Միայն էլիտար դպրոցները բավական չեն, Հայաստանի բոլոր երեխաները պետք է ստանան որակյալ կրթություն․ Արեգ Դանագուլյան

Ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի կարծիքով՝ մարդկանց կրթվածության մակարդակը, կրթությունն ընդհանրապես կարևորագույն միջոցն են հասարակության զարգացման համար։ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ Դանագուլյանը զրուցել է կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարի, քաղաքացու և կառավարության դերի ու կրթական ուժեղ համակարգ ունենալու կարևորության մասին։

Պարոն Դանագուլյան, օրերս ՍիվիլՆեթի կայքում հրապարակվեց ձեր հերթական հոդվածը, որը կրում էր «Տգիտության համաճարակ» անվանումը։ Բավական հետաքրքիր թեզեր եք առաջ քաշում այդ հոդվածում, բայց նախքան դրանց անցնելը ուզում եմ հղում անել ձեր առաջին հոդվածին, որում դուք մոտ երկու ամիս առաջ հանդես եք բերում մի շարք հաշվարկներ, մաթեմատիկական կանխատեսումներ, խոսում այն մասին, թե ինչպես սանձել համաճարակը Հայաստանում։ Այսօր կարելի՞ է արդյոք պնդել, որ Հայաստանը ձախողել է համաճարակի սանձումը։ Ո՞րն էր հիմնական պատճառը, թե՞ գործ ունենք պատճառների համակցությա՞ն հետ։

Կարծում եմ՝ ոչ այնքան ձախողման հետ է կապված։ Իհարկե, շատ քայլեր գուցե ձախողել ենք, կամ էլ ոչ թե ձախողել ենք, ուղղակի ուշացրել ենք կամ չենք արել, այսինքն՝ դժվար է ձախողել մի բան, որը չես փորձել անել։ Հիմնական, կարևոր պահը, որ մենք գուցե ձախողել ենք, այն է, որ աչքաթող ենք արել, թե ինչ էր կատարվում աշխարհում, և դրանից առանձնապես դասեր չենք քաղել, ինչը կարող էինք անել։ Այսինքն՝ երբ մարտին կորոնավիրուսը ամենուրեք մեծ արագությամբ տարածվում էր, լավ ժամանակ էր, որ մենք հասկանայինք, թե ինչ է կատարվում, և կտրուկ քայլեր ձեռնարկեինք, որպեսզի կանխենք կորոնավիրուսի տարածումը Հայաստանում, ինչպես դա արվեց օրինակ Վրաստանում, Խորվաթիայում, Լիբանանում և այլ երկրներում, որոնք օգտվեցին այս զգուշացումից և կարողացան իսկապես բերել զրոյի իրենց թվերը։

Ուզում եմ մեջբերել ձեզ՝ «Մինչ աշխարհը հաղթահարում է համավարակը, Հայաստանում ամեն ինչ նոր է սկսվում»։ Ձեր հաշվարկներով՝ արդյոք մենք այսօր հասել ենք գագաթնակետի՞ն, արդյոք պետք է դեռ նոր վատթարացո՞ւմ սպասել, թե՞ հնարավոր է՝ արդեն նվազում լինի։

Այս գործում շատ դժվար է ինչ-որ կանխատեսումներ անել։ Ամեն ինչ կախված է հասարակությունից։ Հասարակությունը ինչ անի, այն էլ կլինի։ Այսօրվա թվերով բնակչության մեկ շնչի հարաբերութամբ Հայաստանում վիճակը ավելի վատ է, համենայն դեպս գրանցված դեպքերի քանակով, քան օրինակ՝ Իսպանիայում։ Իսպանիան, Իտալիան համարվում են վատագույն դեպքերը։ Այդ իմաստով մենք նրանցից վատ վիճակում ենք այժմ։ Արդյոք թվերը կշարունակեն աճել, թե կիջնեն, բացարձակապես կախված է, թե հասարակությունը դրանց որքան լրջորեն կմոտենա՝ արդյոք մարդիկ կսկսեն հետևել հասարակական մեկուսացման կանոններին, արդյոք նրանք դիմակներ կկրեն, իրենք իրենց մասին հոգ կտանեն, թե կշարունակեն գնալ, վարակվել, անլրջորեն մոտենալ սրան։ Ամեն ինչ մարդկանցից է կախված։

Ձախողումների մասին խոսելիս իհարկե հասկանալի է, որ հասարակությունը մի կողմ, բայց որոշում կայացնողը, պատասխանատվություն կրողը կառավարությունն է։ Ուզում եմ մի փոքր վերլուծենք։ Որքանո՞վ էին միգուցե սխալ իշխանության ներկայացուցիչների պատգամները, որքանով են դրանք ազդեցություն ունեցել ընդհանուր վարքագծի վրա, օրինակ՝ այդպիսին էր «կորոնավիրուսն ում շունն ա» հայտարարությունը։ Դրան անդրադարձել եք ձեր հոդվածում։ Ընդհանրապես հայտարարությունների ազդեցությունը չափազանցվա՞ծ է։

Այո՛, այս իրավիճակում շատ կարևոր է այն մեսիջը, այն հղումը, որ ստանում են, որը հասկանում են քաղաքացիները, օրինակ՝ կարող է գործիչը ասել ինչ-որ մի բան, որը տեխնիկապես ճիշտ է, բայց կախված նրանից, թե նա ինչ բառապաշար է օգտագործում, միջին քաղաքացին կարող է մի մեկ ուրիշ բան հասկանալ։ Ամենածայրահեղ օրինակներն են «կորոնավիորւսն ում շունն է»-ն կամ ինչպես Ծառուկյանն ասաց՝ «կորանվիրուսը լավ մարդուն չի կպնում»-ը։ Այդպիսի անհեթեթություններ։

․․․․մարտին իրենք [իշխանությունները] խոսում էին հիվանդության կարևորության և վտանգի մասին, նաև արվում էին տարբեր շեշտադրումներ, որոնք միջին հայաստանցու համար ոչ մի բան չանելու հրավեր էին։ Ասում էին, որ կորոնավիրուսը վտանգավոր է միայն հիվանդ մարդկանց համար։ Բայց մենք գիտենք, որ Հայաստանում վաթսուն տարեկանն անց մարդկանց մեծամասնությունը հիվանդ է, այդ տարիքի մարդկանց մեծամասնությունը ունի սրտանոթային հիվանդություններ, շաքարախտ և այլն։ Այսինքն՝ երբ նման բան ես ասում, դու փաստորեն մարդկանց հրավիրում ես ուղղակի ասելու՝ «դե ես առողջ եմ, ինձ ոչ մի բան չի լինելու»։ Ու եթե այդ մարդն անգամ առողջ է, նա վարակվում ու հետո վարակում է իր մորը, տատիկին, պապիկին, որոնք իսկապես խոցելի են։

Ես նաև նշեցի, որ խուճապը կանխելու վրա այդքան կենտրոնանալ երևի չարժե։ Արևմուտքում հենց խուճապի միջոցով մարդկանց ստիպեցին փոխել իրենց կենսակերպը։

Փաստորեն մարտի կեսից սահմանվեց արտակարգ դրություն կամ լոքդաուն, որն ինչ-որ չափով աշխատեց, թվերի նվազում գրանցվեց, այնուհետև մայիսի կեսերից այս լոքդաունը վերացվեց։ Հայտարարվում էր այն մասին, որ պետք է սովորել ապրել կորոնավիրուսի հետ։ Հաղորդակցության ոլորտո՞ւմ էր ինչ-որ մի բան սխալ արվում։ Այսօր կառավարությունն ամենօրյա ռեժիմով հրավիրում է ճեպազրույցներ, արդեն արշավներ են արվում և այլն։ Արդյոք հաղորդակցությունը ռեակտիվ և ուշացա՞ծ է, մինչդեռ պետք է կանխարգելիչ լիներ։

