելի քան 12 տոկոսը: ԼՂԻՄ-ում հայերի թիվը 132 800 էր, ինչը նշանակում է, որ առանց ԼՂԻՄ-ի Ադրբեջանում հայության թիվը կազմել է 255 225 հոգի: Այսպիսով, 13 տարիների ընթացքում հայերի թիվը, առանց ԼՂԻՄ-ի, աճել է 85 հազարով: Այս նույն ժամանակահատվածում ԼՂԻՄ-ում հայերի թիվը ավելացել է 21 հազարով՝ 111 694-ից հասնելով 132 800: Պետք է նաև նկատել, որ Խորհրդային Ադրբեջանի հայերի թիվը ավելանում էր, քանի որ Արցախից հայությունը արտագաղթում էր դեպի Բաքու և քաղաքային այլ բնակավայրեր:

1959 թվականի մարդահամարով, Խորհրդային Ադրբեջանում հայերի թիվը հասավ 442 089-ի կամ ամբողջ բնակչության ճիշտ 12 տոկոսը: Այս նույն ժամանակ ԼՂԻՄ-ում հայերի թիվը 110 053 էր, այսպիսով՝ առանց ԼՂԻՄ-ի Խորհրդային Ադրբեջանի բնակչությունը կազմում էր 332 036 հոգի: Եթե 20 տարիների ընթացքում ԼՂԻՄ-ում հայերի թիվը նվազել է գրեթե 23 հազարով, ապա Խորհրդային Ադրբեջանում ավելացել է 77 հազարով: Ինչպես նկատում ենք, հայության թիվը պակասում է ԼՂԻՄ-ում և փոխարենը ավելանում մարզի ադրբեջանցիների թիվը, ինչպես նաև շարունակում է ավելանալ հայության թիվը Բաքվում և կոռուցվող նոր քաղաքներում, այդ թվում՝ Սումգայիթում, որտեղ հայության մեծ մասը հենց Արցախը լքած հայերն էին:

1970 թվականի մարդահամարի համաձայն, Խորհրդային Ադրբեջանում հայերի թիվը կազմեց 483 520 հոգի կամ բնակչության 10 տոկոսից պակասը: ԼՂԻՄ-ում հայերի թիվը 121 068 էր, ինչը նշանակում է, որ բացի Արցախը Ադրբեջանի հայությունը կազմել է 362 452 մարդ: 10 տարվա ընթացքում Խորհրդային Ադրբեջանում հայերի թիվը ավելացել է 30 հազարով, իսկ ԼՂԻՄ հայությունը՝ 11 հազարով: Այս թվերը ցույց են տալիս, որ ինչպես ԼՂԻՄ-ից, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանից սկսվել է հայերի արտագաղթ դեպի Խորհրդային Հայաստան և ԽՍՀՄ այլ հանրապետություններ:

1979 թվականի ԽՍՀՄ նախավերջին մարդահամարը կարելի է համերել վերջին վստահելին, քանի որ 1989-ինը անց է կացվել հայ և ադրբեջանցի բնակչության զանգվածային տեղաշարժերի ընթացքում: Հայության թիվը Ադրբեջանում կազմեց 475 486 հոգի կամ բնակչության 8 տոկոսից պակաս: ԼՂԻՄ-ում հայերի թիվը 123 076 էր, այսպիսով՝ առանց ԼՂԻՄ-ի հայերի թիվը Ադրբեջանում 352 410 էր: Տաս տարվա ընթացում ԼՂԻՄ-ում հայերի թիվը ավելացել էր երկու հազարով, իսկ Ադրբեջանում պակասել տասը հազարով:

Եթե անգամ հաշվարկենք, որ 1979-ից մինչև 1989 թվականը հայերի թիվը Խորհրդային Ադրբեջանում աճել է, ինչի հիմքները չունենք՝ հաշվի առնելով նախորդ տասնամյակի միտումները, ապա միևնույնն է՝ Խորհրդային Ադրբեջանում հայերի թիվը առանց ԼՂԻՄ-ի 1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, չէր կարող լինել 500 հազար:

Այսպիսով, հայկական հրատարակություններում հանդիպող թիվը, թե Ադրբեջանից արտաքսվել է մինչև 500 հազար հայ, ուղղակի ճիշտ չէ: Մոտավոր ճիշտ թիվը 350 հազարն է:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Մայիլյան եղբայրների հովանավորությամբ և հայ ճարտարապետի նախագծով կառուցված հայկական թատրոնի շենքը Բաքվում, որն այսօր Ադրբեջանի օպերայի և բալետի շենքն է

Մեկնաբանել