Կադրային քաղաքականության տրամաբանությունը հետընտրական Արցախում

Վերջին օրերի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ակտիվորեն զբաղված էր կառավարության նոր կազմի ձևավորմամբ: Հարությունյանը նշանակումների մասին հանրությանը հիմնականում տեղեկացնում էր ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով, որոնց ընթացքում փորձում էր նաև հիմնավորել իր կադրային որոշումները: Նոր կառավարության կազմի գրեթե բոլոր առանցքային նախարարների և այլ գերատեսչությունների ղեկավարների անունները արդեն հայտնի են:

Տեղի են ունեցել նաև կառուցվածքային փոփոխություններ:

Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը վերափոխվել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության: Մշակույթի ոլորտը անցել է Կրթության և գիտության նախարարության պատասխանատվության ներքո:

Ստեղծվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Այս նախարարության ձևավորումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխման ու համայնքների խոշորացման պլաններով:

Հարկային ծառայությունը դարձել է Պետական եկամուտների կոմիտե:

Բնապահպանության նախարարության փոխարեն ստեղծվել Բնապահպանության կոմիտե:

Հայաստանի Հանրապետության օրինակով ստեղծվել է նաև հակակոռուպցիոն նոր մարմին` Պետական վերահսկողական ծառայություն:

Ձևավորվել է մեկ այլ նոր կառույց` Հայաստանի և սփյուքի հետ ինտեգրման կոմիտե:

․․․

Հարությունյանի կադրային նշանակումները կատարվել են մի քանի սկզբունքներով: Պաշտոններ են ստացել նախընտրական շրջանում նրա օգտին ակտիվ աշխատած, բայց քաղաքական թիմի մաս չհանդիսացած գործիչները ու նրանց մտերիմները: Այդ սկզբունքը կարելի է անվանել quid pro quo (ծառայություն ծառայության դիմաց):

Նշանակումների երկրորդ խմբում են Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմի անդամները: Մարդիկ, որոնք «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակում են եղել կամ նախորդ գումարման Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության մեջ էին ընդգրկված:

Նշանակումների երրորդ խմբի մեջ են մտնում տեխնոկրատները: Պրոֆեսիոնալ բյուրոկրատներ, որոնք նախընտրական ողջ շրջանում պահպանել էին քաղաքական չեզոքություն:

Վերջապես, չորրորդ խմբի մեջ են մտնում կոոպտացիայի ենթարկված գործիչները, որոնք ընտրությունների ժամանակ եղել են Հարությունյանի մրցակիցները, բայց հետագայում որոշել են գնալ նրա հետ համագործակցության ճանապարհով:

Quid pro quo սկբունքով նշանակումները հիմնականում տեղի են ունեցել ուժային կառույցներում: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն է նշանակվել Կարեն Սարգսյանը, որը այդ պաշտոն զբաղեցրել է նաև 2017-2018 թվականներին: Կարեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարգսյանի որդին է: Նա «Արարիչ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է: Հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և զբաղվում էր Արայիկ Հարությունյանի դե ֆակտո քարոզչությամբ: Այդ հիմնադրամի միջոցներով ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում հարյուրավոր ուսանողներ մեկնել են Ռուսաստանի ծովափնյա քաղաքներ, տարբեր միջոցառումների են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետությունում: Արայիկ Հարությունյանը չի թաքցնում իր կապը «Արարիչ» հիմնադրամի հետ:

Հիմնադրամի մեկ այլ համահիմնադիր Արման Հակոբջանյանի եղբայր Աշոտ Հակոբջանյանը դարձել է Արցախի նոր ոստիկանապետը: Հակոբջանյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում: Զբաղեցրել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոնները: 2015 թվականին Հակոբջանյանը մասնակցություն էր ունեցել բերձորյան հայտնի դեպքերին, երբ ծեծի էին ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ու համակիրները:

Նախընտրական փուլում Արայիկ Հարությունյանին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է նաև գեներալ Կամո Աղաջանյանը, որը նշանակվել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Աղաջանյանը 2013-2018 թվականներին եղել է Արցախի ոստիկանապետը: 2018 թվականի հունիսին Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ցույցերի ճնշման տակ հրաժարական էր տվել զբաղեցրած պաշտոնից, սակայն մի քանի ամիս անց նշանակվել էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Ոստիկանապետի պաշտոնում Աղաջանյանի պաշտոնավարման շրջանը նշանավորվել էր ոստիկանական բռնությունների ու այլ ապօրինությունների բազմաթիվ դրվագներով: Հատկանշական է, որ Արայիկ Հարությունյանի և Կամո Աղաջանյանի հարաբերությունները, ըստ տարբեր աղբյուրների, երկար ժամանակ լարված էին: Նախընտրական փուլում նրանց համագործակցությունը շատերի համար անակնկալ էր:

Նշանակումների այս խմբի մեջ կարելի է ներառել նաև գյուղատնտեսության նոր նախարար Աշոտ Բախշիյանին: Բախշիյանը Արայիկ Հարությունյանի հետ փոխկապակցված «Բիզնեսի աջակցության հիմնադրամի» խորհրդի անդամ է (այդ հիմնադրամի խորհրդի անդամն է նաև «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի նախկին խոսնակ Վահրամ Պողոսյանը, որը նշանակվել է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ): Հիմնադրամը ակտիվ գործունեություն էր ծավալում նախընտրական շրջանում:

Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմից նշանակումները այդքան էլ շատ չեն:

Կրթության, գիտության և մշակույթի նախարար է նշանակվել Լուսինե Ղարախանյանը, որը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակի անդամ էր: Քաղաքաշինության նոր նախարար Արամ Սարգսյանը ևս Հարությունյանի գլխավորած դաշինքի համամասնական ցուցակի անդամ էր, ինչպես նաև 6-րդ գումարման Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր: Հարությունյանի քաղաքական թիմի անդամների մեծամասնությունը աշխատելու է Ազգային ժողովում ու նախագահի աշխատակազմում:

Տեխնոկրատական նշանակումների շարքից կարելի է առանձնացնել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, որը պահպանել է պաշտոնը: Նախկին գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Լևոն Գրիգորյանը՝ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար: Այս պաշտոնյաները երկար տարիներ աշխատել են պետական կառավարման համակարգում: Նախընտրական փուլում նրանք քաղաքականապես չեզոք են եղել և չեն զբաղվել ակտիվ քարոզչությամբ:

Կադրային նշանակումների վերջին խմբի մեջ են մտնում կոոպտացիայի ենթարկված քաղաքական գործիչները: Խոսքը Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի և վերջինիս քաղաքական թիմի մասին է, որոնք խորհրդարանական ու նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի գլխավոր մրցակիցներն էին: Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մասիս Մայիլյանը պահպանել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Ակնկալվում է, որ Սամվել Բաբայանի թիմակից Սիրան Ավետիսյանը նշանակվելու է արդարադատության նախարար:

Սամվել Բաբայանը ցանկանում է բարձրացնել անվտանգության խորհրդի կարգավիճակը և ավելացնել դրա լիազորությունները՝ ստեղծելով բավականին մեծ աշխատակազմ: Սա նրան հնարավորություն է տալու ինչ-որ չափով մեծացնել իր ազդեցությունը, ինչպես նաև հավելյալ աշխատատեղեր ստեղծել իր թիմակիցների համար: Սակայն ակնհայտ է նաև, որ իշխող էլիտայի առանցքային դերակատարները լուրջ մտավախություններ ունեն Բաբայանի նշանակման հետ կապված: Խոսքը հատկապես վերաբերում է այն ուժայիններին, որոնք ժամանակին ակտիվ մասնակցություն էին ունեցել Բաբայանի չեզոքացման գործընթացում:

Հետևություններ

Այս բոլոր նշանակումների արդյունքում արդեն իսկ կարելի է մի շարք հետևություններ անել:

Ինչպես երևում է, Արայիկ Հարությունյանը կադրային քաղաքականության մեջ առաջին հերթին կարևորում է լոյալության սկզբունքը և իշխող ուժին նախընտրական փուլում մատուցած ծառայությունները: Նշանակումների բացարձակ մեծամասնությունը քաղաքական է: Նոր կառավարության կազմի մեջ թարմ դեմքեր գրեթե չկան: Ուժային կառույցներում նշանակվել են պաշտոնյաներ, որոնք ակտիվ ներգրավվածություն են ունեցել վերջին տասնամյակում Արցախում տեղի ունեցած քաղաքական բռնության տարբեր դրվագների, խոշտանգումների և այլ ապօրինությունների մեջ:

Հատկանշանական է, որ ուժայինների այն փոքր խումբը, որը Բակո Սահակյանի նեղ շրջապատի մեջ էր մտնում նրա նախագահության տարիներին և ակտիվ մասնակցություն էր ունենում կարևոր բոլոր որոշումների կայացման գործընթացում, բաժանվել է երկու մասի: Այդ խմբի այն գործիչները, որոնք նախընտրական փուլում աջակցել են Արայիկ Հարությունյանին, պահպանել են իրենց ազդեցությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կամո Աղաջանյանին ու Սամվել Կարապետյանին (Օգանովսկի): Իսկ այն ուժայինները, որոնք Հարությունյանին չեն աջակցել՝ Լևոն Մնացականյանը և Արշավիր Ղարամյանը, տեղ չեն գտել նոր իշխող էլիտայում:

Կառավարության նոր կառուցվածքի հետ կապված ևս հարցեր կան: Ամենախնդրահարույց որոշումը, իհարկե, ռազմահայրենասիրության նախարարության ստեղծումն է: Սա Արայիկ Հարությունյանի հերթական պոպուլիստական քայլն է, որը ռացիոնալ բացատրություն չունի և իմիջային կորուստների պատճառ է դառնալու Արցախի համար: Քաղաքական լայն համախմբման պատճառով անհրաժեշտություն է առաջացել նաև առանց այդ էլ ուռճացված բյուրոկրատական համակարգը մեծացնել: Նախընտրական փուլում իրենց ակտիվ դրսևորած թիմակիցների, ինչպես նաև կոալիցիոն գործընկերների համար նոր հաստիքներ են ստեղծվել և ստեղծվելու տարբեր նախարարություններում, Անվտանգության խորհրդում, Ազգային ժողովում և պետական այլ մարմիններում: Քաղաքական այսպիսի համերաշխության և միասնականության գինը վճարելու են, իհարկե, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարկատուները:

Մեկնաբանել