Դե իհարկե կանխարգելիչ պետք է լիներ։ Բայց չափից ավելի պետք չէ տարբերություն դնել կառավարության և հասարակության միջև։ Կառավարությունը հասարակության մասն է։ Կառավարության անձինք՝ և՛ ընդդիմությունը, և՛ վարչակազմը, և՛ իշխող կուսակցությունը, ժողովրդի զավակներն են, և նրանց մոտեցումը արտացոլում է միջին քաղաքացու մոտեցումն ընդհանապես առողջությանը։ Կանխարգելիչ առողջությունը Հայաստանում շատ թույլ է զարգացած։ Ո՞վ է Հայաստանում տարին մեկ գնում և ստուգվում։ Համարյա ոչ ոք։ Այնինչ Արևմուտքում դա ստանդարտ բան է․ բոլորս այստեղ տարին մեկ ստուգվում ենք։

Այո՛, պետք է արվեին կանխարգելիչ քայլեր, ոչ թե ռեակտիվ քայլեր։ Հիմա գուցե այնքան չարժե կենտրոնանալ՝ ով է մեղավոր, ինչն է սխալ արվել։ Բնականաբար, բոլորն են սխալվել, բոլորը՝ փոքրից մեծ, ամբողջ Հայաստանը, ամբողջ հասարակությունը սխալվել են՝ և՛ կառավարությունը, և՛ շարքային քաղաքացին։ Հիմա ուղղակի պետք է կենտրոնանալ երկիրը այս աղետից փրկելու վրա։ Հետո, վաղը կնստենք, կհաշվենք, կտեսնենք՝ ով էր մեղավոր, ով չէր մեղավոր։

Դավադրությունների տեսությունների ու կեղծ լուրերի մասին

Հիմա գանք մի երևույթի, որը կորոնավիրուսի համավարակի պայմաններում դրսևորվեց բազմաթիվ երկրներում և Հայաստանում կարծես շատ ցայտուն դրսևորում ունեցավ։ Խոսքը ապատեղեկատվության, կեղծ լուրերի, դավադրության տեսությունների տարածման մասին է։ Այս ճգնաժամը յուրօրինակ լակմուսի թուղթ էր, որը վեր հանեց խորքային խնդիրները, առավելապես կրթական ցածր մակարդակը, մեդիագրագիտության պակասը։ Ի՞նչ կասեք։

Ցանկացած ճգնաժամ հասարակության համար ինչ-որ փորձառություն է, փորձ է, փորձություն է։ Երբ այս ամբողջն սկսվեց, բոլորս շատ անհանգստանում էինք հենց այս պատճառով, որ մարդիկ ուղղակի լուրջ չեն մոտենա սրան։

Մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում որքան մարդիկ քիչ են կրթություն ստացել, այնքան շատ են հակված հավատալու դավադրությունների տեսություններին։ Ինչու․ որովհետև, եթե դու չգիտես, թե ինչպես է աշխատում հասարակությունը, եթե դու չես հասկանում, թե ինչպես է աշխատում տեխնոլոգիան, տարբեր սարքերը և այլն, քեզ համար շատ հեշտ է հավատալ այս տեսակի տարբեր տեսությունների։ Եթե դու չգիտես այն մեխանիզմների մասին, որոնք կարող են կանխել այդ դավերը, դու սկսում ես այդ դավերին հենց այսպես հավատալ։

Բայց ես մասամբ հասկանում եմ միջին հայաստանցուն, թե ինչու են նրանք այդքան սիրում հավատալ դավերին։ Որովհետև Հայաստանում եղել են դավեր։ Դավը մի բան չէ, որը գոյություն չունի։ Կան իսկական դավեր։ Ու եթե մենք նայենք նախորդ կառավարությանը, թե ինչպես էին նրանք կառավարում երկիրը՝ հանրապետականները․․․․ եթե մենք նայենք, թե ինչպես էր արվում ընտրությունների ժամանակ ձայների առուծախը, դա պետական դավի փայլուն, առկայծող օրինակ էր։

Եվ ինչպես մեղադրել քաղաքացուն, որն իր աչքով տեսել է դա, չորս տարին մեկ տեսել է, թե ինչպես է աշխատում պետական դավը։ Այսինքն՝ որպեսզի մարդիկ նման բաներին չհավատան, պետք է նոր կառավարությունը, այս նոր վարչակազմն իր օրինակով փոխի մարդկանց մտածելակերպը։ Գուցե դա է պատճառը, թե ինչու օրինակ Վրաստանում հասարակությունը հետևում էր պետական կանոններին և պետական խորհուրդներին, իսկ Հայաստանում՝ ոչ։

Արդյոք սա նաև վկայո՞ւմ է իշխանության հանդեպ ավելի մեծ վստահության մասին։

Այնպես չէ, որ այդ վստահությունն այսօր է հիմնավորվում կամ այսօր՝ փոխվում։ Դա մարդկանց, իրենց կյանքի, հասարակական ընդհանուր հիշողության հետևանքն է։ Վերջին հարյուր տարվա ընթացքում մենք ունեցել ենք մի կուսակցություն, մեկի հետևից եկել է մյուսը՝ լինեին բոլշևիկները, լիներ ՀՀՇ-ն, հանրապետականները, պուշ-պուշ խորհուրդներ են տվել ժողովրդին, հետո հենց եկել են իշխանության, այն բռնազավթել և շահագործել են իրենց շահի, իրենց իշխանության համար։ Այսինքն՝ պետք է փոխել հասարակության վստահությունը, ընդհանրապես ոչ թե կոնկրետ կառավարության, այլ կառավարական կառույցների նկատմամբ, իսկ դրա համար պետք է երկար ժամանակ և պետք է լավ օրինակ։

Հայաստանում այսօր այդ ներքաղաքական կոնտեքստը, ներքաղաքական պայքարը ինչ-որ չափով ազդե՞լ է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, նկատի ունեմ ուղղորդված ասուլիսներ, ապատեղեկատվության ուղղորդված տարածում։ Փաստորեն այսօր պայքարի երկու ճակատ կա՝ մեկը համավարակի դեմ, մյուսը՝ ապատեղեկատվության։

Սա, իհարկե, քաղաքական հարց է, բայց ինձ հիմնականում հիասթափեցնում է այն, որ քաղաքական որոշ գործիչներ, իրենց ուղղությունից կախված,- օրինակ, որովետև նրանք ընդդիմադիր են,- պարզապես հակադրվում են այն ամենին, ինչ կառավարությունն է ասում։ Եթե կառավարությունն ասում է, որ պետք է պայքարել կորոնավիրուսի դեմ, նրանք ասում են, որ դա ստից բան է։ Հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի քանի անդամներ, ոորնք դիմակներն անվանում են դնչկալներ, որոնք ընդհանրապես ամեն ձևով հասարակությանն ու միջին քաղաքացուն խրախուսում են չհետևել առողջապահական խորհուրդներին։ Դա, իմ կարծիքով, ուղղակի անպատասխանատվություն է։ Արդյոք նրանք դա անում են, որովհետև անկեղծորեն չե՞ն հասկանում, թե՞ այդպիսով փորձում են, կոպիտ ասած, քաղաքական միավորներ հավաքել։ Ես դա այնքան էլ չգիտեմ, բայց ամեն դեպքում հետևանքն իսկապես ցավալի է։

Կրթության և կրթական բարեփոխումների մասին

Հեղափոխությունից հետո ակնհայտ է, որ այս երկու տարիներին կրթական համակարգը հեռու է բարեփոխված լինելուց։ Արդյոք այս իրավիճակից հետո հրամայակա՞ն է դառնում՝ օր առաջ կրթական հիմնարար բարեփոխումներ սկսելու համար, որոնք ռազմավարական, անգամ անվտանգային նշանակություն են ձեռք բերում։

Ես միշտ ասում եմ, որ եթե նայես այն երկրներին, որոնք ունեն ուժեղ տնտեսություն և ուժեղ զինված ուժեր, եթե վերցնենք ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը․․․ նրանց մոտ ի՞նչ կա։ Կա ուժեղ տնտեսություն, կա ուժեղ ժողովրդավարություն և կա գիտական, կրթական ուժեղ համակարգ։ Գիտական, կրթական համակարգն այն է, ինչ սնուցում է ժամանակակից, առաջադեմ տնտեսությունը, և այն է, ինչը ստեղծում է իրազեկված քաղաքական ընտրազանգված, իրազեկված քաղաքացի։ Գիտենք, որ Հայաստանում կրթությունը շատ վատ վիճակում է։ Եվ ոչ միայն վատ վիճակում է, այլև ավելի է վատացել վերջին քսան տարվա ընթացքում։ Հայաստանի տնտեսությունը լավացել է, իսկ կրթական համակարգը՝ վատացել։ Դա մասամբ գուցե ֆինանսավորման պակասի հետևանքն է, բայց ինչ-որ ուրիշ բաներ կան, որ ֆինանսավորումով չեն բացատրվում։ Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչն է դա։

