14 նոյեմբեր, 2011 07:26

Նոյեմբեր 14, բարի լույս

Այսօր Ազգային Ժողովի նիստում պաշտոնապես կներկայացվի Հովիկ Աբրահամյանի հրաժրականի դիմումը: Ըստ օրենքի, նրա հրաժարականը կընդունվի, եթե հինգ օր անց Հովիկ Աբրահամյանը կրկին դիմում ներկայացնի: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` որպես Ազգային ժողովի խոսնակի թեկնածու է առաջադրվելու խորհրդարանի հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

Իսկ Իտալիայում հրաժարական է ներկայացրել վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Հրաժարականի պատճառ է հանդիսացել Իտալիայի պարտքային ճգնաժամը որն իրական սպառնալիք է եվրոգոտու համար։ 75-ամյա Բեռլուսկոնին խոստացել էր հեռանալ իր պաշտոնից տնտեսական բարեփոխումների մասին օրինագծի ընդունումից հետո, ինչը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին։

ԵԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում մամուլի դեմ դատական հայցերի աճով: ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հասցեագրված նամակում, կոչ է արել իշխանություններին բարեփոխումներ կատարել օրենսդրության մեջ, որպեսզի զրպարտության ու վիրավորանքի համար լրատվամիջոցների փոխհատուցումը համարժեք լինի պատճառած վնասին և չվտանգի մամուլի բնականոն աշխատանքը: