Սուրբ Սոֆիան՝ ոսկոր Էրդողանի «Նոր Թուրքիայի» կոկորդում

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

2020թ․ մայիսի 29-ին Թուրքիայում մեծ շուքով նշվեց օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրավման 567-ամյակը (29․05․1453)։ Դա բնավ անսպասելի չէր՝ հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նեոօսմանյան հայացքները, նրա կողմից օսմանյան (նաև սելջուկյան) ժամանակաշրջանի հաղթանակների շարունակական փառաբանումն ու ժամանակակից Թուրքիայի կարևոր իրադարձությունները դրանց հետ «համընկնեցումը» և այլն։ Անկասկած է, որ Էրդողանը հեռակա մրցակցության մեջ է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ, ընդհանուր առմամբ ցանկանում է հասնել և անգամ գերազանցել նրան, երկրի պատմության մեջ թողնել ավելի խոր հետք։ Էրդողանը շարունակ փառաբանում է օսմանյան ժամանակաշրջանի հաղթանակները՝ թերևս դրանք որոշակի պլանում քեմալական ժամանակաշրջանի հաղթանակներին հակադրելու համար։

Էրդողանի նեոօսմանյան հայացքներն առավել ակնառու դարձան 2010-ականներին, երբ նրան հաջողվեց դիրքերն էապես ամրապնդել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում (ի դեպ, դրանում քիչ դեր չուներ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության հաջողությունը)։ Անցում կատարելով նեոօսմանիզմի քաղաքականությանը՝ Էրդողանը սկսեց 2023թ․ բացի, կարևորել նաև 2053 և 2071 թվականները. «Մենք (մեր սերունդը) կհասնենք 2023թ․, մեր զավակները՝ 2053թ., իսկ մեր թոռները՝ 2071թ. հետ կապված նպատակներին»։

Այս երեք տարեթվերի ընտրությունը կապված է նրա հետ, որ 2023թ․ լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, 2053թ. լրանալու է օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակը, իսկ 2071թ.՝ Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակը։

Էրդողանն այդպիսով ապագա սերունդներին պատգամում, յուրօրինակ ծրագիր է տալիս՝ պատշաճ կերպ պատրաստվելու այդ իրադարձություններին։ [Ցավով պետք է նշել, որ անցյալի մեր փառահեղ հաղթանակների ու նշանակալից իրադարձությունների հանդեպ նմանատիպ վերաբերմունք չենք տեսել Հայաստանի իշխանությունների կողմից։ Օրինակ, 2010-ականներին (Էրդողանի նման) կարող էին շարունակ թմբկահարել, հիշեցնել, ընդգծել 2018թ․ կարևորությունը՝ կապված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթանակների (նաև Ղարաքիլիսայի հերոսամարտի) 100-ամյակի հետ]։

Ինչևէ, վերադառնալով Էրդողանին՝ ընդգծենք, որ նա պատահաբար չի ընտրել հենց այդ տարեթվերը, քանի որ այդ կերպ պատմական հստակ ջրբաժաններ է անցկացնում. սելջուկյան (2071թ.), օսմանյան (2053թ.) և հանրապետական (2023թ.)։ Թերևս, հենց պատմական այս ջրբաժանների հանգամանքով է պայմանավորված այն, որ Էրդողանի կողմից շարունակ հիշատակվող տարեթվերում տեղ չի գտել 2099թ.՝ օսմանյան բեյության (պետության) ստեղծման 800-ամյակը (1299թ.)։ Փոխարենն Էրդողանն օսմանյան ժամանակաշրջանի կարևոր տարեթվերից կամ հաղթանակներից նախընտրել է 1453-ը, երբ օսմանյան պետությունը Կոստանդնուպոլսի գրավումից հետո դարձավ կայսրություն։ Դժվար է պատկերացնել, որ Էրդողանը 2099թ. մասին չի հիշատակում այն պատճառով, որ դեռ բավական երկար ժամանակ կա մինչ այն (2071թ. նույնպես պատկառելի ժամանակ կա)։ Օրինակ, Էրդողանը կարող էր հայտարարել, որ իրենց ծոռներն էլ կհասնեն 2099թ. հետ կապված նպատակներին։

Այդպիսով մայիսի 29-ը վերջին շրջանում մեծ կարևորություն է ձեռք բերել Թուրքիայում, այդ օրը թուրքական իշխանությունները մշտապես փորձում են ամենատարբեր ձևերով, նորովի նշել Կոստանդնուպոլսի գրավումը՝ դրա հետ մեկտեղ հանդես գալով կոշտ հայտարարություններով։ Օրինակ, 2011թ․ մայիսի 29-ին (558-ամյակ) Ստամբուլում ցուցադրվեց Կոստանդնուպոլսի գրավման բեմադրությունը, և թուրքական ԶԼՄ-ներն այդ կապակցությամբ գրեցին, որ «Ստամբուլը գրավվեց ևս մեկ անգամ»։ Բացի այդ, Ղուրանի ընթերցանություն իրականացվեց Կոստանդնուպոլիսը գրաված օսմանյան սուլթան Մեհմեթ 2-րդ Ֆաթիհի (Նվաճող) գերեզմանին։

Կոստանդնուպոլսի գրավման 563-ամյակի (29․05․2016) տոնակատարություններին, որոնցում ներգրավված էր 1200 մարդ, մասնակցում էր «Մեհթեր» օսմանյան ռազմական նվագախումբը և թուրքական օդուժի «Թուրք արծիվներ» հատուկ խումբը։ Դրան զուգահեռ Ստամբուլի «Ենիքափը» հրապարակում ստեղծվել էր աշխարհի խոշորագույն 3D-բեմը, ուր վերարտադրվեցին Ստամբուլի նվաճման մանրամասները։ Իր ելույթում Էրդողանը հայտարարեց, որ «Թուրքիայի չարակամները ցանկանում են իրենցից վրեժխնդիր լինել Ստամբուլի գրավման համար, սակայն դա ոչ մեկին ի զորու չէ»։ Հավելենք, որ 2019թ․ էլ նա հայտարարել էր, որ «իրենք թույլ չեն տա, որ Ստամբուլը վերստին վերածեն Կոստանդնուպոլսի»։ Սա առաջին հերթին Հունաստանին և ընդհանրապես քրիստոնեական աշխարհին ուղղված ուղերձ էր։

2017թ․ մայիսի 29-ին Էրդողանը Կոստանդնուպոլսի գրավման 564-ամյակը նշեց նորովի․ Ստամբուլի երրորդ (ամենամեծ) օդանավակայանի թռիչքուղին փորձարկեց հենց 1453 բեռնատարով, ինչը ռեկորդային ցուցանիշ էր։ Ակնհայտ է, որ բեռնատարների այդ քանակը պայմանավորված էր օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրավման տարեթվով։

2020թ․ մայիսի 29-ի (567-ամյակ) ուղերձում Էրդողանը վերստին հիշեց իր բաղձալի տարեթվերը․ «Մեր երկրի առաջադրանքը այնպիսի երիտասարդների կրթումն է, որոնք լավատեղյակ են իրենց անցյալից ու ինքնավստահ են։ Մենք ցանկանում ենք 2053թ․՝ նվաճման 600-ամյակին, մեր սերունդներին թողնել մեր նախնիներին արժանի Թուրքիա։ Վստահ եմ, որ մինչև 2071թ․՝ Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակը, Թուրքիան կունենա ավելի մեծ ձեռքբերումներ»։ Էրդողանը նաև մեջբերեց Մուհամմեդ մարգարեի խոսքերը․ «Կոստանդնուպոլիսը, անկասկած, կնվաճվի և որքան հիսքանչ է այն առաջնորդը, որը կնվաճի այն, և որքան հիասքանչ է այն բանակը, որը կնվաճի այն»։ Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք Էրդողանը տեղյա՞կ է 1204թ․ խաչակիրների ու վենետիկցների կողմից Կոստանդնուպոլսի գրավման մասին, ինչի արդյունքում Կոստանդնուպոլիսը դարձավ Բյուզանդական կայսրության արևմտյան մասը զբաղեցնող Լատինական կայսրության մայրաքաղաքը։

