Մատչելի և մեծապես հասանելի դեքսամետազոն դեղամիջոցը կարող է փրկել կորոնավիրուսով վարակված անձանց կյանքը․ այս մասին հայտնում է BBC-ն։
Ըստ բրիտանացի փորձագետների՝ դեքսամետազոնով բուժումը մահացու վարակի դեմ պայքարում մեծ բեկում է։
Ըստ հոդվածի՝ դեղորայքը մեկ երրորդով կրճատել է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված պացիենտների մահացության վտանգը, թթվածնային սարքերին միացվածներինը՝ մեկ հինգերորդով։
Հետազոտողների պնդմամբ՝ եթե դեքսամետազոնն օգտագործվեր Մեծ Բրիտանիայում համավարակի սկզբից, այն կարող էր մինչև 5 000 կյանք փրկել։ Բացի այդ, այն կարող է հսկայական օգուտ բերել անապահով երկրներին, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի հսկայական թվեր։
Կորոնավիրուսով հիվանդ 20 մարդուց 19-ը ապաքինվում է առանց հոսպիտալացման։ Հոսպիտալացվածներից շատերը ապաքինվում են, բայց ոմանք կարող են ունենալ թթվածնի կամ մեխանիկական օդափոխության կարիք։ Վերջինները ամենավտանգված կատեգորիայում գտնվողներն են, որոնց նույնպես կարող է օգնել դեքսամետազոնը։
Օքսֆորդի համալսարանի իրականացրած փորձի շրջանակում դեղորայքը տրվել է 2 000 պացիենտի, որոնք համեմատվել են դեղորայք չստացած 4 000 անձանց հետ։
Օդափոխության սարքերին միացվածների համար մահվան վտանգը 40 տոկոսից նվազել է 28 տոկոսի։ Թթվածնի կարիք ունեցողների համար մահվան վտանգը կրճատվել է 25 տոկոսից 20 տոկոսի։
ՍիվիլՆեթը մեկնաբանության համար դիմեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանին։ Վերջինս հայտնեց, որ ըստ բժշկի ցուցման՝ այդ դեղամիջոցը նույնպես օգտագործվում է կորոնավիրուսով վարակվածների բուժման ընթացքում։