Ճշտով, ճշտով եմ ասում ձեզ, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ունենք մեր հայրենի կեսկրկեսը վերլուծելու խնդիր։ Ո՞նց։ Շատ պարզ։ Սկիզբը գործի կեսն է: Գնացեք ու ձեր աչքով կտեսնեք կեսկրկեսի մանրակերտը։ Ո՞ւր։ Բլուր` Կասկադի գլուխ, հենց էն ամենաբարձր հարթակը, որտեղից բացվում է Երևանի տպավորիչ համայնապատկերը։ Դժվար գտնվի մի հայաստանցի կամ մեզ այցելած մի զբոսաշրջիկ, որ Կասկադի ծերը չի ելել ու ավանդական լուսանկարով չի պսակել իր վերելքը։ Տեսնես նրանցից քանի՞սն են տեղյակ, որ ակամայից այցելել են բռնադատվածների հուշահամալիր։ Երևի քչերը։ Գուցե բարին էլ դա է, քանի որ հուշահամալիր կոչվածը լավ է չլիներ, քան թե լիներ էս միջավայրում։
Էստեղ տնկված է ծերին կենաց ծառով մի սյուն, իսկ շուրջբոլորը ծավալվում է բաց երկնքի տակ իսկական թանգարան՝ էլ գնդերին թառած փղեր, հավք ու թռչուն, էլ թզուկի տուն, էլ զեբր ու բու, կոկորդիլոս, ինչեր ասես։ Գուցե սիրուն է, բայց պատկերացրեք, որ էս ամենը Ծիծեռնակաբերդում լիներ՝ հենց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կողքին։ Ձեզ դուր կգա՞ր։ Բա ինչի՞ ձեն չենք հանում։
Գաֆէսճեան կենտրոնին մեղադրելու չի․ մեծ նվեր են արել բոլորիս։ Մեղավորներին թերևս պետք է փնտրել հարևանությամբ պալատներ շինածների միջավայրում, որոնց իշխանության օրոք էլ «հիմնվել է» հուշահամալիրը (2008-ին, երբ երկրի բանտերը ճակատագրի դառը հեգնանքով կրկին լցված էին քաղբանտարկյալներով)։ Գուցե բռնաճնշումների նոր ալիքի վրա «բացվածն» ի սկզբանե մեյմունություն էր, գուցե ուշացող և էդպես էլ չտրվող քաղաքական գնահատականների բացերից են ծնվում էս փակուղային դեժավյուները, բայց դե կեսկրկեսն ինքն իրեն չի վերանա նույնիսկ, եթե փղիկն ու կոկորդիլոսն արտագաղթեն՝ հետևելով Ֆլանգանի նապաստակների օրինակին։ Չնկատելու տանք նաև, որ մոտակա Հաղթանակի զբոսայգին մայիսի 9-ին ավելի մարդաշատ է լինում, քան հունիսի 14-ին բռնադատվածների հուշահամալիրը։
Ամեն դեպքում, էսօր հիշատակի օր է։ Մեզնից ոմանք կկանչվեն իրենց իսկ հիշատակը վառ պահելու։ Ո՞նց։ Շատ պարզ։ Եթե դուք բռնադատված եք ու ապրում եք Հայաստանում, էսօր պաշտոնապես ձեր օրն է, օրենքի տառով՝ «Բռնադատվածների հիշատակի օրը»։ Պատկերացրեք ապրիլի 24-ն անվանվեր ոչ թե ցեղասպանության զոհերի հիշատակի օր, այլ վերապրածների։ Մեղավորն օրենսդիրն է, որ զոհին ու վերապրողին չի տարբերել, որ «կենդանի հիշատակի» ավանդական կենացը բառացի է հասկացել (2006-ին «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում արված լրացմամբ)։ Ուշադրություն, ոչ թե, ասենք, ստալինյան բռնաճնշումների կամ խորհրդային կարգերի զոհերի, այլ պարզապես բռնադատվածների։ Կմտածեք՝ տառակերություն եմ անում, որ օրվա խորհուրդը ներառում է նաև մահացածներին, ընդհանրապես բոլոր զոհերին, բայց արի ու տես, որ «բռնադատված» հասկացությունը մեկ այլ օրենքով սահմանվում է իբրև Հայաստանում մշտապես բնակվող անձ, ոչ թե հանգուցյալ (տե՛ս ՀՀ օրենքը բռնադատվածների մասին)։ Ուրեմն վեր եք կենում ու ձեր ոտքով գնում ձեր իսկ հիշատակը վառ պահելու, մանավանդ որ ձեզնից ու ձեր ժառանգներից բացի, շատ մարդ չի էլ գնում։ Էդ ո՞ւր։ Բլուր՝ Կասկադի գլուխ, ձեզ հատկացված համապատասխան հուշահամալիր։ Դուք Հայաստանում չե՞ք ապրում, գերեզման չե՞ք գնացել, չե՞ք տեսել մարդիկ ոնց են իրենց նկարով քարի առաջ կանգնած հուզվում, ծննդյան տարեթիվը գրած, գծիկն էլ՝ քաշած։ Մեռած են, թաղած չեն։ Դրա նման մի բան էլ էստեղ է կատարվում։
Ու թող ձեր ողջակիզվող ոգին անմար կրակի կարոտ չքաշի, որովհետև էստեղ մի վառվող մոմ անգամ չկա, փոխարենը կան գնդերին թառած փղեր, հավք ու թռչուն, թզուկի տուն, զեբր ու բու, արդեն ասացի՝ ինչեր ասես, նույնիսկ մի մարդաբոյ քար Ազատության պողոտայից դեպի հարթակ տանող ճամփին, որին փորված է. «Երկինք մի մաքուր, արև մի բոսոր լոկ հոկտեմբերյան հողմերը տվին»։ Դե, 65 մետրանոց սյունը չնկատել չի լինի, շարունակում է մնալ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին անմնացորդ նվիրված, վրան գրված թիվը վկա՝ ՌՋԿԷ, հավերժության անիվը կա, հայավարի իր համար քարացել է պտույտի մեջ, իսկ չարենցյան տողը ահա՝ «Բոլոր նրանց, ում որ ոգին վառվում է վառ», երկիմաստ է դարձնում կոթողը, ու այլևս չի հասկացվում՝ անարգանքի սյո՞ւն է սա, թե՞ հաղթական, սովետ-ուրարտական մի օբելիսկ։ Ըստ մեր օրենքի տառի՝ Չարենցը բռնադատված չի, բայց տարրական տրամաբանությունը հուշում է, որ էսօր նաև իր հիշատկի օրն է։ Դժվար է ասել՝ իրերն իրենց անունով չկոչելու հայեցի սնամտությո՞ւնն է, թե՞ դեռևս Սովետի հովերով ապրող ու Ստալինի արձան տնկող ռազմավարական դաշնակցին չնեղացնելու անհեթեթ վախն էս ամենի հիմքը։ Մի՞թե հնարավոր չէր օրենքի պարզ խմբագրամամբ օրվա խորհուրդն ի մի բերել, ասենք՝ «Խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակի օր» կամ նման մի բան։
Լավ, օրենքը թողնենք օրենսդրին, հետ գանք համալիր։ Բուն շինությունը կիսագետնափոր մի կառույց է՝ ըստ էության ողջ «հուշահամալիրը», չնայած իր տեսքով մեկ հուշում է, որ ոչ մի համալիր էլ էստեղ չկա։ Նախկինում տարին կլոր կողպեքի ու փակի տակ հենց էստեղ էլ պահվում էր բռնադատվածների հիշատակը (և միայն հունիսի 14-ի կեսօրին աշխարհի չորս ծագին նայող երկաթակուռ ու ճաղաշար հուշո դռները բացվում էին մի քանի ժամով՝ չխկըլը բաց, իսկ երեկոյան, հիշատակի դռները փակվում էին՝ չխկըլը փակ, ա՛ռ հա քեզ անմար հիշատակ, ու էդպես մինչև գալ տարի)։
Նոր Հայաստանը, որի մեկնարկը խորհրդանշական կերպով տրվեց փողոց փակելով ու ապագայի ճամփան բացելով, բացվել-փակվելու հետ կապված խնդիր ունի․ ինչպես Բաղրամյան 26-ի դռները՝ չխկըլը, բացվեցին ու փակվեցին, էդպես էլ մենք պերմանենտ բացուխուփվում ենք, ու չի հասկացվում՝ իբրև երկիր ու հասարակություն բացվո՞ւմ ենք, թե՞ փակվում։ Նման է էն բանին, որ հանվես ու ջուրը չմտնես, հա ոտնաթաթդ թրջես ու հետ քաշվես (կամ սառնությունից կամ անհայտ ջրեր մտնելու ահից), նման է էն բանին, որ Փոքր Մհերն իր քարանձավից հա ծիկ անի ու էդպես էլ դուրս չգա (կամ ինքն է դարավոր սպասումից խելքը թռցրել կամ էլ մեզ է գժվացնում էս Սասնա ծուռը)։ Ուրեմն նույն պատկերն էլ էստեղ է՝ բացուխուփ մի տարածք, որի դուռ ու շեմն իբր բաց են, բայց և փակ են, իսկ բովանդակ ներսը մնում է գոց՝ ժողովրդին անհայտ, եթե չասենք՝ չհուզող։ Մեղադրելու չի։ Ժողովուրդը խորհրդային բռնաճնշումներն իբրև սեփական պատմության ցեղասպանությունից ոչ պակաս ողբերգական էջ դեռևս համարժեքորեն չի ընկալել։
Համենայն դեպս ներսում կան բազում ցամքած պտուկ-ծորակներ, կենտրոնում՝ սահմանաքարի նմանակ, որի արձանագրությունը բռնադատվածների հետ առանձնապես կապ չունի. «Այս հուշարձանը մենք կառուցեցինք ի նշան հայ ժողովրդի նոր վերածնության և փորձեցինք հիմքը Հայոց աշխարհի հիմքի պես հաստատուն անել, իսկ ոգին` հայ ժողովրդի ոգու նման երկնասլաց»։ Ապուշն անգամ կհասկանա, որ հուշարձանը բռնադատվածների համար չի կառուցվել. նվիրված է Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակին։ Մենակ մի բան փափախ չեն արել. բռնադատվածների պատվին փափախ են դրել գլխին՝ սյունաշար գմբեթ։ Մեկ էլ ջանադրաբար ջնջել են անցանկալի գրությունները, ասենք՝ «Այստեղ՝ հավերժական Արարատի և Արագածի դիպման վայրում, հայ ժողովուրդը կատարեց իր Նոյեմբերյան հեղափոխությունը 1920 թ. նոյեմբերի 29-ին», կամ «…ողջույն քեզ, բացվող պայծառ առավոտ», իսկ մնացածը թողել են։ Ճակատին ավելացրել են՝ «Ի հիշատակ հայ բռնադատված զոհերի»։ Ալե՜-հո՛պ, այ քեզ ֆոկուս, և Սովետի պանծալի հոբելյանները հավերժացնող համալիրը վանդալիստական մի շարժով վերածվում է բռնադատվածների հուշահամալիրի։ Ինչ խոսք, տխուր կրկեսային համար է, որ հիշեցնում է հայտնի գործելաոճը, երբ եկեղեցիների գլխից խաչ ու զանգ հանում էին, սարքում կոլխոզի շենք ու ամբար։ Նույն փոսը քանի՞ անգամ կարելի է ընկնել, քանի՞ անգամ կարելի է մի պատմական շերտ ջնջել ու աղավաղելով մյուսի համար իբր տեղ բացել։ Եվ այս կետում Կասկադի էկլեկտիզմը (սովետական ազգային + Գաֆէսճեան հավաքածու+ նորօրյա կցագմբեթ) վերածվում է սևահումոր գրոտեսկի։
