Ըլըսուի ջրամբար․ Թուրքիայի ջրային նոր մահակը՝ ընդդեմ քրդերի և Իրաքի

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Ըլըսուի ջրամբարը՝ որպես «վահան» և «սուր» Թուրքիայի ձեռքում

Մայիսի 19-ին Թուրքիայում սկսեց էլեկտրաէներգիա արտադրել Տիգրիս գետի վրա կառուցված խոշորագույն՝ Ըլըսուի հիդրոհանգույցը։ Ըլըսուի հէկի վեց տուրբիններից առաջինի գործարկման արարողությանը մասնակցեցին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին։ Իսկ ահա երկրի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը տեսակապով մասնակցեց այդ արարողությանը։ Գործարկման ժամկետը պատահաբար չէր ընտրվել․ մայիսի 19-ին Թուրքիայում նշում են Աթաթուրքի հիշատակման, երիտասարդության ու սպորտի տոնը (1919թ․ մայիսի 19-ին Մուսթաֆա Քեմալը ժամանել է Սամսուն, ինչը համարվում է քեմալական շարժման մեկնարկ)։ Ավելին՝ առաջին տուրբինի փորձարկումն իրականացվել էր ապրիլի 23-ին՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) հիմնադրման 100-ամյակին։

Ըլըսուի ջրամբարը 20-րդ դարում Թուրքիայի ձեռնարկած Հարավարևելյան-անատոլիական (GAP) ծրագրի բաղկացուցիչ մասն է, որի շրջանակներում նախատեսվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ավազաններում կառուցել 22 ջրամբար և 19 հէկ, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ տարեկան ոռոգել 1,82 մլն հա հող և արտադրել 27 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (հէկերի հզորությունը կազմելու էր 7485 մվտ): Նախագիծը գնահատվել էր 32 մլրդ դոլար, ինչն աննախադեպ էր Թուրքիայի պատմության մեջ։ Ըլըսուի հէկի հզորությունը 1 200 մվտ է (ամեն տուրբինը՝ 200 մվտ), իսկ տարեկան արտադրությունը՝ 4 120 գվտ/ժամ (էներգետիկ պլանում այն զիջում է միայն Եփրատ գետի վրա կառուցված Աթաթուրքի, Քարաքայայի ու Քեբանի հէկերին): Ըլըսուի ջրամբարն ամբարում է 10,6 մլրդ մ3 ջուր, որով նա գերազանցում է Քարաքայայի ջրամբարին՝ զբաղեցնելով երրորդ տեղը ողջ Թուրքիայում (ամբարտակի բարձրությունը 135 մ է)։ Հիդրոհանգույցի կառուցումն արժեցել է 8,5 մլրդ թուրքական լիրա։ Ըլըսուի հիդրոհանգույցն այդպիսով օգտագործվելու է թե՛ էներգետիկ, թե՛ ոռոգման նպատակներով։ Նախատեսված է, որ այն Թուրքիայի տնտեսությանը տարեկան կբերելու ավելի քան 412 մլն դոլար։

Ջրամբարի քաղաքական գործառույթները

Ըլըսուի ջրամբարի կառուցումը մեկնարկել է 2006թ․, սակայն այն քանիցս ընդհատվել է բնապահպանների բողոքների, քրդերի կազմակերպած բողոքի զանգվածային ակցիաների և հատկապես Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեության պատճառով։ 2010-ականներին PKK-ի զինյալները քանիցս հարձակվել են Ըլըսուի ջրամբարի վրա․ առևանգել են նրա շինարարներին, հրկիզել շինտեխնիկան, նռնականետերով հարվածել շինհրապարակին, ականապատել շրջակա ճանապարհները և այլն։ Ինչո՞ւ։ Որովհետև Ըլըսուի հիդրոհանգույցը վերոնշյալ գործառույթներից բացի ունենալու է մեկ այլ կարևոր գործառույթ՝ անվտանգային։ Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանում որոշել են ջրային բաղադրիչ հավելել PKK-ի դեմ զինված պայքարում և այդ համատեքստում առաջ են քաշել նոր տերմին՝ «անվտանգության ջրամբարներ»։ Ըլըսուի ջրամբարն այդպիսով մի շարք ոլորտներում լրջորեն խոչընդոտելու է PKK-ի գործունեությանը։

Լոգիստիկ կապ – Դեռ 2012թ․ թուրք փորձագետներ Սոներ Չաղափթայը և Ալթայ Օթունը գրել են. «PKK-ն մեծապես օգտվում է սահմանային գոտու լեռնային տեղանքից, որպեսզի Իրաքում գտնվող ճամբարներից իր զինյալներին տեղափոխի Թուրքիա: Այդ կանիոնները ձգվում են տասնյակ մղոններ և ունեն հարյուրավոր ֆուտ խորություն: Ռազմական տեսանկյունից գործնականում անհնար է այդ կանիոններն անհրաժեշտ ձևով վերահսկելը, և դրանք վերածվել են Իրաքի ու Թուրքիայի միջև յուրատեսակ ցամաքային կամրջի, ինչից էլ տասնամյակներ շարունակ օգտվում են PKK-ի զինյալները: Չափազանցություն չի լինի, եթե այդ կանիոններն անվանվեն «PKK հայվեյներ» (արագընթաց մայրուղի): PKK անդամն Իրաքի տարածքում կարող է մտնել այդ կանիոններից մեկը և բառացիորեն հարյուրավոր մղոն քայլելով՝ աննկատ մուտք գործել Թուրքիայի խորքեր: Այժմ Ըլըսուի ջրամբարը պետք է ջրի տակ թողնի այդ կանիոնները։ Ըլըսուի ջրամբարը կարող է պատմության մեջ մտնել որպես ահաբեկչության դեմ առաջին «հիդրո-հաղթանակ»»։

Այդպիսով, Ըլըսուի ջրամբարը ջրի տակ է թողնելու PKK-ի հաղորդակցության ուղիները։ Այն թերևս դառնալու է PKK-ից Թուրքիայի «ջրային պաշտպանության» երկրորդ «ճակատը»։ Առաջին «ճակատը» կազմելու են Իրաքին սահմանակից նահանգների 11 «անվտանգության ջրամբարները», որոնցից 7-ը բաժին են ընկնում Շըրնաք նահանգին, իսկ 4-ը՝ Հաքքարիին։ Առաջին «ճակատը» պետք է կանխարգելի Հյուսիսային Իրաքից քուրդ զինյալների մուտքը Թուրքիա (Շըրնաք ու Հաքքարի)։ Իսկ ահա երկրորդ «ճակատը»՝ 309 կմ2 տարածքով Ըլըսուի ջրամբարը, որը գտնվում է «Վան-Մարդին-Դիարբեքիր» եռանկյան միջև ընկած Բաթմանի ու Սիիրթի (Սղերթ) նահանգներում, պետք է զգալիորեն կանխի Հյուսիսային Իրաքից Շըրնաք և Հաքքարի արդեն ներթափանցած քուրդ զինյալների հետագա առաջխաղացումը դեպի մյուս նահանգներ։

Հայտնի է, որ Թուրքիայի հարավ-արևելքում հատկապես Վանի, Մարդինի ու Դիարբեքիրի նահանգներն են գտնվում թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում: 2014թ․, ինչպես նաև 2019թ․ ՏԻՄ ընտրություններից առաջ Էրդողանն իր կուսակցության առջև նպատակ էր դրել ամեն գնով հաղթել Դիարբեքիրում, Վանում ու Մարդինում, սակայն երկու դեպքում էլ դա նրան չհաջողվեց: Թուրքական իշխանությունների համար թերևս այնքան էլ խնդրահարույց չէ քուրդ զինյալների մուտքը Հյուսիսային Իրաքից Հաքքարի ու Շըրնաք, որոնք սոցիալ-տնտեսական առումով զարգացած շրջաններ չեն։ Նրանց համար թերևս ավելի խնդրահարույց է, որ քուրդ զինյալները Հաքքարիից ու Շըրնաքից ներթափանցեն Վանի, Դիարբեքիրի ու Մարդինի նահանգներ։

Գաղտնի բունկերներ – Ըլըսուի ջրամբարը ջրի տակ է թողնում նաև PKK-ի լեռնային քարանձավները, թաքստոցները, որոնցում նրա զինյալներն էին թաքնվում կամ թաքցնում իրենց զենք-զինամթերքը։ Եվ պատահական չէ, որ 2020թ․ ջրի տակ հայտնվեց նաև հայկական հինավուրց (12 000-ամյա) Հասանքեյֆ բնակավայրը, որն ունի ավելի քան 5000 քարանձավ։ Այժմ քարանձավների մի մասը հայտնվել է ջրի տակ, իսկ մյուս մասին հասնել հնարավոր է միայն նավակներով։ Բացի այդ, թուրքական կողմը «ընկնող վտանգավոր քարերից» ձերբազատվելու պատրվակով Հասանքեյֆում դինամիտով պայթեցնում է բազում քարանձավներ, շինտեխնիկայի օգնությամբ ավերում է դրանք։ Ակնհայտ է, որ այդ ամենն արվում է նրա համար, որ PKK-ը չկարողանա իրեն ծառայեցնել այդ քարանձավները։ Եվ չպետք է զարմանալ, որ թուրքական կողմին չկանգնեցրին Հասանքեյֆը պահպանելուն ուղղված բնապահպանների և քրդերի բազմամյա բողոքները։ Ի դեպ, Հասանքեյֆն ուներ նաև զբոսաշրջային մեծ նշանակություն, սակայն թուրքական իշխանությունները գտան դրա որոշակի փոխհատուցման տարբերակ՝ ընդգծելով, որ ջրամբարում գործարկվելու են զբոսանավեր, ջրամբարի շուրջ ստեղծվելու են հանգստի գոտիներ, զարգանալու է ձկնաբուծությունը և այլն։

Բնակավայրեր – Ըլըսուի ջրամբարի պատճառով դատարկվել է մոտ 200 բնակավայր և տարհանվել է 60 – 70 000 մարդ։ Այն, որ խոշոր ջրամբարների կառուցման պատճառով Թուրքիայի հարավ-արևելքում դատարկվել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր բնակավայրեր, նորություն չէ, և Ըլըսուի ջրամբարն էլ այդ առումով բացառություն չէ։ Ժողովրդագրական (նաև մշակութային) որոշակի խնդիրներ լուծելուց բացի, այդ գործընթացն ունի նաև անվտանգային ենթատեքստ։ Նկատի է առնվում այն, որ տարածաշրջանի գյուղերը ջրի տակ թողնելով՝ PKK-ին զրկում են դրանցում թաքնվելու, ապաստան և աջակիցներ գտնելու հնարավորությունից։ Այնպես որ, այս գործընթացը նույնպես բացասական երանգ է պարունակում PKK-ի գործունեության համար։

Ռազմական պահակակետեր – Տարածաշրջանում Ըլըսուի ջրամբարի պես ռազմավարական նշանակությամբ օբյեկտի հայտնվելը նշանակում է թուրքական ռազմական ներկայության մեծացում։ Նորակառույց ջրամբարի շուրջ ստեղծվում են ռազմական նոր պահակակետեր, անցակետեր, որոնք նույնպես լուրջ խոչընդոտ կծառայեն PKK-ի գործունեության համար։ Ռազմական ներկայության մեծացմամբ թուրքական իշխանություններն այդպիսով նաև մեծացնում են գալիք ընտրություններում իրենց աջակիցների թիվը քրդաբնակ տարածաշրջանում (զինվորականներն ու նրանց ընտանիքները սովորաբար իրենց քվեն տալիս են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու նրա հետ դաշինքի մեջ մտած «Ազգայնական շարժում» կուսակցությանը)։

Ըլըսուի ջրամբարի հարցում PKK-ը շահեց ճակատամարտը, սակայն տանուլ տվեց պատերազմը, քանի որ կարողացավ միայն որոշակի ժամկետով հետաձգել ջրամբարի կառուցումը և այդպիսով տնտեսական խոշոր վնաս պատճառել Թուրքիային։

Թուրքիայի «2,5 ջրային պատերազմը»

Ըլըսուի ջրամբարի կառուցումը զգալիորեն բարդացնելու է ոչ միայն PKK-ի, այլև՝ Իրաքի կյանքը։ Այն Թուրքիային հնարավորություն է տալիս Տիգրիսի հոսանքն ի վար կառուցել նաև Ջիզրեի ջրամբարը։ Հաշվի առնելով, որ տենդագին ընթանում է նաև Տիգրիսի ավազանում Սիլվանի ջրամբարի կառուցումը՝ ակնհայտ է, որ Թուրքիան շուտով 100 տոկոսով կվերահսկի նաև Տիգրիսի գետահոսքը (մինչ այս էլ 100 տոկոսով վերահսկում էր Եփրատի գետահոսքը): Դա իր հերթին չափազանց դժվարին դրության մեջ կդնի Իրաքին, որի ջրերի ճնշող մեծամասնությունը սկիզբ է առնում իր տարածքից դուրս (Թուրքիա, Սիրիա, Իրան)։ Եթե Իրաքը ժամանակին Տիգրիսի շնորհիվ կարողանում էր մանևրել Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի կողմից Եփրատի գետահոսքը նվազեցնելու հանդեպ (Տիգրիսն Իրաքում Եփրատից շատ ավելի ջրառատ է), ապա Ըլըսուի ջրամբարի կառուցմամբ նա հայտնվում է բավական խոցելի վիճակում։ Ըստ էության՝ Իրաքը դատապարտված կլինի լավ հարաբերություններ պահպանելու Թուրքիայի հետ։

Սա նշանակում է, որ թուրքական կողմը կարող է օգտագործել Ըլըսուի ջրամբարը թե՛ որպես «վահան»՝ ընդդեմ PKK-ի, թե՛ որպես «սուր»՝ ընդդեմ Իրաքի։ Այլ կերպ ասած՝ Ըլըսուի ջրամբարը վերածվում է Թուրքիայի «ջրային իմպերիալիզմի» կարևոր գործիքի, կարևոր լծակի և իր ուրույն տեղը կզբաղեցնի Թուրքիայի «2,5 ջրային պատերազմի» ռազմավարությունում, ինչը (Եփրատ-Տիգրիսի ավազանում) դրսում ուղղված է Իրաքի ու Սիրիայի, իսկ երկրի ներսում՝ PKK-ի դեմ։

«2,5 ջրային պատերազմի» ռազմավարության համատեքստում մեզ համար որոշակի հիմք է ծառայել 1990-ականներին թուրք դիվանագետ Շյուքրյու Էլեքդաղի առաջ քաշած «2,5 պատերազմի» ռազմավարությունը, ըստ որի՝ Թուրքիան պետք է ունակ լինի միաժամանակ մղել 2,5 պատերազմ․ (1) պատերազմ երկրի հյուսիս-արևմուտքում՝ ընդդեմ Հունաստանի, (1) պատերազմ երկրի հարավ-արևելքում՝ ընդդեմ Սիրիայի և դրան զուգահեռ 0,5 պատերազմ մղել երկի ներսում PKK-ի դեմ։ Ըլըսուի ջրամբարի կառուցմամբ՝ Թուրքիան էապես ավարտին կհասցնի «2,5 ջրային պատերազմի» ռազմավարությունը, որի վերջնական բաղադրիչները կհանդիսանան Սիլվանի ու Ջիզրեի ջրամբարների կառուցումը։

Մեկնաբանել