Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը քաղաքական է․ վարչապետի խոսնակ

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը քաղաքական է և կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում. ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Հաշվի առնելով Քյարամյանի աշխատանքային գործունեությունը՝ առավել նպատակահարմար է համարվել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»,- նշեց Մանե Գևորգյանը։

Հարցին, թե ինչով էր պայմանավորված Քյարամյանի կարճատև նշանակումը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, խոսնակը պատասխանեց․ «Ամեն ինչ օրենսդրական կարգավորումների շրջանակում է»։

***

Մայիսի 4-ին Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատված և Քննչական կոմիտեի պետի տեղակալի պաշտոնում նշանակված Արգիշտի Քյարամյանն այսօր՝ մայիսի 5-ին, վարչապետի որոշմամբ ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից ու այսօր նշանակվել (նախագահի որոշմամբ) ԱԱԾ պետի տեղակալ:

Համաձայն օրենքի՝ ԱԱԾ ղեկավարի տեղակալ «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:

Արգիշտի Քյարամյան․ ինչու Փաշինյանը նախընտրեց «դեֆորմացիոն գործընթացը»

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել