Ինչպես Ղազախի գավառի հայկական մասը մնաց Հայաստանի կազմում

Հայաստանի և Ադրբեջանի միջև 1918-1920 թվականներին՝ երկու հանրապետությունների կարճատև անկախության տարիներին, վիճելի երեք հիմնական շրջաններ կային՝ Արցախ, Զանգեզուր և Նախիջևան:

Կար նաև չորրորդ վիճելի հատվածը՝ նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը: Եթե Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի դեպքում, ֆուտբոլային լեզվով՝ հայերը պարտվեցին 1-2 հաշվով, այն է՝ Զանգեզուրը մնաց Խորհրդային Հայաստանի կազմում, իսկ Արցախը որպես հայկական մարզ՝ ԼՂԻՄ, իսկ Նախիջևանը՝ հայկական ինքնավար հանրապետություն անցավ Խորհրդային Ադրբեջանին, ապա Ղազախի գավառի վեճը ավարտվեց ոչ-ոքի:

Ղազախի գավառը 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով ուղղակի կիսվեց դեռևս անկախ Հայաստանի և արդեն խորհրդայնացված Ադրբեջանի միջև: Անշուշտ, համաձայնագրում բառացի չէր ասվում կիսվելու մասին, սակայն հասկանալի էր, թե խոսքն ինչի մասին է:

Նախքան այդ համաձայնագրի համապատասխան մասը ներկայացնելը մի քանի խոսք Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի մասին: 1918-ի աշնանը, երբ առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրությունը հեռացավ Կովկասից, իսկ ռուսները հեռացել էին 1917-ի վերջերից, Պարսկաստանից Արաքսն անցան բրիտանական ուժերը և շուրջ մեկ տարի դարձան հիմնական խաղացողը Կովկասում:

Բրիտանացիները հայերի և ադրբեջանցիների միջև վեճերը կարգավորելու հետևյալ տարբերակն էի առաջարկում. Արցախն ու Զանգեզուրը մնում են Ադրբեջանի կազմում, իսկ Նախիջևանը և Կարսը անցնում են Հայաստանին: Բրիտանացիները քաղաքականության հիմքում, ըստ էության, դրել էին ցարական Ռուսաստանի վարչական բաժանման մոդելը: Արցախն ու Զանգեզուրը ցարական շրջանում Ելիզավետպոլի նահանգի կազմում էին, իսկ Ադրբեջանը հիմնադրվեց երկու հիմնական նահանգների՝ Բաքվի կամ Կասպյան և Ելիզավետպոլի նահանգների հենքով: Հայերը, անշուշտ, մերժում էին այս մոտեցումը և երկար ժամանակ՝ 1918-1921 թթ, կռիվ էին տալիս և՛Զանգեզուրի, և՛ Արցախի համար:

Նախիջևանը ցարական շրջանում եղել էր Երևանի նահանգի մաս, հետևաբար, ըստ բրիտանական մոտեցման, այն պետք է լիներ Հայաստանի կազմում: Նույնը վերաբերում էր Կարսի մարզին, որը 1878-ին Օսմանյան կայսրությունից անցավ Ռուսաստանին: Բրիտանական 3000-անոց զորքերի օգնությամբ 1919-ի գարնանը Նախիջևանը և Կարսը միացվեցին Հայաստանին: Հայերը Նախիջևանը կարողացան պահել երկու ամիս, և արդեն 1919-ի հուլիսին այն ՀՀ-ինը չէր, բացի Շարուրը: Կարսը կարողացանք պահել մինչև 1920-ի հոկտեմբերի 30-ը և այն, գրեթե առանց լուրջ կռիվների, Շարուրի և Սուրմալուի (Արարատյան դաշտի՝ Արաքսի աջ ափը՝ Արարատի ստորոտը) հետ միասին անցան թուրքերին:

1921-ի հուլիսին, հայերը կորցրեցին նաև Արցախը, այս դեպքում՝ բոլշևիկյան Ռուսաստանի ցանկությամբ: Զանգեզուրը կարողացանք պահել:

Ղազախի շրջանը, ինչպես նշեցինք, ևս կռվախնձոր էր: 1920 թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրում այսպիսի ձևակերպում կա. «ՌԽՖՍՀ զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը` Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, բացառությամբ այն շերտի, որը սույն համաձայնագրով որոշված է Հայաստանի զորքերի տեղակայման համար: Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը»:

Ղազախի հատվածում 1920-ի ամռանը տեղի էին ունենում բախումներ, և հուլիսի 30-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցվեցին (հետո շարունակվեցին օգոստոս-հոկտեմբեր ամիսներին): Այդ պահի ստատուս-քվոն էլ, փաստացի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծ: Այսպիսով, Ղազախի նահանգի հայկական գյուղերը մնացին Հայաստանի Հանրապետության, հետագայում՝ Խորհրդային Հայաստանի, իսկ ադրբեջանական գյուղերը՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում:

Սահմանագիծը հյուսից-հարավ անցնում էր հետևյալ գծով (նշում ենք միայն սահմանի հայկական հատվածի բնակավայրերը)՝ Ղալաչա (Բերդավան) – Դվեղ (Դովեղ) – Դոստլու (Բարեկամավան) – Կոթի – Ղոշղոթան (Ոսկեվան) – Բաղանիս – Ոսկեպար – Կիրանց – Ջողաս (Բերքաբեր) – Սռի գեղ (Սարիգյուղ) – Ուզունթալա (Այգեհովիտ) – Լալիգյուղ (Վազաշեն) – Թաթլի հայ (Պառավաքար) – Ղզլբուլաղ (Ներքին Կարմիրաղբյուր)- Այգեպար – Մովսես – Չինարի:

Կասկած չկա, որ եթե 1920-ի ամռանը հայերը կռիվ չտային Ղազախում, ապա այսօրվա Բերդի, Իջևանի շրջաններն ու Նոյեմբերյանի շրջանի մի մասը (բացառությամբ Դեբեդի հովտի, որը վիճելի էր Հայաստանի և Վրաստանի միջև) կանցնեին Խորհրդային Ադրբեջանին: 1920 թվականի մամուլը լեցուն է Ղազախի հատվածում հայ-ադրբեջանական կռիվների մասին լուրերով:

Եթե նկատել եք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի այս հատվածը այսօր ամենակտրտվածն է: Պատճառները պետք է փնտրել 1920-ին: Հարյուր տարի առաջ այս օրերին ընթացող կռիվների արդյունքում Ղազախի հայկական գյուղերը մնացին Հայաստանին, ադրբեջանական գյուղերը՝ Խորհրդային Ադրբեջանին: Ղազախի շրջանի այս բաժանումը ինչ-որ տեղ կարելի է համարել արդար բաժանում, բացառությամբ մի քանի փոքր հատվածների, երբ Խորհրդային Հայաստանի կազմում, կղզյակի ձևով, մնացին մի քանի բնակավայրեր: Միջազգային քարտեզներում այդ կղզյակները մինչև այսօր էլ պահպանվում են, թեև արդեն 30 տարի դրանք Հայաստանի վերահսկողության տակ են:

Ինչպես հայտնի է, 1990-ական թթ սկզբին հայկական ուժերը գրավեցին Ղազախի շրջանի ադրբեջանական յոթ գյուղեր՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Բարխուդարլու և Սոֆուլու: Այս Աքսիպարա գյուղերից մեկը՝ վերինը, գտնվում է հայկական Ոսկեպարի թիկունքում, անտառների բացատում և ճանապարհից տեսանելի չէ: Ներքին Աքսիպարան և Բաղանիս-Այրումը ավերված են և տեսանելի, երբ անցնում ենք Ոսկեպար-Բաղանիս ճանապարհով: Խեյրիմլին հենց Կիրանցի հարևանությամբ է, սակայն այդ գյուղից քար անգամ չի մնացել: Կըզըլ Հաջիլին գտնվում է Բերքաբերի հարևանությամբ՝ ջրամբարից դեպի արևելք: Սոֆուլուն և Բարխուդարլուն գտնվում են Իջևանից դեպի Ղազախ մտնող երկաթուղու երկու կողմերում:

Հարց է՝ բանակցային գործընթացում ինչու Ադրբեջանը չի պահանջում այս յոթ գյուղերը: Նույն հարցը կարելի է ձևակերպել այսպես՝ իսկ ինչու Հայաստանը բանակցային գործընթացում չի պահանջում Արծվաշենը, որը կղզյակ էր Ադրբեջանի ներսում և գրավվեց 1992-ի օգոստոսին: Հավանաբար կողմերը լռելյայն համաձայն են այս ստատուս քվոյին:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել