Դատավորները ճնշված են գործադիրի կողմից

-Պարոն Օհանյան, Ձեզ քննադատողները կարծում են, որ ռեգրեսիվ հայցը կկաշկանդի դատավորների ազատությունը:

-Դատավորների անկախությունը կաշկանդում է իշխանությունը, գործադիր մարմինը: Իսկ ռեգրեսիվ հայցի մասին գրված է օրենքում. հետադարձ պահանջի իրավունքը՝ ռեգրեսիվ իրավունքը, պետք է դիտարկել վնասի հատուցման համատեքստում՝ կիրառելով նախաքննության, հետաքննության, դատախազության մարմինների, պաշտոնատար անձանց և դատարանների նկատմամբ, որպեսզի նրանք հատուցեն իրենց պատճառած վնասը Հայաստանի Հանրապետությանը:

-Եթե Հայաստանում սկսի գործել ռեգրեսիվ հայցը, ի՞նչ տեղի կունենա գործնականում՝ բացի նրանից, որ բյուջեից վճարված գումարները հետ կվերադարձվեն:

-Այդ պարագայում կսկսի իրականացվել արդարադատություն: Պաշտոնատար մարդիկ կդառնան ավելի արդարամիտ, ավելին՝ նրանք պարտավորված կլինեն արդար լինել: Պետությունը պետք է գիտակցի, որ այս ինստիտուտը հրաշալի ինստիտուտ է, դատավորներին զգուշացնի, որ չվախենան, եթե պաշտոնատարների նկատմամբ հայց է ներկայացվում, արդար վճիռ կայացնեն: Եթե պաշտոնյան մեղավոր է, թող հատուցի, պետությունը դրանից չի տուժի, հարկատուն՝ ևս, իսկ պաշտոնատար անձը կփոխհատուցի իր գործած սխալի համար: Սա՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ փաստ է, որ դատավորները ճնշված են գործադիրի կողմից:

Գործադիր ասելով՝ ես նկատի ունեմ նախագահականին և դատախազությանը: Այս ամենում դատախազությունը պետք է իմանա իր տեղը: Այսօր այն դե յուրե, այսինքն՝ ըստ Սահմանադրության, դատական իշխանության կազմի մեջ է, սակայն դե ֆակտո կառավարության մեջ է և մասնակցում է կառավարության նիստերին: Մեկ այլ առումով այն դիտարկվում է ուժային կառույց պետության ձեռքին, որի միջոցով դատավորը կարող է ենթարկվել քրեական հետապնդման: Նման պայմաններում ինչպե՞ս կարող է դատավորը չկատարել դատախազի միջնորդածը:

-Այսինքն՝ դատավորները Հայաստանում բավական դժվար կացության մեջ են:

-Իհարկե, դատավորները ճնշված են նախագահականի, դատախազության, ընդհանուր համակարգի կողմից: Ես չեմ ուզում հավատալ, բայց գուցե այդ դատավորները նման հսկողության առիթ են տվել՝ ոչ ճիշտ վճիռներ կայացնելով: Այդ պարագայում, հեգնանքով ասում եմ, ավելի լավ է ստեղծվի դիրեկտորատ՝ հաշվետու դարձնելով դատավորներին, քան թե անեն այն, ինչ ուզում են՝ անուն դնելով, թե ազատ են, իսկ իրականում կայացնել այնպիսի որոշումներ, որոնք հետո գնում-հասնում են Վճռաբեկ դատարան: Գիտեք, դատավորներին հսկել կարելի է, բայց դա պետք է արվի օրենքով սահմանված կարգով: Դատավորը կարող է սխալվել, վերջիվերջո մարդ է: Այդ սխալը կուղղի Վճռաբեկը, իսկ եթե սխալը շատ կոպիտ է, դատավորը կպատժվի:

-Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում դատական համակարգի խնդիրների արմատները թաղված են քաղաքականության, քաղաքական կամքի բացակայության մեջ:

-Առանց իշխանությունների ցանկության՝ ոչ մի երկրում ոչ մի դատարան չի կարող լինել արդար: Իհարկե, դա գալիս է շատ վերևից, ինչու չէ՝ նախագահից: Առաջին հերթին լուրջ, կոնցեպտուալ, ինստիտուցիոնալ փոփոխություններ են անհրաժեշտ: Տարբեր հայեցակարգեր են մշակվում, որոնք «տյունինգ» են անում օրենքները: Օրինակ՝ զարգացած երկրներում նախաքննության գործընթաց չկա, դա ավելորդ փուլ է, քանի որ նախաքննությունը և հետաքննությունը նույն նախնական քննությունն է, որը խորհրդային տարիներից մնացած երևույթ է, որից չենք ուզում հրաժարվել:

Իսկ նախաքննական մարմինը անօրինական արդարադատություն իրականացնող մարմին է, քանի որ արդարադատություն է իրականացնում՝ կալանավորում, հարցաքննում և այլն՝ ոչ հրապարակային, ինչը օրենքի խախտում է: Կալանավորը սենյակում հարցաքննվում է, ինչ ցուցմունք ուզում վերցնում են և ուղարկում դատարան: Վերցնենք Մարգար Օհանյանի գործը, երբ ինչ-որ ցուցմունքներ սարքվել են, վկան էլ ասել է, որ իրեն վկայություն տալու ժամանակ ուղղորդել են դատական մարմինները:

-Փաստորեն դատաիրավական բարեփոխումների համար անհրաժեշտ է, որ վերանա՞ նախաքննության փուլը:

-Եթե նախաքննության փուլը վերանա, Սահմանադրությունը պետք է փոփոխվի, իսկ դատախազության գործառույթները վերանայվեն: Նախաքննության ավելորդությունն ապացուցում է նաև միջազգային փորձը՝ ինչպես զարգացած, այնպես էլ ասիական երկրների: Ոստիկանությունը դեպքի վայրից հավաքում է ամբողջ տեղեկատվությունը, փաստերը և ուղարկում դատարան, որտեղ հրպարակային, ազատ հետաքննություն է սկսվում:

Մեր դեպքում նախաքննության փուլում տեղի է ունենում ոչ հրապարակային քննություն ամիսներ շարունակ, որի ընթացքում անձին ազատությունից զրկում են: Օրենքը ասում է, որ կալանավորումը բացառիկ խափանման միջոց է, բայց կիրառվում է շատ հաճախ: Չնայած ըստ օրենքի՝ խափանման միջոցը չպետք է պարունակի պատժի տարրեր, սակայն որպես պատիժ են ազատությունից զրկում, իսկ ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը, և ինչո՞ւ պետք է քննիչն արդարադատություն իրականացնի: Անհրաժեշտ է նաև օրենքով նվազեցնել դատախազության հավակնությունները:

Մեկնաբանել