Կորոնավիրուսի ճգնաժամի սոցիալ-տնտեսական դժվարությունների շրջանը լավագույն ժամանակը չէ խոսելու ռուսական գազի գնի բարձրացման մասին: Այդ մասին մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած հեռավար ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը կքննարկվի:
«Իսկ մեր քաղաքական խորհրդակցություններն այդ հարցի շուրջ շարունակվում են: Այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկաներում փլուզման ու նավթի գների անկման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի թանկացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ: Մանավանդ, հաշվի առնելով կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած սոցիալական խնդիրները»,- ընդգծեց վարչապետը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակին (որոշ ընկերությունների հետ կապված կան հարուցված քրեական գործեր), որը պաշտոնական Մոսկվան խնդրահարույց է համարում, ապա վարչապետը նշեց, որ թեման ամենայն մանրամասնությամբ քննարկել է ռուսաստանցի իր գործընկերոջ հետ:
«Թեման քննարկել եմ Ռուսաստանի նախագահի հետ և մենք ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ: Մնում է, որ մենք ի կատար ածենք դրանք, որը հաշվի կառնի մեր երկրների հարաբերությունների շահերը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, որում առկա խնդիրները մշտապես քննարկվում և լուծումներ են ստանում: «Բոլոր դեպքերում էլ պետք է լինեն բարեկամական ու դաշնակցային կոմպրոմիսներ ու փոխըմռնում», – եզրափակեց նա:
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ կապված ԵԱՏՄ շրջանակում առաջիկա հինգ տարում Հայաստանի առաջնահերթությունների մասին, Փաշինյանն ասաց, որ միակ խնդիրը գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցն է, որը դեռ համաձայնեցված չէ։ Մայիսի 19-ին լինելու է ԵԱՏՄ ղեկավարների հեռակա նիստը։ Վարչապետը հույս հայտնեց, որ այդ հարցը կհամաձայնեցվի։
…
Մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Մինչ Հայաստանը «Գազպրոմին» առաջարկում է Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնել, ռուսական գազային հսկայի հայաստանյան դուստրը՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:
«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար սակագնին: Փոխարենն ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:
2019-ի սկզբին սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ:
Հայաստանն ու Ռուսաստանը սկսեցին բանակցություններ գազի գնի շուրջ: Բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց եկել է կորոնավիրուսը՝ համաշխարհային տնտեսության հետ փլուզելով նաև նավթի ու գազի գները:
Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:
Ապրիլի 6-ի երեկոյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազի թեմայի մասին ասաց․
«Այս հարցը Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ենք: Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավճակը, նաև հումանիտար և տնտեսական առումով, ակնկալում եմ, որ մենք կկարողանանք թեման քննարկել Ռուսաստանի նախագահի հետ և գալ ընդհանուր հայտարարի, և ՌԴ նախագահը նաև կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնենք»։
Նա նշեց, որ ճգնաժամի պայմաններում Հայաստանի հանրությունն ու կառավարությունը չեն ընկալում «Գազպրոմ Արմենիայի»՝ սակագինը բարձրացնելու քայլը: