ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և հարակից 14 օրենքներ։ Օրենքներն Ազգային ժողովի կողմից նախագահի ստորագրմանն էին ներկայացվել ապրիլի 21-ին:
Ազգային Ժողովն «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունել էր ապրիլի 16-ին՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
«Հանրապետության նախագահի աշխատակազմը արտահայտված մտահոգություններն ու նկատառումները հանգամանալից և հետևողականորեն քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի ու արդարադատության նախարարի հետ և ստացել պարզաբանումներ: Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է հանցավորության դեմ պայքարը:
Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ օրենքը պետք է կիրառվի ընդունման իրավաչափ նպատակին խիստ համապատասխան՝ որպես բացառիկ միջոց առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարելու համար: Օրենքի անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը և վտանգի տակ դնել դրա արդյունավետությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարությունում:
…
Օրենքը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերւթյունները՝ ուսումնասիրություն սկսելու հիմքեր, դա իրականացնելու իրավասու մարմինների շրջանակ և այլն:
Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայտի ներկայացման պահին գերազանցում է 50 մլն դրամը։
Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից՝ անկախ դրանք կատարելու եկամտի օրինականությունից։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը։ Սակայն օրենքի գործողությունը տարածվում է մինչև 1991 թվական։
#CivilNet #News