Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից, հայտարարեց՝ «շինծու գործ է» (լրացված)

Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության ծառայությունում ժամեր տևած հարցաքննությունից հետո դուրս եկավ։

Լրագրողների բազմաթիվ հարցերին, թե արդյոք իրեն կալանավորելու որոշում է կայացվել, Ծառուկյանն ասաց․ «Սա շինծու գործ է, սարքած գործ է»։

Armtimes.com կայքը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ կալանավորելու միջնորդությունն արդեն ներկայացվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Լրացում – ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին հայտնել է Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը: Նա նշել է՝ քիչ հավանական է, որ նիստը կայանա այսօր, քանի որ շատ են գործի մասին նյութերը, և ժամանակ է պետք դրանց ծանոթանալու համար:

․․․

Այսօր ավելի վաղ խորհրդարանը բավարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունները և Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից ու թույլատրեց նրա կալանավորումը։

Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները բոյկոտեցին և չմասնակցեցին քվեարկություններին։

Քվեարկություններն ընթացան գաղտնի։ 132 հոգանոց խորհրդարանի 87 պատգամավոր, որից 86-ը՝ Իմ քայլը խմբակցությունից, կողմ քվեարկեցին դատախազի ներկայացրած միջնորդություններին։

Ծառուկյանը, նրա կուսակիցները իրենց ելույթներում հարուցված քրեական գործերը որակեցին քաղաքական հետապնդում։

Լուսավոր Հայաստան խմբակցությունը ևս քննադատեց Ծառուկյանի դեմ սկսված արշավը՝ այն համարելով քաղաքական շարժառիթներ ունեցող։

Ծառուկյանը խորհրդարանում իր ելույթից հետո ԱԱԾ ծառայողների ուղեկցությամբ գնաց ԱԱԾ կենտրոնական շենք՝ հարցաքննության։

․․․

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կիրակի` հունիսի 14-ին, խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը։ Այնուհետև Ծառուկյանը ավելի քան ութ ժամ հարցաքննություն անցավ ԱԱԾ-ում։ Նույն օրը ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել երեք տարբեր քրեական գործերի մասին, որոնք առնչվում են Ծառուկյանին։

Գործերից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում ընտրակաշառք բաժանելուն, մյուսը՝ ապօրինի խաղատներ աշխատեցնելուն և պետությանն ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս պատճառելուն և երրորդը Առինջ համայնքում հողատարածքի ապօրինի օտարմանը։

Մեկնաբանել