Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը՝ ընդդեմ հայկական օրինագծի

Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը երեկ մերժել է Սենատ ներկայացված ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ այն համարելով հակասահմանադրական:

«Մեդիամաքս»-ին Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանն ասել է, որ հանձնաժողովի անդամները 23 «կողմ», 9 «դեմ» և 8 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ մերժել են օրինագծի տեքստը:

Ըստ Վարժապետյանի՝ հանձնաժողովի անդամները սենատորներին հորդորել են հրաժարվել հունվարի 23-ին Սենատում նախատեսված օրինագծի քննարկումից՝ պատճառաբանելով, որ 2011թ. մայիսին Սենատը չէր ընդունել նմանատիպ օրինագիծը:

«Այնուամենայնիվ, հանձնաժողովի այդ դիրքորոշումը չի կարող խանգարել Սենատի լիագումար նիստում հունվարի 23-ին սպասվող քննարկմանը, քանի որ ներկա պահին սենատորների մեծամասնությունը կողմ է օրինագծի քննարկմանը»,– ասել է Վարժապետյանը՝ հավելելով, որ օրինագիծն արդեն փոխանցվել է Սենատի օրակարգ, որն արդեն իսկ հաստատված է: Նա նաեւ նշել է, որ Սենատի նախագահ Ժան Պիեռ Բելը վերջերս հայտարարել է, որ թեև կողմ չէ նմանատիպ օրինագծերի քննարկմանը Սենատում, բայց չի խոչընդոտի գործընթացը:

Մեկնաբանել