Ու կրկի՛ն պետք է հարցնեմ, եթե էստեղ լիներ Ցեղապսանության զոհերի հուշահամալիրը, ձեզ դուր կգա՞ր, թե՞ կհամարեիք, որ անարգվում է անմեղ զոհերի հիշատակը։ Կասեք՝ անհամեմատելի են, չի լինի դնել նույն կշեռքի նժարներին։ Չեմ վիճի, բայց դա հիմք չի խորհրդային կարգերի զոհերի հիշատակը Սովետի 50-ամյակին նվիրված համալիրում թաղելու համար։
Ու սա կրկեսի կեսն է։ Երբ քաղաքը քաղաքացունը չի, միջավայրը երբեք էլ մարդակենտրոն չի լինի։ Էս է՝ ազատ քաղաքացի, մարդավայել միջավայր։ Ստալինի Սովետում էլ չկար ազատ քաղաքացի, կային բռնադատվածներ ու ազատուկներ (չեմ հորինել, Մկրտիչ Արմենի բառն է)։ Մարդը շենքից կարևոր է, իսկ մարդն անտեսված է, և մենք՝ ազատուկներս, երևի բավականաչափ հպարտ քաղաքացիներ չենք, որ մեր կողքին հենց հիմա Հայաստանում բնակվող շուրջ երեք հազար բռնադատվածներին դատապարտել ենք վաղաժամ խնկարկման։ Մեծ մասը 49-ի հունիսի 14-ի զանգվածային բռնաքսորի ենթարկվածներն ու աքսորավայրում ծնվածներն են, մեծահասակ մարդիկ են, բայց դեռ ողջ են, կան։ Հիշում եք՝ մի գիշերվա մեջ 14 հազար մարդու տնից-տեղից կտրեցին, առանց դատ ու դատաստանի քշեցին տարան Ալթայի երկրամաս։
Էսօր բռնադատվածների հիշատակի օրն է, ուրեմն վերապրածների ողջակիզման (ցավալի է, բայց փաստ) ու հանգուցյալների ոգեկոչման, ինչ-որ չափով նաև ազատուկների ամոթանքի և հպարտ քաղաքացու ինքնաքննադատության օրն է, որովհետև, փաստացի, էս կեսկրկեսի վերջը չենք տվել, չենք կառուցել օրվա խորհրդին հարիր հուշահամալիր, էլ չասեմ, որ կողքին էլ չենք հիմնել մի թանգարան-ինստիտուտ, որ լրջորեն կզբաղվեր սովետական մեր բախտ ու բանի հարցերով։ Մի՞թե հենց մեր դառը պատմական փորձը հերիք չէր համոզվելու, որ անցյալի ուրացմամբ, կեղծմամբ կամ պարզ անտեսմամբ պայծառ ապագա չի կառուցվելու։
Ծուռ նստենք, շիտակ խոսենք. ո՞նց էս օրին եկանք հասանք։ Գուցե պետք չի «պեչենու» բաղերն ընկնել՝ անցյալի վերարժևորումից, պատմության վերանայումից,արդարության լիարժեք վերականգնումից խոսել, գուցե ամեն ինչ շատ ավելի բանալ էր՝ ուղղակի փողի ալիք չկար, էդքան բան։ Ոչ միջազգային ճանաչման հարց կար, ոչ պահանջատիրության, ումից ի՞նչ ուզեին՝ հո՞ղ, փո՞ղ հատուցո՞ւմ, մե՛նք պիտի տայինք իբրև երկիր։
Էսպես եղավ։ Սովետը փլվեց, ամեն երկիր ի՛նքը պիտի իր տարածքում բնակվող բռնադատվածներին ճանաչեր ու հատուցում տար։ Լավ սկիզբը գործի կեսն է։ 1994-ին (ուշադրությո՛ւն, զինադադարի կնքումից օրեր անց)՝ հունիսի 14-ին, ընդունված օրենքով բռնադատվածի կարգավիճակ ստացավ 5 հազար 600 մարդ։ Էն «փիս» տարիներին ամսական գումար էին ստանում՝ շատ չէ, մի քանի հազար դրամ, տաքսի ձրի չէին նստում, ընդամենը հանրային տրանսպորտից էին անվճար օգտվում, դեղորայք էին կես գնով առնում, հոսանքի վարձն էին քիչ մուծում, հեշտացված կարգով հող ու տան տեր էին դառնում, «անմար հիշատակ չէր», բայց էլի բան էր, չեղած տեղից փոխհատուցում։
Հետո եկավ արդարացիորեն ճաղերի հետևում հայտնված «միակ տղամարդը», էն որ «Հայր մեր»-ը չգիտեր, ու պարզվեց, որ մենք աղքատ երկիր ենք։ Լինսի արև, փող չկա, յան տվեք։ Մտմտաց՝ էս մարդկանց հախից իր նախահայր Ստալինն անգամ չի եկել, ինքը ո՞նց գա։ Բա իհարկե, հին ընկերները չեն դավաճանում, և դաշնակցության թեթև փոխանցմամբ էս հարցը լուծվեց։ Գոլ։ Հանճարեղ միտք՝ հիշատակի օր։ «Գնա մեռի, արի սիրեմ» արեցին, ողջ ու մեռել իրար խառնեցին ու խնկարկեցին, կարևորը ծուխ շատ լինի, որ աչք մրմռա ու արցունք բերի։
Պարզ է, էսօր ջահերով երթ չեն անի, չնայած եթե խորանանք «դաշնակցականի» անվան տակ են հազարավոր մարդկանց արտաքսել։ Աո՜ւ, ո՞ւր եք, դաշնակցականներ, չեմ տեսնում ձեր ձեռքերը, թո՛ւհ, ի՞նչ եմ ասում, ջահերը, ո՞ւր են ձեր ջահելները, չե՞ք ուզում վառել Ստալինի նկարը, Սովետի դրոշը, թե՞ ձեր ստեղծարար ջիղը մենակ էս զավեշտախաղը բեմադրելուն հերիքեց։ Ինչի՞ պահանջատեր չեք լինում, որ «հայ-դաշնակցական» բռնադատվածներին մտցնեն էթնիկ հիմքով ռեպրեսիայի ենթարկված ժողովուրդների ցուցակ, ոնց որ Ղրիմի թաթարներին։ Լավ, դաշնակցությանը թողենք հանգիստ ննջի պատմության գրկում։
Հայաստանյայց առաքելական եկեղեցու վրա էլ կարելի է հույս չդնել, եթե չասենք՝ խաչ քաշել։ Թեև սովետաբաղձությամբ չպիտի որ տառապեր, բայց արի ու տես, որ Երևանի բանտում կացնահարվածներին, գնդակահարված ու աքսորված հազարավոր սպաներին, սպանված հարյուրավոր մտավորականներին, աքսորված ներգաղթյալ սփյուռքահայերին, բռնագաղթի ճանապարհին ցրտից ու քաղցից մահացածներին, տո հենց իրենց հոգևորական եղբայրներին, որնց գլուխը Սովետը մեծ ախորժակով կերավ, մի խոսքով, հազարավոր անմեղ զոհերին հաստատ չի շտապում սրբադասել։
Իսկ օրվա իշխանություննե՞րը։ Պարզ է, չէ՞, Հ1-ով օրնիբուն հիշատակի համերգ ու միջոցառում չեն հեռարձակվելու, մեր անունները չեն հոսելու էս ամոթալի «հուշահամալիրի» պատերի վրայով, պատգամավոր ու նախարար, դեսպաններ ու պատվիրակներ քափուքրտինք կտրած չեն բարձրանալու Կասկադն ի վեր՝ ծաղիկներ դնելու։ Ոչ ոք առանձնապես ոչ հիշելու է, ոչ էլ պահանջի, որովհետև հիշողության քո ինքնակամ կորուստն ումի՞ց պահանջես։
Ծանրամարս անցյալի դամբարանացումը պատմության հետ հաշիվները փակելու ամենակարճ ճամփան է. հետ ես տալիս չմարսվածը քաղաքի դոշերին, փսխուքը ծաղիկներով կոծկում, որ շատ չզռա ու քաշվում մի կողմ։ Մի ձեռքով շըփ-թըփ նոր արձան ու համալիր ես խոյացնում, մյուսով ավերում հուշն ու հնությունը։ Ո՞նց եղավ, որ նորերն էսքան հեշտությամբ ընկան էս հին ծուղակը։
