9 դեկտեմբեր, 2011 05:18

ՀՀԿ-ի կոչը՝ լուսաբանել ՀՀԿ նորմալ պատգամավորներին

«Այնպիսի տպավորություն է, որ ԶԼՄ-ները հատուկ շեշտ են դնում մեր խնդրահարույց պատգամավորների վրա: Արդյունքում շատերը մոռանում են, որ ՀՀԿ-ում կան նաև մեղսունակ և նորմալ մարդիկ»,– ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Հա՛, անախորժություն է տեղի ունեցել: Հիմա ինչ՝ մեկ-երկու էմոցիոնալ խուլիգանների պատճառով պետք է ժողովրդի մոտ վատ տպավորությո՞ւն ստեղծեք Հանրապետականի մասին: Ամոթ է, ա՛յ ԶԼՄ-ականներ ջան»,– նշել է նա:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արմեն Մարտիրոսյանի ելույթները ոչ ադեկվատ ազդեցություն են թողնում իշխանավորների վրա: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ «Ժառանգության» պատգամավորի ճառը էներգետիկայի նախարարին ստիպեց ձանձրույթից փրկություն փնտրել iPad-ի շարիկահեն խաղի մեջ:

ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը Մարտիրոսյանի ելույթները գնահատում է հանրապետականների նյարդերը փորձարկելուն ուղղված ագրեսիվ սադրանք:

«Ախր նա տեսնում է, որ մերոնց հետաքրքիր չէ իր ելույթը, բայց չէ, միևնույն է, մզզացնում է մեր խմբակցության նյարդերը», – ասել է Նիկոյանը: «Կարծես հատուկ, զոռով ստիպի մեր պատգամավորներին հայհոյել կամ ինչ-որ այլ մեյմունություն անել, որ նոր ավարտի ելույթը»:

««Ժառանգություն»-ը միտումնավոր շարքից հանում է ՀՀԿ պատգամավորներին»,– ասել է ՀՀ հիմնադիր հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ վստահություն հայտնելով, որ Արմեն Մարտիրոսյանը վնաս է ՀՀԿ հոգեկան առողջությանը: «Սա առաջին դեպքը չէ, որ «Ժառանգության» պատգամավորը ափերից հանում է խաղաղ նստած, ընկերների հետ զրուցող հանրապետականներին: Կարծում եմ՝ «Ժառանգություն»-ը երկարաժամկետ կտրվածքով կարող է հոգեկան խոր տրավմաներ թողնել ԱԺ-ում ժամանակ անցկացնող ՀՀԿ պատգամավորների վրա... Ի վերջո, միշտ չէ, որ iPad-ը կարող է փրկել»:

«Ժառանգություն»-ը պնդում է, որ նրանք չեն փորձում ո՛չ վնասել իրենց հանրապետական գործընկերների առողջությանը, ո՛չ էլ գրավել ՀՀԿ անհաջող պատգամավորների ուշադրությունը: Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ «Ժառանգություն»-ը փորձում է հաշվի առնել ՀՀԿ պատգամավորների ընկալունակության մարտահրավերները և զգայունությունը:

«Մեր մի քանի ներկուսակցական քննարկումների արդյունքում որոշվել է, որ Արմեն Մարտիրոսյանի ելույթներն այսուհետ կուղեկցվեն ուրախ երաժշտությամբ, և ամեն ելույթի վերջում կկազմակերպվի ֆուրշետ՝ հանրապետական գործընկերների համար»,– ասել է նա:

Մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ ՀՀԿ խորհուրդը որոշել է, որ հաջորդ ընտրություններ ԱԺ կայցելի հանրապետական պատգամավորների՝ նորմալ մարդու տպավորություն թողնող հատվածը՝ 20%-ը: Որոշման նպատակը, ենթադրաբար, կուսակցության իմիջը վերջնական ոչնչացումից փրկելն է: