Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների բաժնեմասերի վրա կալանք է դրվել։ Այդ մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության 1lurer.am լրատվականը։
Ըստ հրապարակման՝ կալանքի տակ են վերցվել «Ձորագետ հիդրո» ընկերության բաժնեմասերը։ Ընկերությունը Լոռու մարզում շահագործում է Ձորահէկը։ Ներկայում ընկերության սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքն է։ Մինչ վերջինիս անցնելը ընկերությունում մասնակցություն են ունեցել Արմեն Պետրոսյանն ու Լեոնիդ Արևշատյանը, որոնք Մինասյանի մերձավորներն են։
Կալանք է դրվել Երևանի կենտրոնում գործող «Դաբլ թրի բայ Հիլթոն» հյուրանոցի բաժնետեր «Վելոֆիրմա» և «Օպերա սուիթ» հյուրանոցի իրավաբանական անձ հանդիսացող «Օֆիս կլաս» ընկերությունների բաժնեմասերի վրա։
Մայիսի 9-ին կալանքի տակ է վերցվել խոշոր արտահանող, գյուղմթերքի արտադրող «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի բաժնեմասը։ Անցյալ գարնանը «Սպայկան» մեղադրվում էր խոշոր չափերով հարկեր թաքցնելու մեջ։ Բաժնեմասերի, բաժնետոմսերի, շահաբաժինների հետ կապված գործարքներն արգելվել են «Ջազզվե» ՍՊԸ-ում։ Սրճարանների ցանցում 2003-2011 թվականներին Մինասյանը եղել է միակ բաժնետերը։
Հունիսի 1-ին կալանք է դրվել «Պանարմենիան մեդիա գրուպի» և «Արմենիա» հեռուստաընկերության բաժնեմասերի վրա։
2020-ի ապրիլի 22-ին Պետեկամուտների կոմիտեն հաղորդեց, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Հանրայինին հայտնել է, որ վարույթն իրականացնող մարմինն իրեն տեղյակ չի պահել բաժնեմասերի կալանքների մասին։
Աղբյուրը՝ 1lurer.am