Կոստանդնուպոլսի գրավման 567-ամյակին Էրդողանը նոր անակնկալ էր պատրաստել․ 2020թ․ մայիսի 29-ին Սև ծովում իր գործունեություն սկսեց «Ֆաթիհ» նավը, որը երկու տարի առաջ Արևելյան Միջերկրածովում սկսել էր իրականացնել էներգակիրների հետախուզման աշխատանքներ։ Այս տարի որոշվել է այդ նավն օգտագործել արդեն Սև ծովում և որպես տվյալ գործունեության մեկնարկի ժամկետ ընտրվել էր Կոստանդնուպոլսի գրավման 567-ամյակը: Արդյունքում «Ֆաթիհ» նավը հենց մայիսի 29-ին անցավ Բոսֆորի նեղուցով (Ստամբուլով) և հայտնվեց Սև ծովում։

Բացի այդ, Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում ընթերցվեց Ղուրանի «Ալ-Ֆաթհ» սուրահը։ Սա հատկանշական է այն ֆոնին, որ վերջին շրջանում Թուրքիայում շարունակ պահանջում են Սուրբ Սոֆիայի տաճարը վերստին վերածել մզկիթի, և Էրդողանն ինքն էլ ըստ էության դեմ չէ։ Եվ այնուամենայնիվ, սա 21-րդ դարում Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցման առաջին դեպքը չէր․ նմանատիպ առաջին դեպքը գրանցվել էր 2015թ․ ապրիլին՝ կապված Մուհամմեդ մարգարեի ծննդյան 1444-ամյակի հետ։ Դրանով իսկ 85-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ Ղուրան էր ընթերցվել Սուրբ Սոֆիայի տաճարում։

Դեռևս 2019թ․ գարնանը Էրդողանը հայտարարել էր, որ «եթե Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվի մզկիթի, ապա դա տարբեր կրոնների ու դավանանքների հետևորդներին հնարավորություն կտա անվճար այցելել այնտեղ, ինչպես որ հարևանությամբ գտնվող Սուլթանահմեթի (Կապույտ) մզկիթի պարագայում է, մինչդեռ ներկայումս Սուրբ Սոֆիայի մուտքավճարը կազմում է մոտ 10 դոլար»։ Ուշագրավ է, որ Էրդողանն իր այս հայտարարություն արել էր Սուրբ Սոֆիայի տաճար Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի այցից քիչ անց։

Այստեղ հասկանալի է, որ իրականում Էրդողանին չի հուզում այն, որ տարբեր կրոնների ներկայացուցիչները գումար են վճարում՝ Սուրբ Սոֆիայի տաճար մուտք գործելու համար։ Եթե խնդիրը լիներ դրանում, ապա նա կարող էր այն վերածել քրիստոնեական տաճարի՝ հաշվի առնելով, որ նախ կառույցը ստեղծվել է հենց որպես քրիստոնեական տաճար և երկրորդ՝ այն պատմության ընթացքում ավելի շատ ծառայել է որպես քրիստոնական տաճար, քան՝ իսլամական մզկիթ։ Չպետք է մոռանալ նաև, որ Ստամբուլի նահանգն ունի 3457 մզկիթ և այդ ցուցանիշով առաջատար է Թուրքիայում (մզկիթների պակաս չի զգացվում)։ Եվ վերջապես 2019թ․ Ստամբուլում բացվել է Թուրքիայի ամենամեծ՝ Չամլըջայի մզկիթը՝ նախատեսված 65․000 հավատացյալի համար։ Ի դեպ, այն ունի 6 մինարեթ, որոնցից 4-ի բարձրությունը 107,1 մետր է, ինչը հիշեցնում է 1071 թվականը։

Նշենք, որ 537թ․ կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարը, որը գրեթե հազար տարի համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը, 1453թ․ վերածվել է մզկիթի, սակայն 1935թ․ Աթաթուրքի որոշմամբ դարձել է թանգարան և այդ կարգավիճակը պահպանում է մինչ օրս (Աթաթուրքի այդ քայլը զարմանալի չէ՝ հաշվի առնելով իսլամը ճնշման տակ պահելու նրա քաղաքականությունը)։ Մեր կարծիքով՝ Սուրբ Սոֆիայի տաճարը ոսկոր է իսլամիստ Էրդողանի (նրա «Նոր Թուրքիայի») կոկորդում, ով հնարավորության դեպքում այն կվերածի մզկիթի՝ այդպիսով դառնալով «Երկրորդ Ֆաթիհ»։ Չենք կարծում, թե այս հարցում Էրդողանին կարող է կանգնեցնել այն, որ 1985թ-ից UNESCO-ի համաշխարհային պատմամշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված Սուրբ Սոֆիայի տաճարը բավական եկամտաբեր է թուրքական կողմի համար։ Մասնավորապես, 2019թ․ այն դարձել է Թուրքիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրը, ուր այցելել է 3․72 միլիոն մարդ։

Էրդողանն այս հարցում նաև ձգտում է մի կողմից հագուրդ տալ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու պահանջով հանդես եկող իսլամիստ-ազգայնամոլների ձգտումներին, իսկ մյուս կողմից էլ վերջակետ դնել Հունաստանի համապատասխան «ոտնձգություններին»։ Հայտնի է, որ Հունաստանի (և ընդհանրապես քրիստոնեական Արևմուտքի, նաև UNESCO-ի) համար դարեր շարունակ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի նստավայր ծառայած Սուրբ Սոֆիայի հարցը բավական զգայուն է, և զարմանալի չէ, որ Հունաստանի ԱԳՆ-ը դատապարտեց Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումը՝ ընդգծելով, որ այն վիրավորում է համայն աշխարհի քրիստոնյաների կրոնական զգացմունքները։ Հունական կողմը նաև հայտարարեց, որ այդ միջադեպը հերթական անգամ ի ցույց դրեց UNESCO-ի անդամ Թուրքիայի իրական դեմքը, ով չի կատարում իր միջազգային պարտավորությունները։

Ակնկալում ենք, որ Էրդողանը կփորձի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել խորհրդարանական ու նախագահական հաջորդ ընտրություններից առաջ, որոնք ներկա դրությամբ նշանակված են 2023թ․, սակայն կարող են անցկացվել նաև արտահերթ։ Էրդողանի այդ քայլը մեծապես կախված կլինի արտաքին քաղաքական ու ներքաղաքական «ճակատներում» նրա դրությունից, ինչպես նաև Թուրքիայի ֆինանսա-տնտեսական վիճակից։ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով՝ Էրդողանը շուրջ 10-ամյա պայքարից հետո իր համար վերջապես կձերբազատվի Սուրբ Սոֆիայի «ուրվականից» կամ «մղձավանջից»։ Բանն այն է, որ 2010-ականների սկզբներին Թուրքիայում մզկիթների վերածվեցին Տրապիզոնի ու Իզնիկի (Նիկեա) Սուրբ Սոֆիա անվանմամբ հայտնի տաճարները, ինչից հետո շատ էր խոսվում այն մասին, որ հերթն այդպիսով հասել է Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարին։ Այդպիսով բավական բարձր ենք գնահատում նրա հավանականությունը, որ Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարն ի վերջո կվերածի մզկիթի, քանի որ այդ քայլը լիովին տեղավորվում է նրա թե՛ իսլամիստական, թե՛ նեոօսմանյան, թե՛ Աթաթուրքին հակադրվելու հայացքներում։

Մեկնաբանել