«Հայաստան» հիմնադրամը ավելի քան 376 000 դոլար է հավաքագրել ընդդեմ համաճարակի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաքի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 376 000 ԱՄՆ դոլար, նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

«Չնայած ներկայիս համաշխարհային ճգնաժամին՝ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից շարունակում են աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Միասին հաղթահարենք համաճարակը» նախաձեռնության շրջանակներում ս․թ․ հունիսի 3-ի դրությամբ, հավաքագրվել է ավելի քան 376 000 ԱՄՆ դոլար, որից 230 000 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է համաճարակի դեմ պայքարին»,- ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։

«Խորին շնորհակալություն 700 անհատ նվիրատուներին և կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ 15 հայկական համայնքներին վստահության և շարունակական աջակցության համար։

Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված 230,000 ԱՄՆ դոլար աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ շուրջ 250,000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։ Համահայկական շարունակական աջակցությանը կարող եք մասնակցել մեր առցանց հարթակում՝ www.himnadram.org»։

Մեկնաբանել