Նուբար Աֆեյանը նախագահ Սարգսյանին պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձակումների մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ:

Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը Նուբար Աֆեյանն է, ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում արդեն իսկ ստացվել են նախնական տվյալները:

«Այդ մասին Նուբար Աֆեյանը տեղեկացրել է նախագահ Սարգսյանին, նշելով, որ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ է անցել։ Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Նուբար Աֆեյանին իր ձեռնարկներում՝ ակնկալելով, որ փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների:

Հանրապետության նախագահն ու ամերիկահայ գործարարը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում համավարակի հետ կապված իրավիճակի և դրա հետևանքների հաղթահարման հնարավորությունների ու ուղիների շուրջ: Նախագահն ընդգծել է համատեղ ուժերով իրավիճակը հաղթահարելու կարևորությունը՝ նշելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր դուրս գալ այս նոր փորձությունից»,- ասված է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Տե՛ս նաև՝

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները դրական են

Նուբար Աֆեյանի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ․ պատմում է փորձարկման կամավորը

Մենք գրիպը դիտարկում ենք որպես կյանքի մաս, իսկ COVID-19-ը՝ ահաբեկչական գործողության նման մի բան․ Նուբար Աֆեյան

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել