6 դեկտեմբեր, 2011 04:55

«Փարիզյան սուրճ»-ն էր մեղավոր

Սա հետևանքն էր քաղաքապետարանի այն որոշման, ըստ որի՝ Աբովյան փողոցից պետք է հանվեն բոլոր կրպակները և ժամանակավոր կառույցները, որոնք գրավում են մայթերի զգալի հատվածն ու աղավաղում փողոցի տեսքը:

Քաղաքապետարանի նախաձեռնությունն իրոք ողջունելի է, սակայն չի կարելի բոլորին նույն արշինով չափել: Նախքան նման որոշումներ կայացնելը թերևս արժե հարցնել նաև մեզ՝ երևանցիներիս՝ արդյոք սրճարանն ավելո՞րդ է քաղաքում:

Երևանի քաղաքապետարանում քիչ չեն մասնագետները, որոնք ի պաշտոնե կարող են և պարտավոր են խորհուրդ տալ քաղաքապետին՝ հուշելու քաղաքի արտաքին տեսքի հետ կապված որոշ նրբություններ: Պարզվում է՝ Երևանն անգամ գլխավոր դիզայներ ունի, որը պարտավոր է հետաքրքրվել քաղաքի արտաքին ձևավորման հարցերով:

Դա Գառնիկ Ամատունյանն է: Բարձրաշխարհիկ շրջանակներում նա հայտնի է որպես Գագա Ամատունի՝ DesignDeluxe ՍՊԸ-ի տնօրենը, որը զբաղվում է բնակարանների և տարբեր տարածքների ներքին ձևավորմամբ, արտաքին գովազդով և համանուն ամսագրի խմբագրությամբ:

Հետաքրքրական է, որ Գագա Ամատունին հաճախ է երևում «գլամուրային բուտիկների» բացման արարողություններին և նմանատիպ այլ միջոցառումների, սակայն քաղաքի ձևավորման հարցում երբեք նրա անունը չի լսվում:

Բնական կլիներ, եթե Ամատունու ֆեյսբուքյան էջը երևանցիների համար վերածվեր ակտիվ քննարկման հարթակի, բայց, ցավոք, նա կիսաանհայտ ֆիգուր է հանրության համար: «Երևանի դիզայներ» բարձր կոչումը նրա համար թերևս լծակ է, որ նա ծառայեցնում է իր բիզնեսի բարգավաճման համար:

Այնուամենայնիվ, չնվազեցնելով քաղաքային իշխանություններում նրա դերը՝ ցանկանում եմ մի քանի հարց ուղղել գլխավոր դիզայներին. մի՞թե Աբովյան փողոցում իր ուրույն տեղը գտած «Փարիզյան սուրճ» սրճարանն այն կառույցն էր, որից անհրաժեշտ էր սկսել ժամանակավոր շինությունների ապամոնտաժման գործընթացը: Արդյոք Երևանի գլխավոր դիզայները տեղյա՞կ է քաղաքի արտաքին տեսքին առնչվող այն ձևավորումներին, որոնք արդեն իրականացվել են կամ ապագայում նախատեսվում են իրականացվել:

«Փարիզյան սուրճ»-ն Աբովյան փողոցի «չարյաց փոքրագույնն է»: Ակնհայտ անճաշակության և գռեհկության ֆոնին, որը Երևանում դարձել է օրինաչափություն, «Փարիզյան սուրճ»-ը ճաշակով անկյուններից էր, որն ըստ էության չի էլ խանգարում անցորդներին (Աբովյան փողոցի այդ հատվածը բավական լայն է): Եվրոպական քաղաքներում մայթեզրյա սրճարանները քաղաքային կուլտուրայի բաղկացուցիչ մասն են:

Միգուցե ավելի ճիշտ կլինի քաղաքապետարանը «Փարիզյանից» մի 30 մետր ներքևի՞ց սկսի իր գործը...