Երբ Արամ Մանուկյանի կիսավեր տնից մի քանի հարյուր մետրի վրա տնկեցին նրա արձանը, դա առաջին ծիծեռնակը չէ՞ր, ավելի ճիշտ՝ գուժկան բայղուշը, որ Նոր Հայաստանը «հուշ-արձան» ասվածի հետ լուրջ խնդիր ունի։ (Մի ուրիշ՝ առանձին թեմա է, թե ոնց բաղնիքի գունաթափված ցամքոցի պես դրոշն ուսին գցած Արամի արձանը հանդուրժվեց էն թամաշավորների կողմից, որ բեմում Հայաստանի ու իր երկրի դրոշով փաթաթված անգլիացի դերասանի խաղը ժամանակին իբրև վիրավորանք ընկալեցին, թե ոնց վարչապետը հանրայնորեն ստորացրեց մի մաքսավոր ջահելի դրոշն իբր անարգելու համար, թեպետ ի պատիվ իրեն հետագայում կարծես թե շտկեց վիճակը ու չնկատելու տվեց, որ իր բացած արձանը տեղով մեկ ոչ միայն օրինիբուն ոտնահարում է «ՀՀ դրոշի մասին օրենքը», այլև անարգում Արամի հիշատակը): Կմտածեք՝ քթիմազություն եմ անում, կասեք՝ «պեչենու» բաղերն ես ընկնում, Արամի արձանի պատմությունն ի՞նչ կապ ունի բռնադատվածների օրվա հետ։ Իսկ ես կկրկնեմ՝ նույն փոսը քանի՞ անգամ կարելի է ընկնել, քանի՞ անգամ կարելի է մի պատմական շերտ աղճատելով մյուսի համար իբր տեղ բացել։ Ավելին՝ էս ամենի հիմքը միևնույն անքննելի, քարացած ակունքն է, մեր դարդերի դարդը՝ հիշողության քաղաքականության ֆիասկոն, որի ամենաթարմ վկայությունը Ֆիրդուսի թաղամասի ոչնչացնումն է։
Ես հիշում եմ, գուցե այլևս իմաստ էլ չունի, որ պահանջեմ, բայց պահանջում եմ Խաչիկ պապիկի այգին։
Խաչիկ պապիկին անձամբ չգիտեմ, թերթում եմ նրա պատմությունը կարդացել, տարիներ առաջ, բայց լուսանկարը դաջվել է հիշողությանս մեջ, ու թե փողոցում տեսնեմ հաստատ կճանաչեմ։ Եթե դեռ ողջ է Խաչիկ Մալաքյանը, արդեն պիտի որ 102 տարեկան լինի։ Ուսանող է եղել, երբ աքսորել են 13 տարով՝ մինչև համաներում։ Ավանում հող էր ստացել իբրև բռնադատված, այգի տնկել։ Այգին մերը չէր, իրենն էր, ու օր ծերության ձեռքից խլել էին, ոչ մեկը չէր ասել՝ սիրուն չի։ Երանի ողջ-առողջ լինի, երանի բողոքի ձայնը տեղ հասած լինի, արդարությունը՝ վերականգնված, երանի հարյուրը բոլորած ու իր այգում մի լավ քեֆ արած լինի, երանի ողջակիզված չլինի։
Պապի ջան, գիտեմ, որ քեզ դամբարան պետք չի, քեզ այգիդ է պետք, մեզ էլ պետք չի էս կեսկրկես համալիրը, մեզ մի ուրիշ կանաչ բլուր ու նորաշեն բարձունք է պետք քեզ ու բախտակիցներիդ հարգելու համար։ Համ էլ չգիտեմ՝ ապրում ես, թե հեռացել ես, չգիտեմ՝ այգիդ կա, թե վերացրել են, բայց էսօր հետդ եմ, էսօր քեզ հիշելու օրն է, էսօր առավոտից մտքիս մեջ ես՝ կանաչ այգուդ ծառի տակ նստած, խաղաղ ժպտալիս․․․
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, մենք դեռ ունենք Հայաստանի այրված այգեստանները տերերին վերադարձնելու պարտք, մենք դեռ ունենք արդար, ազատ ու անկախ երկրի վերածելու հայրենիք, բայց էլ չունենք կեսկրկեսում ապրելու, կեսկրկեսով հիշվելու ցանկություն։ Նրանք չունեն, բայց մենք ունենք ի հիշատակ հիշատակի քայլ անելու կարողություն։