Կարելի է անվերջ խոսել, թե ինչքան կարևոր է կրթված քաղաքացիական հասարակությունը և ընդհանրապես կրթված քաղաքացին՝ կրթված թե՛ հասարակագիտության և պատմության մասով, թե՛ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության իմաստով։ Մարդիկ հավատում են դավադրության տեսություններին, որովհետև չեն հասկանում, թե իրենց ասած բառերը, որ մտնում են այդ տեսության մեջ, ինչ են նշանակում, և չեն հասկանում, որովհետև չգիտեն։ Նրանք դպրոցում ֆիզիկա, քիմիա չեն անցել, ու նրանց այդ թեման ընդհանրապես չի հետաքրքրում։ Մարդիկ չեն հասկանում, որ իրենց այսօրվա կյանքը, ամեն ինչը մեր շուրջը, ամեն ինչը մեր ձեռքում, ոչ միայն գիտութան, այլև ժամանակակից գիտության հետևանքն է՝ այս համակարգիչը, այս հեռախոսը վերջին տասը տարվա գիտական արդյունքների հետևանքն են։ Հետևաբար, եթե դու իսկապես ուզում ես հասկանալ քո աշխարհը, պետք է քիչ թե շատ, գոնե սխեմատիկորեն հասկանաս գիտությունը։

Ըստ ձեզ՝ այսօր այդ ուղղությամբ Հայաստանում քայլեր նշմարվո՞ւմ են։

Ես բավականաչափ լավ չգիտեմ, ես գիտեմ շատ մարդկանց Հայաստանում, նաև կառավարության մեջ, որոնք իսկապես մտահոգված են։ Դրանք հիմնականում կրթված մարդիկ են, որոնք շատ անհանգստանում են իրենց երեխաների կրթությամբ։ Կարող եմ ասել, որ Հայաստանում կան հիանալի դպրոցներ։ Ես, օրինակ, սովորել եմ Ֆիզմաթ դպրոցում, և ոչ միայն Ֆիզմաթ դպրոցը, ԱՅԲ դպրոցը և այլ դպրոցներ էլ, որոնք ունեն շատ լավ ծրագրեր։ Բայց, ինչպես ասում են, մի ծաղկով գարուն չի գա, մի ձեռքը ծափ չի տա։ Բավական չէ, որ լինեն մի քանի էլիտար դպրոցներ, ամբողջ Հայաստանը, Հայաստանի բոլոր երեխաները պետք է ստանան որակյալ կրթություն։

Այդ փոփոխություններն անելու համար իսկապես պետք են ղեկավարներ, որոնք ունեն տեսլական, որոնք հասկանում են սրա կարևորությունը և ունեն պատկերացում, թե ինչպես հասնել այդ նպատակին։ Դա գուցե նաև նշանակում է քաղաքական ռիսկերի գնալ, գուցե նշանակում է ծախսել իրենց քաղաքական կապիտալի որոշ մասը, որովհետև գուցե նրանք պետք է անեն բարեփոխումներ, որոնք այսօր այդքան էլ լավ չեն ընդունվի հասարակության կողմից։ Մի խոսքով, պետք է դրան շատ սիստեմայնորեն և սիստեմատիկորեն մոտենալ, որպեսզի հնարավոր լինի փոխել կրթական համակարգը։

Պատրաստել է Լուսինե Վարդանյանը

Լուսանկարում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հայազգի երկու պրոֆեսորներ Արեգ Դանագուլյանը և հռչակավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն։ Լուսանկարը՝ Արեգ Դանագուլյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել