Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Վրաստան տարածքային փոխանակումները

Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև տարածքային փոխանակումներ խորհրդային տարիներին եղել են բազմիցս, հատկապես 1922-1936 թվականներին, երբ հարևան երեք հանրապետությունները Անդրֆեդերացիա միասնական անվան տակ՝ Թիֆլիս մայրաքաղաքով, մաս էին կազմում ԽՍՀՄ-ին:

Մի քանի օր առաջ ձեռքիս տակ անցավ Խորհրդային Հայաստանի քարտեզը՝ հրատարակված 1932-ին Երևանում:

Համաձայն այդ քարտեզի՝ Խորհրդային Հայաստանում չկան ադրբեջանական անկլավներ՝ կղզյակներ, իսկ Արծվաշեն գյուղը, որ անկլավ էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, ուղղակի պատկանում էր Ադրբեջանին [Թաթուլ Հակոբյանի ֆիլմը՝ այստեղ):

Եթե 1925 թվականի քարտեզով Խորհրդային Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ունեն հատման կետ, այն է՝ ընդհանուր փոքր սահման, ապա 1932-ի այս քարտեզում արդեն առաջացել է մի քանի կիլոմետրանոց միջանք երկու հայկական միավորների միջև:

Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Վրաստան սահմանների փոփոխության կամ տարածքային փոխանակումների թեման կարող է դառնալ լրջագույն ուսումնասիրության առարկա: Այստեղ նշենք մի քանի ակնառու օրինակներ:

Անկլավներից ամենամեծը Արծվաշենն էր, որը 1932 թվականի քարտեզի վրա նշված է Բաշքյոյ և պատկանում է Խորհրդային Ադրբեջանի Գետաբեկի շրջանին:

Բաշքյոյ/Բաշքենդը, որ հետագայում դարձավ Արծվաշեն և մաս կազմեց Խորհրդային Հայաստանի Կրասնոսելսկի շրջանին՝ մնալով անկլավ, ադրբեջանական զինուժը գրավեց 1992 թվականի օգոստոսին:

Խորհրդային Հայաստանի կազմում Ադրբեջանն ուներ մի քանի անկլավներ, որոնք տարածքով մոտավորապես հավասար էին Արծվաշենի անկլավին: Ենթադրվում է, որ փոխանակումը կատարվել է հենց այդ սկզբունքով՝ Արծվաշենը փոխանցվում է Խորհրդային Հայաստանին, որի դիմաց Վերին Ոսկեպարը կամ Աղզիբարան (այս գյուղը գտնվում է Ոսկեպարից դեպի արևմուտք, անտառի մեջ և Իջևան-Նոյեմբերյան մայրուղուց չի երևում), Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերը (գտնվում են Աղստև գետի երկու ափերին՝ Ազատամուտի մոտ), ինչպես նաև Քյարքին (1932-ին անվանվում էր Ջաֆարլու) փոխանցվում են Խորհրդային Ադրբեջանին, վերջինս՝ Քյարքին, որ այսօրվա Տիգրանաշենն է, Նախիջևանին:

Այս բոլոր գյուղերը 1990-ից ի վեր հայկական վերահսկողության տակ են:

Հայտնի է նաև, որ 1920-ական թվականների վերջերին Խորհրդային Հայաստանին է փոխանցվել Նյուվադ՝ այսօր Նռնաձոր գյուղը, Արաքսի ափին: Պետք է ճշտել, թե դրա դիմաց ինչ է զիջել Հայաստանը:

1932 թվականի այս քարտեզը ուշագրավ է նաև նրանով, որ այսօր Վրաստանի Քվեմո Քարթլիի երկրամասի հայկական և հայաբնակ Բրդաձոր, Չանախչի և Աղքյորփի գյուղերը պատկանում են Խորհրդային Հայաստանի Ալավերդու շրջանին: Այսօր այդ գյուղերը գտնվում են հայ-վրացական հենց սահմանագլխին՝ Վրաստանի կազմում:

Մեկ այլ ուսումնասիրության թեմա է, թե ինչպես են այդ գյուղերը անցել Վրաստանին, և դրա դիմաց ինչ տարածքներ է ստացել Հայաստանը:

Իմիջիայլոց, 2000-ական թվականներին, երբ ընթանում էին Հայաստան-Վրաստան սահմանազատման և սահմանագծման աշխատանքները (դրանք չեն ավարտվել, երկու երկրների միջև սահմանների 40 տոկոսը դեռ սահմանազատված չէ), խոսակցություն տարածվեց, որ հայ-վրացական սահմանագլխի այս երեք և մի քանի այլ գյուղեր փոխանցվեն Հայաստանին, դրա դիմաց Հայաստանը Վրաստանին հող զիջի Շիրակի մարզից:

Շատ կարևոր է նաև խորհրդային քարտեզներով համեմատել երեք հանրապետությունների տարածքային փոփոխությունները: 1991 թվականին, երբ Հայաստանը անկախացավ, նրա տարածքը կազմում էր 29,8 հազար քառակուսի կիլոմետր: 1920-30-ական թվականների քարտեզներում Խորհրդային Հայաստանի տարածքը գերազանցում էր 30 հազար քառակուսի կիլոմետրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը որոշ հողեր է կորցրել՝ զիջելով կամ Վրաստանին, կամ Ադրբեջանին, կամ՝ երկուսին էլ:

Մեկնաբանել