Մայիսի 8-ին նախկին վարչապետները հանդես կգան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորությամբ

Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր)` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի կունենա Մարտի 1-ի գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն։ Ինչպես ՍիվիլՆեթին հայտնեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, անձնական երաշխավորությամբ հանդես կգան ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

***

Ապրիլի վերջին երկրորդ նախագահի փաստաբանական թիմը հայտնեց, որ նա տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։

Մայիսի 7-ին Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, գրառում արեց Ֆեյսբուքում՝ հերքելով լուրերը, թե հայրը վիրահատվելու է և հաստատելով, որ նա անպայման ներկա է լինելու նիստին։

Ավելի վաղ պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Նոր միջնորդության համար հիմք էր հանդիսացել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության կոչով հանդես էր եկել նաև Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։

Մեկ տարի առաջ՝ 2019թ․ մայիսին, դատարանում Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությամբ հանդես էին եկել Արցախի նախկին և գործող նախագահ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Երաշխավորության արդյունքում Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից և կրկին կալանավորվել նույն թվականի հունիսի 25-ին։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել