Ղարաբաղյան կարգավորման քննարկումներում շատ է խոսվում կարգավորման բովանդակության և մեթոդաբանության մասին ու երբեմն, անգամ պաշտոնյաներն ու դիվանագետները, չեն տարբերում բովանդակությունը մեթոդաբանությունից: Փուլայինի և փաթեթայինի շուրջ վերջին քննարկումները, բանավեճերն ու մեղադրանքները հենց այդ անհասկացողության ու շփոթի դրսևորումներ են:
Փուլային եզրը հայ քաղաքական լեքսիկոնի մաս է դարձել 1997-ին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները այդ թվականի դեկտեմբերի 2-ին գրավոր ներկայացրին կարգավորման համապարփակ փաստաթուղթ-նախագիծ, որը կրում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման համաձայնագիր անունը: Բայց ինչո՞ւ է այս համաձայնագիրը հիշատակվում փուլային անունով․ որովհետև այն վերաբերում էր հակամարտության հետևանքների վերացմանը՝ տարածքներ, փախստականներ, անվտանգություն և հաղորդակցություն, իսկ հակամարտության գլխավոր խնդրին՝ Արցախի կարգավիճակին, որից սկսվել է պատերազմը, չի անդրադառնում: Այսպիսով, 1997-ի դեկտեմբերի 2-ի փաթեթով Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց և թողնվում է ապագային: Լաչինի ամբողջ շրջանի կարգավիճակը ևս թողնվում էր ապագային, ասել է թե՝ Արցախի մաս: Այսինքն, հակամարտության կարգավորման մեթոդաբանությունը փուլային էր. առաջին փուլում վերացնում ենք հետևանքները, երկրորդ փուլում՝ վճռում կարգավիճակի հարցը:
Ինքնին փուլային մեթոդաբանությունը չի կարելի համարել դատավճիռ, քանի որ փուլայինը կարող է լինել նաև շրջված տեսքով, այն է՝ առաջին փուլում որոշում ենք Արցախի կարգավիճակը, երկրորդ փուլում՝ անդրադառնում հակամարտության հետևանքներին: Եթե Ադրբեջանը համաձայնում է առաջին փուլում ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքը և ընդունել հանրաքվեի որևէ արդյունք, ապա այդ դեպքում փուլայինը ընդունելի մեթոդաբանություն է:
1997-ի մայիս-հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած երկու տարբերակները պատմագրության մեջ են մտել փաթեթային անունով, քանի որ ներկայացված փաթեթում միաժամանակ կարգավորվում էին և՛ կարգավիճակի, և՛ հակամարտության հետևանքների խնդիրները: Ավելի հստակ՝ Արցախը Ադրբեջանի կազմում ստանում էր ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ: Հայկական կողմից մերժված այս տարբերակը ուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր (նախագիծ) անունը:
1998-ի նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված տարբերակը, որի ճարտարապետը Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն էր, փաթեթային և փուլային մեթոդաբանության համատեղման փորձ էր և պատմագրության մեջ է մտել «ընդհանուր պետություն» անունով, կրում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիր անունը: Այս տարբերակը, որ մերժեց Ադրբեջանը, մեթոդաբանության առումով, փաթեթային էր և կազմված էր երկու հիմնական մասից՝ կարգավիճակ և հետևանքների վերացում: Արցախն ու Ադրբեջանը վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում կազմում էին ընդհուր պետություն: Դա, ակնհայտ տարբերություններով, մոտ էր բոսնիական մոդելին: Արցախն իր կարգավիճակով անկախ չէր հռչակվում և ոչ էլ Հայաստանի մաս: Այն օրերին շատ էին կիրառում հետևյալ բանաձևը՝ ինքնավարությունից բարձր, անկախությունից ցածր, կամ՝ դե-ֆակտո անկախ, դե-յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում:
Փաթեթային մեթոդաբանություն էր նաև Քի Վեսթի տարբերակը, որովհետև միանգամից լուծվում էին և՛ կարգավիճակի, և՛ հետևանքների հարցերը: Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին, Ադրբեջանը հետ էր ստանում բոլոր 6,5 շրջանները և Հայաստանի տարածքով՝ ինքնիշխան միջանցքով, կապվում Նախիջևանի հետ:
Մադրիդյան առաջարկները և նրանից ածանցյալ Կազանի փաստաթուղթն ու Լավրովի պլանը կարելի է համարել և՛ փուլային, և՛ փաթեթային մեթոդաբանություն: Այս փաստաթղթի ամբողջ հմայքն ու վտանգն այն է, որ կողմերին մեկնաբանությունների տեղ է թողնում: Եվ ամենակարևորը՝ երես փրկելու փաստաթուղթ է հակամարտության բոլոր կողմերի համար, եթե նրանք անկեղծորեն լուծում են ուզում գտնել և գնալ ցավալի փոխզիջումների:
Փորձեմ մեկնաբանել. Մադրիդյան փաստաթուղթը փաթեթային է, եթե Արցախում հանրաքվեն տեղի է ունենում հակամարտության հետևանքների վերացման հետ միաժամանակ: Բայց եթե հանրաքվեն տեղի է ունենում հետևանքների վերացումից իքս ժամանակ անց, թեկուզ ամրագրված ժամանակ, ապա Մադրիդյանը ևս փուլային մեթոդաբանություն է:
Կազանյան փաստաթուղթը մասամբ, ինչպես Մադրիդյանը, իսկ Լավրովի պլանը միանշանակ փուլային մեթոդաբանություն ունեն, քանի որ Արցախի կարգավիճակին անդրադարձ է կատարվում հինգ շրջանները վերադարձնելուց հետ, իսկ հանրաքվեի օրը կապվում է միջանկյալ կարգավիճակի հետ: Ինչպես հայտնի է, Կազանյան տարբերակին Հայաստանի իշխանությունները կողմ են եղել:
Այսպիսով, ոչ թե պետք է միայն ուշադրություն դարձնել հակամարտության մեթոդաբանությանը, թեև դա էլ չափազանց կարևոր է, այլ առաջին հերթին՝ փուլերի հերթականությանն ու փաստաթղթի բովանդակությանը:
Թաթուլ Հակոբյան
Լուսանկարում՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը Սադարակում, 2002թ․ օգոստոստի 15: