Փաշինյանը հանձնարարել է խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը

Մայիսի 2-ին տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը հեռավար ռեժիմով վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի գործընկերներ, չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում: Առաջարկում եմ այսօրվա նիստում քննարկել հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը և վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ մեր հետագա գործողությունները»:

«Մենք առաջ ենք գնում կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության խստացման տրամաբանությամբ: Լրջագույն աշխատանք պետք է իրականացվի՝ պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով»,- ասել է գործադիրի ղեկավարը։

Նա հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:

Մեկնաբանել