Սևանն ու Շողակաթը՝ Արտանիշի բարձունքից․ Հայաստանի մորդվաները

Սևանա լճի, նրա շուրջը ձգվող լեռնաշղթաների ու ավազանի բնակավայրերի տեսարանը բարձրից մի այլ գեղեցկություն ունի։ Արեգունու, Սևանի, Վարդենիսի ու Գեղամա լեռնաշղթաներն ու ձյունածածկ գագաթները անասելի հպարտություն են ներշնչում։ Արտանիշ լեռան բարձունքից ամբողջությամբ տեսնում ես ջրի հայելին, աչքերով շրջում լճի շուրջը՝ թերակղզուց Ծովագյուղ, ապա Շողակաթ, Մարտունի, Նորատուս և Լճաշեն։

Արտանիշի գագաթից պարզ, շատ պարզ երևում է Մեծ ու Փոքր Սևանների միացման 5-կիլոմետրանոց հատվածը՝ Շողակաթի ափից մինչև դիմացի Նորատուսի անտառապատ տարածքներ։ Մի այլ գեղեցկություն ունի Շողակաթ գյուղը սարի լանջերից։

Շողակաթ է անվանվում 2017-ից, 1932-ից կոչվում էր Շորժա, իսկ իրական անունը Նադեժդինո է։ Մոտ 200 տարի առաջ Ռոմանովների արքայատան ցարերը ռուս մոլոկանների հետ Հայաստան աքսորեցին նաև մորդվաների, որոնք եկան ու հիմնեցին Նադեժդինոն՝ Հույսի ավանը։

Մորդվաները պատկանում են ուգրո-ֆինն լեզվաընտանիքին, ինչպես ֆինները և հունգարացիները։ Մորդվաները Սարանսկ մայրաքաղաքով հանրապետություն ունեն Ռուսաստանի Դաշնության կազմում: 1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով հայերն ու մորդվաները թվաքանակով զբաղեցրել են 10 և 11-րդ տեղերը, հայերը՝ 1 միլիոն 567 հազար 568 հոգի, մորդվաները՝ 1 միլիոն 340 հազար 415 հոգի:

Նախկինում Նադեժդինոն մտել է Դիլիջանի գավառի, ապա՝ Ճամբարակի շրջանի մեջ, երբ ձևավորվել է Կրասնոսելսկ անունով 1937թ․ դեկտեմբերի 31-ին:

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1 930 մետր բարձրության վրա, Երևանից 110 կիլոմետր հեռու:

Սկզբում Նադեժդինոն բնակեցված էր մորդվաներով, ապա 1890-ական թթ. այստեղ հաստատվեցին նաև մի քանի հայ և թաթար՝ ադրբեջանցի ընտանիքներ: Խորհրդային տարիներին ադրբեջանցիների թիվը ավելացավ, իսկ 1988-ի վերջերից, երբ ադրբեջանցիները հեռացան Խորհրդային Հայաստանից, գյուղի հիմնական բնակչություն դարձան հայերը Ադրբեջանից:

Մի քանի մորդվա ընտանիք շարունակում է բնակվել գյուղում, մյուսները վերադարձել են Մորդովիա՝ Ռուսաստան:

Արտանիշ բարձրանալիս մի քան բան իմացա ու տեսա։

Պարզվում է, որ ծիրան աճում է նաև Սևանի ափին։ Շողակաթի մոտ՝ Նկարիչների հանգստյան տան հարևանությամբ, Ճամբարակ քաղաքից երկու հոգի հիմնել են 40 հեկտար ծիրանի այգի՝ կաթիլային ոռոգումով։ Անցյալ տարի ստացվել է առաջին լավ բերքը 10 հեկտարից։ Այստեղ ծիրանը հասնում է օգոստոսի կեսից հետո։ Գնորդները Արմավիրի մարզի ծիրանի այգիների տերերն են, որոնք Սևանի ափի ծիրանը վաճառում են Ռուսաստան արտահանողներին։

Շողակաթի մոտ ափերը այն աստիճան ցանկապատված, պատված ու պարսպապատված չեն, ինչպես թերակղզու և հարակից ափերն են։ Փոխարենը՝ այստեղ ափամերձ հատվածը լի է պլաստիկե շշերով ու պոլիէթիլենային տոպրակներով։ Բայց դա հնարավոր է մաքրել։ Շատ ավելի կարևոր է այն, որ այստեղ ափերին ավազ կա՝ ծովի ավազ, ջուրն ավելի տաք է, նաև քիչ քամի կա։

Արտանիշ սարի բլուրներին ու ստորոտում գյուղացիները տարբեր տեսակի կանաչեղեն էին հավաքում։ Դրանցից մի քանիսը դարձել են մայրաքաղաքի ռեստորանների թթուների տեսականի։

Հանգստյան օրերին արժե սար բարձրանալ ու հատկապես՝ Արտանիշ։ Իմ փորձից կարող եմ ասել, որ ճիշտ կլինի արշավն սկսել վաղ առավոտյան՝ արևածագի հետ, որպեսզի ամբողջությամբ վայելեք Սևանի ավազանի լեռնաշղթաներն ու գագաթները, ջրի կապույտ հայելին, բարդիների մեջ կորած գյուղերը։

Բարձունքը հաղթահարելը և իջնելը կտևի 4-5 ժամ։ Դրանից հետո նախընտրելի է Սևանի ջրերում զովանալը։ Այսօր դեռ ջուրը սառն է, բայց տանելի սառը։

Տեքստը և լուսանկարները՝

Թաթուլ Հակոբյանի