Կորոնավիրուսը և համաշխարհային պատմության շրջանակներում պանդեմիաների շուրջ միֆերը

Aniarc.am կայքում լույս է տեսել պատմաբան Դավիթ Ֆիդանյանի հոդվածը՝ «Կորոնավիրուսը և համաշխարհային պատմության շրջանակներում պանդեմիաների շուրջ միֆերը» վերնագրով։ Այն ներկայացվում է ստորև։

Հայաստանը, ինչպես ամբողջ աշխարհը, ներկայում գտնվում է նոր կորոնավիրուսի մահաբեր համաճարակի փուլում: Հիվանդությունները կամ համաճարակները մարդկության պատմության անբաժան ուղեկիցն են: Պատմության մեջ դեռևս հին դարերից սկսած բազմաթիվ համաճարակներ են հայտնի: Նրանցից ոմանք ունեցել են ոչ լոկալ, այլև՝ գլոբալ բնույթ:

Համաճարակների պատմության հետ մեկտեղ նույնքան հին են այդ նույն համաճարակների հետ կապված դավադրապաշտական միֆերը: Մարդիկ սովոր էին և այժմ էլ սովոր են մինչ այդ պահը իրենց անհայտ վարակի աղբյուրը կապել տարատեսակ միֆերի հետ կամ ընդհանրապես ժխտել վարակի առկայությունը՝ տեղի ունեցողը կապելով երկնային կամ գերբնական երևույթների հետ:

Դիտարկենք պատմությանը հայտնի համաճարակների շուրջ տարածված միֆերի օրինակները և համեմատական անցկացնենք ներկայում տեղի ունեցող գործընթացների հետ, որովհետև,կարելի է ասել, նույնը տեղի է ունենում նաև այս օրերին:

Դեռևս մեր թվարկությունից առաջ՝ Հին աշխարհի պատմության ժամանակաշրջանում, Միջագետքի տարածքում առաջացած պետական կազմավորումներում համաճարակների ժամանակ մարդիկ դեպի սիրիական անապատներ էին բաց թողնում այծերին, որպեսզի նրանք անապատներում սատկեն: Քանի որ այծը համարվում էր, այսպես կոչված, «Չարի մարմնավորումը»: Եվ այդ կերպ մարդիկ ձգտում էին ձերբազատվել մոլեգնող համաճարակներից:

14-րդ դարի Եվրոպայում թևածող և տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած Սև մահի համաճարակի ժամանակ հսկայական ազդեցություն ունեցող Կաթոլիկ եկեղեցին համարում էր, որ տեղի ունեցողը Աստծո կողմից լոկ երկնային պատիժ է մարդկության մեղքերի համար և վերոգրյալի դեմ պայքարում էր կրոնական երթերով:

Հռոմի Պապ Կլեմենտ 6-րդը համաճարակի բարձրակետին՝ 1350թ. հայտարարեց դեպի Հռոմ կազմակերպվող ուխտագնացության մասին: Բացի դա, նա դիմեց հանրությանը, նշելով, որ այն մարդիկ, որոնք ուխտագնացության ժամանակ կմահանան, նրանք կհայտնվեն դրախտում: Նա անգամ հատուկ հրովարտակով «հրեշտակներին հրամայեց ճանապարհին բոլոր մահացածներին դրախտ տանել»:

Հռոմի պապի կոչին արձագանքեց շուրջ 2 միլիոն մարդ:

Գերակշիռ մեծամասնությունը մահացավ ճանապարհին՝ հույս ունենալով հայտնվել դրախտում և ազատվել տառապանքներից: Այդ շրջանում ակտիվացել էր ինկվիզիցիան: Ժանտախտի ախտանիշներ ունեցողներին, որոնք հստակ վարակի հետքեր ունեին իրենց մարմնի վրա, սկսեցին համարել կախարդներ: Առաջարկվել էր մեթոդ, որի համաձայն, եթե հիվանդների ժանտախտից առաջացած վերքերը ասեղով ծակում էին և նա գոռում էր, ապա նրա վրայից կասկածները ցրվում էին, իսկ եթե չէր արձագանքում, ապա նրան որպես կախարդ ուղեկցում էին դեպի խարույկներ:

Ինքը՝ Կլեմենտ 6-րդ պապը, գտնվում էր իր ապարանքում: Նա կրում էր զմրուխտից պատրաստված մատանի, որը, իր կարծիքով, իբրև թե մոգական կերպով փրկում էր վարակվելուց: Մարդիկ իրենց ամբողջ ունեցվածքը նվիրաբերում էին եկեղեցուն, որպեսզի փրկվեն հիվանդությունից, իսկ եկեղեցին, ինչպես տեսանք՝ հայտարարում էր, որ դա ոչ թե հիվանդություն է, այլ երկնային պատիժ մարդկային արատների համար:

Մարդիկ չէին հասկանում իրենց հետ տեղի ունեցողի բնույթը և փրկություն էին փնտրում տարատեսակ հակագիտական և նույնիսկ վտանգավոր գործողությունների մեջ: Հերթական այդպիսի մի դրսևորումը այն էր, որ մարդիկ, այսպես կոչված երկնային պատժից ձերբազատվելու համար, պետք է որքան հնարավոր է շատ մարդկանց հետ շփվեին: Այդ իսկ պատճառով շատ հիվանդներ ուղղակիորեն մարդաշատ շուկաներ էին այցելում:

Հերթական անգամ հարվածի տակ հայտնվեցին հրեաները, որոնց հասարակությունը սկսեց մեղադրել իրենց հասած պատուհասի համար: Հրեաներին մեղադրում էին այն բանում, որ իբրև թե նրանք միտումնավոր թունավորել են քաղաքներին հասանելիք խմելու ջրերը: Հազարավոր հրեաներ այրվեցին խարույկների վրա:

Դիտարկենք այլ համաճարակների ժամանակ տարածված կործանարար միֆերը:

19-րդ դարում Արևմուտքում մոլեգնում էր խոլերայի հերթական համաճարակը: Բնակաբար, այդ հերթական խոշոր բռկման ժամանակ կրկին բազմաթիվ դավադրապաշտական տեսություններ ի հայտ եկան: Մասնավորապես, 1832թ. եվրոպական հասարակության շրջանում, գլխավորապես Անգլիայում և Ֆրանսիայում տարածված էր այն միֆը, որ հիվանդոցներում միտումնավոր կերպով մարդկանց են սպանում, որովհետև ծրագրավորված կերպով բնակչության կրճատման գործընթաց է գնում, որի միջոցով ձերբազատվում են ավելորդ մարդկանցից: Այդ իսկ պատճառով, բժիշկների վրա հարձակվում էին և չէին թողնում, որպեսզի հիվանդները հիվանդանոցներ տեղափոխվեն:

Նյու Յորքում բժիշկներին քարերով էին հարվածում և չէին թողնում, որ մահացածների մարմինները տեղափոխեն, քանի որ կարծում էին ազգականների մարմինները օգտագործվեն վիրահատական նկատառումներով:

20-րդ դարը հայտնի դարձավ որպես ամենամեծ մասսայական համաճարակներից մեկի ժամանակաշրջան:

Իսպանական գրիպը կամ «Իսպանուհին» շատերին է հայտնի: Այն մարդկության պատմության շրջանակներում ամենամահաբեր համաճարակներից մեկն էր: Գրիպի այս մահաբեր համաճարակի շրջանում՝ 1918-1920թթ., տարբեր տվյալներով մահացել է 50-100 միլիոն մարդ: Շատերը կարծում են, որ իր անվանումից ելնելով այն ծագել է Իսպանիայում սակայն դա այդպես չէ:

Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ վիրուսը իր գոյության առաջին նշանները ի ցույց դրեց, հակամարտող կողմերը, որպեսզի իրենց շարքերում չսկսի խուճապ, խստորեն լռեցին նոր համաճարակի մասին: Իսպանիան, որը հակամարտության կողմ չէր, այդ երկրի մամուլը առաջիններից էր, որը ազատորեն լուսաբանեց գրիպի նոր ենթատեսակի առաջացման և համաճարակի տարածման տեմպը: Այդ իսկ պատճառով համաճարակը կոչվեց Իսպանուհի կամ իսպանական գրիպ:

Իհարկե,այստեղ ևս կային բազմաթիվ դավադրապաշտ մոտեցումներ: Սկսած թերահավատությունից, վերջացրած նրանով, որ համաճարակի ժամանակ սկսեցին հնչել տեսակետներ, որ տեղի ունեցողը մարդկանց վերահսկման փորձ է, քանի որ կիրառվում են հակասահմանադրական սահմանափակումներ: Այդ համատեքստում, պետք է նշել համաճարակի բարձրակետին Սան Ֆրանցիսկոյում գործող Հակադիմակային Լիգան, որը պայքարում էր համատարած դիմակներ կրելու որոշման դեմ:

1957-58թթ. բռնկված սուր շնչառական վարակիչ հերթական վիրուսի կամ Ասիական գրիպի ժամանակ շատերը կրկին թերահավատորեն էին մոտենում տեղի ունեցողին, սակայն դա չխանգարեց, որ վիրուսը մոտ 2 միլիոն մարդու կյանք խլի:

Գանք մեր օրեր:

2014թ. սկսված և հետագայում Աֆրիկայով մեկ տարածված Էբոլայի հերթական համաճարակի ժամանակ շատ երկրներում՝ մասնավորապես Գվինեայում, սնահավատ վարակակիրները բժիշկների փոխարեն այցելում էին բուսաբուժությամբ զբաղվողների և տարատեսակ գերբնական ծեսեր իրականացնողների մոտ:

Ընդամենը մեկ տարի առաջ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բժիշկները գործադուլով էին սպառնում՝ պահանջելով կառավարությունից, որ պաշտպանեն իրենց: Պատճառն այն էր, որ բնակիչները չէին հավատում էբոլայի փաստին և հարձակվում էին նրանց վրա: Այսպիսի դեպքերը հատկապես աֆրիկյան հետամնաց երկրներում բազմաթիվ են և շարունակվում են մինչ այսօր:

Այսպիսով, ինչպես նշվեց, մարդկության հազարամյակների պատմության շրջանակներում համաճարակները ուղեկցել և ուղեկցելու են մեզ: Դա աքսիոմ է: Սկսած օրինակ պատմության հայտնի համաճարակներից 6-րդ դարի Հուստինիանոսի ժանտախտից մինչև Կորոնավիրուս:

Այս առումով, ինչպես տեսանք, եղել և այժմ էլ կան համաճարակների համատեքստում տարբեր դավադրապաշտական և եթե կուզեք՝ միֆական մոտեցումներ: Ներկայումս նույն գործընթացը, իհարկե ավելի ռեստավրացված տարբերակով, տեղի է ունենում Նոր կորոնավիրուսի համաճարակի պարագայում: Եթե այն ժամանակ դավադրապաշտության մեխը Աստծո պատիժն էր կամ հրեաները, կամ էլ կախարդությունը, ապա այժմ «Աշխարհը կառավարել ցանկացող» Բիլ Գեյթսն է կամ էլ 5 Ջի կոչվածը, որի միջոցով իբրև թե ցանկանում են բոլորիս վերահսկել:

Եվ ցավոք, Հայաստանի հանրության մի որոշ հատված ուղղակիորեն կլանում է այդ քարոզչական միֆերը: Եթե Աֆրիկայում էբոլայի համաճարակների ժամանակ շատերը չեն հավատում տեղի ունեցողին և ամեն ինչում մեղավոր են համարում «չարի խորհրդանիշ սպիտակ համազգեստով» մարդկանց, ապա օրինակ Հայաստանում կորոնավիրուսի շրջանակներում դավադրապաշտական տենդենցը պտտվում է ինչ որ ջհուդամասոնների շուրջ:

Եթե միջնադարում ժանտախտը համարվում էր ոչ թե հիվանդություն, այլ երկնային պատիժ, ապա այժմ կորոնավիրուսի շրջանակներում դավադրապաշտությունը պտտվում է հիվանդության մտացածին լինելու, մարդկանց «պատվաստման միջոցով չիպավորելու» և այդ կերպ, մոլորակի բնակչության մի մասին կառավարելու կամ ոչնչացնելու միֆի շուրջ:

Եթե միջնադարում ժանտախտի ժամանակ վարակակիրները հալածվում էին, ապա Հայաստանում կորոնավիրուսի ժամանակ մի խումբ հանցագործներ կարող են հարձակվել վարակակիրների տան վրա և դռան վրա վիրավորական արտահայտություններ գրել:

Իհարկե, մարդկանցից շատերը գերադասում են վարդագույն ակնոցները և ոչ թե իրականությունը, որովհետև իրականությունը հոգեբանական սթրես կամ լարվածություն է առաջ բերում: Սակայն մարդիկ չեն գիտակցում, որ տրվելով մոլեգնող համաճարակի շուրջ տարատեսակ հակագիտական միֆերիի քարոզին, հավասարվում են աֆրիկյան ինչ որ մի ցեղի ներակայացուցիչներին, ովքեր չեն հավատում Էբոլայի գոյությանը, իսկ սպիտակ համազգեստով բժիշկներին էլ համարում են «չարի խորհրդանիշ»:

Առիթի դեպքում էլ, ինչպես նշեցինք, հարձակվում են բժիշկների վրա: Իհարկե, մեր հասարակության մեջ կան նաև այնպիսին գիտակից քաղաքացիներ, որոնք այս ամիսներին հստակ պահում են հակահամաճարակային կանոնները և չեն տրվում տարատեսակ քարոզչական միֆերին: Մեր մնացած քաղաքացիները պետք է նրանցից օրինակ վերցնեն: Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, հաշվի առեք այն, որ Հայաստանի համար այս դժվարին օրերին ձեր կենցաղավարությունից և սոցիալական պատասխանատվությունից շատ բան է կախված: Մի տրվեք համաճարակների պատմության բնորոշ քարոզչական միֆերին, որոնք ինչպես տեսնում ենք, որևէ աղերս չունեն իրականության հետ: Հետևեք հակահամաճարակային կանոններին, որովհետև ներկայում կարևորագույն խնդիրը համաճարակի դեմ միասնական պայքարն է և մարդկային կյանքեր փրկելը:

Դավիթ Ֆիդանյան, պատմաբան

Աղբյուրը՝ Aniarc.am

Մեկնաբանել