Ինչպես են գործելու մանկապարտեզները. պարզաբանում է քաղաքապետի տեղակալը

Երևանում մանկապարտեզները կաշխատեն մայիսի 20-ից։ Խմբերում կլինեն 8-10 հոգի։ Մանկապարտեզները կհրաժարվեն այն խաղատեսակներից և խաղալիքներից, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ, այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում․ այս մասին մայիսի 18-ին հրավիրված ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Մենք առաջնահերթություն ենք տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում գործնականում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքների հետ։ Մանկապարտեզ գալու առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողները աշխատում են, աշխատում է միայն մայրը, սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները»,- նշեց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ Երևանի 161 մանկապարտեզներ 31 հազար ծնողի հարցում է արել, նրանցից 11 հազար այս կարգավիճակում է և ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ։

Ծնողների մուտքը մանկապարտեզ կարգելվի։ Երեխաներին կդիմավորեն մանկապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում կարվի։ Ջերմաչափումներ կարվեն նաև օրվա ընթացքում, մանկապարտեզի սահմանված ժամի ավարտից հետո։

«Հորդորում եմ ծնողներին ցուցաբերել համբերություն, որպեսզի կարողանան այդ ժամանակահատվածում մեկ մուտքով մոտ 80-100 երեխա մուտք գործել մանկապարտեզ, և իրենք համբերատար պահեն անվտանգության բոլոր կանոնները»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։

Ռիսկային գոտում գտնվող աշխատակիցները չեն գնա աշխատանքի։ Նրանք կշարունակվեն վճարվել։ Այդ աշխատակիցներին կփոխարինեն այլ գործընկերներ։

Մայիսի 18-ին և 19-ին Երևան քաղաքի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման միջոցառումները, որոնք կշարունակվեն ամեն օր։

«Սննդի մատակարարների հետ աշխատանքային նոր ձևաչափ ենք մշակել, որոշակի սննդատեսակներում արել ենք փաթեթավորման փոփոխություններ՝ սնունդն ավելի անվտանգ դարձնելու համար»,- նշեց քաղաքապետի տեղակալը։

Վիրաբյանի խոսքով՝ քաղաքապետարանն արդեն իսկ պատվիրել է մեկ ամսվա համար 160 հազարից ավելի դիմակ և մի քանի հազար լիտր ալկոգել։

«Բոլոր աշխատակիցները պարտավոր կլինեն պահպանել անվտանգության խստագույն կանոնները։ Ես չեմ խորշում ասել, որ սա մեզ համար փորձություն է, մենք պիտի կարողանանք լավագույնս հաղթահարել այն, և այն աշխատակցիները, որոնք չեն ենթարկվի այս կանոններին, որոնք կվտանգեն երեխաների և նրանց ընտանիքների կյանքերը, այդ աշխատակիցներից մենք արագ կազատվենք»,- հայտնեց Վիրաբյանը։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել