Ինչպես նպաստել հաշմանդամություն ունեցող մարդկանց մշակութային ներառմանը

Մենք հեքիաթներ շատ ենք սիրում։ Ինքներս կարծրատիպեր ենք հորինում, իրար պատմում և հավատում դրանց իսկությանը։ Այսպիսի հեքիաթներից մեկի համաձայն, «եվրոպաներում և ամերիկաներում հաշմանդամների համար ամեն ինչ անթերի է կազմակերպված, ամեն ինչ մատչելի է և հարմար»։ Իրականությունը մի փոքր այլ է։ Անշուշտ, մատչելիության աստիճանը զարգացած երկրներում և մեզանում անհամեմատելի է։ Մենք դեռ շատ ջանքեր պետք է գործադրենք այդ երկրներում ստեղծված պայմաններին հասնելու ուղղությամբ։ Սակայն, նույնիսկ ամենազարգացած երկրներում դեռևս կան չլուծված խնդիրներ։ Մասնավորապես, կան սննդի, առևտրի և տարբեր ծառայություններ մատուցող բազմաթիվ հաստատությունների շենքեր, որտեղ սայլակ օգտագործող անձը ֆիզիկապես չի կարող մտնել։

Այնուամենայնիվ, կա մի ոլորտ, որտեղ վերոնշյալ կարծրատիպը հիմնականում համապատասխանում է իրականությանը։ Դա մշակույթն է։

Երբ սայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդը պատրաստվում է այցելել եվրոպական որևէ երկրում գտնվող թանգարան, համերգասրահ, թատրոն կամ այլ մշակութային օջախ, կարիք չկա նախապես ճշտելու, արդյոք այս վայրը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող այցելուների համար։ Պատասխանը հայտնի է՝ այո, բնականաբար, հարմարեցված է։ Այդ առումով, իրոք, այնտեղ տիրող իրավիճակը նախանձելի է մեզ համար։ Ընդ որում, հարմարեցված են լինում մշակութային վայրերի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, ներառյալ հանդերձարանները, սրճարանները, սանհանգույցները և այլն։

Իսկ ի՞նչ ունենք մենք

Հարյուրավոր նշանավոր մշակութային օջախներ և կոթողներ, որոնցից եզակիներն են մատչելի։ Կանխատեսում եմ ավանդական «արդարացումը». դրանց գերակշիռ մասը կառուցվել է շատ վաղուց, երբ համընդհանուր դիզայնի մասին ոչ ոք չէր իմացել։ Այս փաստարկին պատասխանեմ միայն մեկ օրինակով։ Երբ ներառական «Փարոս» կամերային երգչախումբը, որի կազմում կան բազմաթիվ սայլակ օգտագործող երգիչներ, հյուրախաղերով գտնվում էր Մեծ Բրիտանիայում, ելույթներից մեկը նախատեսվում էր Վինչեսթեր քաղաքի միջնադարյան տաճարում։ Բոլորիս մտահոգում էր մեկ հարց. ինչպե՞ս ենք մուտք գործելու այնտեղ։ Իրողությունն ապշեցուցիչ էր. ոչ միայն մուտքն էր հարմարեցված թեքահարթակի միջոցով, այլև երկրորդ հարկը, որտեղ գտնվում էին միայն ցուցանմուշները։ Ի դեպ, վերև տանող ոլորապտույտ աստիճաններն առաջին հայացքից անհաղթահարելի խոչընդոտ թվացին մեզ։ Սակայն, աստիճաններին զուգահեռ տեղադրված էր շարժական հարթակ, որը մեզ արագ և ապահով հասցրեց ցանկալի վայր։ Տաճարում առկա էր հարմարեցված սանհանգույց։ Նշեմ մի կարևոր հանգամանք ևս։ Ժամանակակից տեխնիկական միջոցները Միջնադարում կառուցված այս շինության տեսքն ամենևին չեն փչացրել. դիզայներական փայլուն լուծումների շնորհիվ հաջողվեց պահպանել տաճարի ինքնատիպ ոճը և ոգին։

Մեզանում, երբ քննարկվում էր «Արամ Խաչատրյան» համերգասրահը մատչելի դարձնելու հարցը, որոշում կայացողներն ընդդիմացան նույնիսկ մուտքի մոտ թեքահարթակի կառուցելուն։ Իբր, այն կխաթարի թամանյանական ոճը։

Կա ևս մեկ խնդիր։ Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ դիտարկվում են միայն պասիվ՝ հանդիսատեսի, այցելուի դերում։ Անտեսվում է նրանց ստեղծագործական ներուժը, ինչպես նաև այն փաստը, որ աշխարհում և մեզ մոտ կան հաշմանդամություն ունեցող բազմաթիվ արվեստագետներ, կոմպոզիտորներ, երաժիշտ-կատարողներ… Դրա հետևանքով նույնիսկ նորակառույց մշակութային օջախում, եթե նույնիսկ ապահովված է շենքի և դահլիճի մատչելիությունը, բեմը, որպես կանոն, անմատչելի է։

Խիստ հազվադեպ են հանդիպում կույր մարդկանց և այլ տեսակների հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարեցումները։

Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է մշակել գործողությունների պլան՝ հստակ սահմանելով վերջնաժամկետները, ֆինանսավորման աղբյուրները և իրականացման համար պատասխանատու կառույցները։ Այլապես, տասնամյակներ անց կրկին ամեն ինչում մեղադրելու ենք խորհրդային ժառանգությունը։ Նախատեսվող ծախսերը պետք է դիտարկել որպես հեռանկարային ներդրում, քանի որ կատարված փոփոխությունների շնորհիվ զգալիորեն աճելու է մշակութային օջախների այցելուների քանակը։ Չմոռանանք նաև զբոսաշրջիկներին, որոնց մեջ կան բավականին շատ տարեց և դժվարաշարժ մարդիկ։

Եվ վերջում` հետգրության փոխարեն։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող այցելուների համար։ Նույնը չի կարելի ասել անմար կրակին տանող աստիճանների մասին։ Համավարակի պատճառով այս տարի վիրտուալ կերպով ազգովի «այցելեցինք» Ծիծեռնակաբերդ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչելու համար։ Այս առումով, բոլորս հավասար էինք, այդ թվում` հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդիկ։ Մնացած բոլոր տարիներին տեղաշարժման խնդիրներ ունեցող (հատկապես` սայլակ օգտագործող) մեր հայրենակիցները ստիպված էին հաղթահարել լուրջ խոչընդոտ հանդիսացող աստիճանները։ Այդ պատճառով բազմաթիվ այցելուներ զրկվում են անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելու հնարավորությունից։ Հուսանք, որ մինչև 2021 թվականի ապրիլի 24-ն իրավիճակը կկարգավորվի, և բոլորս հնարավորություն կունենանք անձնապես այցելել հուշահամալիրը։ Իսկ սայլակ օգտագործող մարդկանց կսպասի հաճելի անակնկալ` դեպի անմար կրակ տանող աստիճանավանդակներից մեկում, սյունի ներքին մասին ամրացված հատուկ շարժական հարթակ, որը մի կոճակի հպումով կհասցնի հաշմանդամություն ունեցող այցելուին կրակի մոտ։ Հուսա՞նք…

Արմեն Ալավերդյան, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն

Մեկնաբանել