Երեւանում Գանդիի Արձանը՝ Ողջունելի Փաստ

Նարեկ Սէֆէրեան

Պատրիկ Ազատյանը Երեւանում տեղադրուելիք Մահաթմա Գանդիի արձանի գաղափարին դէմ իր յօդուածում բովանդակալից փաստարկներ է առաջ բերում: Գանդիի քաղաքական ժառանգութիւնն իսկապէս վիճայարոյց է: Ինչպէս Ազատյանն է նշում, Գանդիի առաջնորդած Հնդկական Ազգային Համագումարը 1920-ականների սկզբին Խալիֆայութեան Շարժմանն էր աջակցում՝ որպէս երկրի հսկայ մահմեդական բնակչութեան հետ համագործակցելու հարթակ: Այն օսմանեան փլուզուող կայսրութեան սուլթանի հանդէպ գաղութատիրական ուժերի կողմից տեղադրուած սահմանափակումներին ընդդէմ շարժում էր. սուլթանը խալիֆն էր՝ այսինքն, սուննի մահմեդականութեան առաջնորդը: (Երբ Մուսթաֆա Քէմալը անցաւ իշխանութեան եւ աշխարհիկ հանրապետութիւն հիմնեց Թուրքիայում, նա խալիֆայութեանը ամբողջովին վերջ դրեց, այնպէս որ այդ շարժումը մարուեց:) Հայ ազգայնականների համար Գանդիի կապը Խալիֆայութեան Շարժման հետ բացասական կէտ կարող է հանդիսանալ:

Նրա երկար ու աշխոյժ քաղաքական կեանքի այլ որոշումներ կամ ելոյթներ կարող են եւս հակակրանքի պատճառ հանդիսանալ: Սակայն ո՞ր քաղաքական գործիչը սխալական չի եղել կամ չի համագործակցել դէպի այս կամ այն կողմ յարող ուժի հետ: Սա Մահաթմա Գանդիի դէմ շատ ուժեղ փաստարկ չէ: Նրա հանրային գործունէութեան առարկայականօրէն դրական կողմերն անչափ աւելի ազդեցիկ են եղել քան վիճայարոյց երեւոյթները: Ի զուր չէ որ արդէն կէս դար ու աւելի է, որ Գանդին ոչ-բռնի քաղաքական փոփոխութիւնների ներշնչման խոշոր աղբիւր է՝ լինի դա 1950-ականներից սկսեալ Ասիայում կամ Աֆրիկայում հակագաղութատիրական շարժումների ընթացքին, կամ 1960-ականների՝ Միացեալ Նահանգների քաղաքացիական իրաւունքների շարժումներին, կամ նոյնիսկ 2018-ի Հայաստանում. քայլարշաւների՝ յանուն քաղաքական փոփոխութիւնների քայլ առնելու հիմնադիրներից մէկն էր Գանդին:

Աւելին, ի տարբերութիւն Ազատյանի պնդմանը՝ նուէրների փոխանակումը, մշակութային ծրագրերը, կամ արձանների տեղադրումը դիւանագիտական աշխատանքի էական մասնիկներից են: Գանդիին արձանները աշխարհով մէկ գոյութիւն ունեն: Ինչո՞ւ ոչ նաեւ Հայաստանում: Երկրում արդէն իսկ կան իր պատուին նամականիշներ: Արձանը կը ծառայի ե՛ւ արժանի պատմական անձնաւորութեան անկեղծ մեծարմանը, ե՛ւ Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ աւելի սերտ յարաբերութիւնների արտայայտմանը:

Ազատյանը բոլորովին իրաւունք ունի մատնանշելու, որ Հնդկաստանի խորհրդարանը երբեք չի անդրադարձել Հայոց Ցեղասպանութեանը: Դրա պատճառը վստահաբար Երեւանում Գանդիի արձանի բացակայութիւնը չէ: Բայց արձանի առկայութիւնը չի խոչընդոտի այս ուղղութեամբ: Արժէ նշել, որ 2017-ին, Թուրքիայի նախագահ Էրդօղանի՝ Հնդկաստան կատարած պաշտօնական այցից ճիշտ առաջ, Կիպրոսի նախագահն էր հրաւիրուել Հնդկաստան, իսկ Հնդկաստանի փոխնախագահը այցելեց Հայաստան՝ ծաղկեպսակ տեղադրելով Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում: Այլ հաշուարկների կողքին, Դէլիի տեսանկիւնից Կաշմիրի հիմնախնդրի հանդէպ թուրքական կառավարութեան կեցուածքը նպաստաւոր չէ: Նմանապէս՝ այլ հաշուարկների կողքին, Երեւանը պէտք չէ որեւէ առիթ բաց թողնի Հնդկաստանի տեսադաշտում լինելու երբ այդ երկիրն իր տարածաշրջանային քաղաքական օրակարգն է մշակում: Աշխոյժ դեսպանատուն եւ համընդհանուր շահեր ունենալը կենսական են. ճիշտ է Ազատյանը: Բայց արձանի գոյութիւնը անպայման խօսակցութեան մաս կարող է կազմել:

Մեկնաբանել