23 մարտ, 2012 07:04

Անցյալ, բայց ոչ կորուսյալ գեղեցկության հետքերով

Բանն այն է, որ դարերի ընթացքում այս թեման ձեռք է բերել պատկերագրական որոշակի կանոններ, ուստի առնվազն ստեղծագործական համարձակություն էր պետք կրկին անդրադառնալու դրան: Հաստատված կանոններին փորձում է հետևել նաև Տիգրանը: Նրա մոտ ևս վերնատանը գտնվող երկարավուն սեղանի շուրջ բոլորած են Հիսուսն ու նրա 12 աշակերտները: Հեղինակը, սակայն, գնացել է ոչ թե առանձին առաքյալների կերպարների անհատականացման, այլ հավատարմության ու մատնության գաղափարների հակադրության ընդգծման ճանապարհով։

Ո՛չ լրիվ դեմքով, ո՛չ էլ կիսադեմ չէ պատկերված նույնիսկ Հուդան՝ որպես մատնության ու մեղքի կրողի: Նա իր մարմնով է փակել լույսի ճանապարհը և ամբողջովին ստվերի մեջ է, եթե չասենք՝ հենց Մութն է մարմնավորում: Նրա դեմ-դիմաց լույսերով ողողուն Քրիստոսն է՝ որպես Լույսի խորհրդանիշ: Ամբողջ կոմպոզիցիան լուծված է հենց լույսի ու ստվերի հակադրության միջոցով, որն ավելի խորհրդավորությամբ է պարուրում արծարծվող թեման:

Սակայն հիշյալ կտավով չէ, որ Տիգրանն արժանացավ մասնագետների ու արվեստասերների ուշադրությանը: Նրա հին ու նոր նատյուրմորտներն աչքի են ընկնում նյութականության շեշտվածությամբ և կատարողական գերազանց վարպետությամբ: Դրանք, «փոքրիկ հոլանդացիների» նկարելաոճը հիշեցնելով հանդերձ, շնչում են ընդգծված հայկականությամբ և դասական ազնիվ շնչով։

Վերջին տարիներին Տիգրան Բարխանաջյանը հիմնականում զբաղված է իր երևակայական աշխարհը կերտելով: Ընդ որում՝ ոչ միայն իր պերսոնաժներին է նա տեղավորում այդ աշխարհում, այլև ինքն է կարծես բնակվում այդտեղ: Դատելով պատկերվածների հագուկապից ու նրանց շրջապատող իրերից՝ մենք գործ ունենք 17-18-րդ դարերի եվրոպական միջավայրի հետ: Որքան էլ մեկուսի և ներամփոփ է Տիգրանն իր բնավորությամբ, նա սիրում է վրձնել բազմաֆիգուր կոմպոզիցիաներ։

Հեշտ չէ, իհարկե, նկարչական տարածքները «բնակեցնել» մեծաթիվ պերսոնաժներով, որոնք մերթ զբաղված են թղթախաղով, մերթ երաժշտություն են ունկնդրում, մերթ էլ նվագում են ու պարում: Լսելի չէ, սակայն, որևէ աղմուկ կամ ժխոր: Ներդաշնակություն է տիրում ամենուր, որը, անշուշտ, բխում է արվեստագետի ներաշխարհից: Նա կարծես իր հոգու հանգիստը գտնում է այդ սալոնային գեղեցիկ միջավայրում, որտեղ մարդիկ ապրում ու ստեղծագործում են «գեղեցիկի օրենքներով»։

Ի՞նչ է սա. փախուստ ժամանակակից առօրյայից և գեղեցիկի որոնում անցյալո՞ւմ: Թերևս, այո՛: Մեր այսօրվա կյանքը, մեզ շրջապատող իրականությունը, մեղմ ասած, բանաստեղծական ազդակներ ու ներշնչումի գեղարվեստական պահեր գրեթե չեն պարգևում նկարչին: Ուստի վերջինս դրանք որոնում է ժամանակային այլ տիրույթում: Դա անցյալ, սակայն ոչ կորուսյալ գեղեցկությունն է, որը հայտնաբերելուց հետո երիտասարդ հեղինակը ներկայացնում է մեզ իր վրձնի շռայլ գույներով և վերահաստատում դրա գոյության իրավունքն ու վերադարձի անհրաժեշտությունը:

Նրա կտավները («Դաշնամուրի դաս», «Գեղեցկուհին», «Ֆլեյտայով տղան», «Նվագավարը» և այլն) առանձնանում են գեղագիտական յուրօրինակ մտածողությամբ, գրոտեսկային շեշտվածությամբ և վառ, ժանսեմյան զգայաթրթիռ գույներով: Դրանք, բոլորն անխտիր, սովորական առօրյայի մեջ քնարական-բանաստեղծական ակնթարթներ ու թրթիռներ որոնելու և, ամենակարևորը, գտնելու հաջողված օրինակներ են: Նկարիչը խնդիր չի դնում գաղափարական սևեռման կամ ինչ-որ արտակարգ իրադարձության ցուցադրման: Նա իր հոգու մեղմությունն ու ներքին սերն է փոխանցում իր կտավներին, դրանց հերոսներին, իսկ վերջիններիս միջոցով՝ նաև հանդիսատեսին:

Պահքի այս օրերին ներքին պահանջ առաջացավ մեջս կրկին այցելելու Տիգրան Բարխանաջյանի արվեստանոց՝ տեսնելու համար հոգևոր թեմաներով նրա նոր ստեղծագործությունները: Անկարելի է նկարագրել այն զգացողությունը, որ ունեցա «Տիրամայրը մանկան հետ» մեծադիր կտավը դիտելիս:

Աստվածամոր հայացքը քեզ միանգամից պարուրում է երկրային անմիջականությամբ և վերերկրային խորհրդավորությամբ՝ մեկ անգամ ևս խորհել տալով ժամանակավոր-անցողիկի և հավերժ-անանցի հարաբերակցության շուրջ: Հուսանք՝ շատ շուտով այս ստեղծագործությունը կզարդարի հայոց հոգևոր տաճարներից մեկի գլխավոր խորանը՝ ճառագելով Հույս, Հավատ ու Սեր: