Բարոյականության տարբեր չափանիշներ

Ազգային ժողովը երեկ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Ըստ Tert.am-ի՝ օրենքի նախագիծն ընդունվել է 67 կողմ ձայնով, իսկ քվեարկությունից հետո «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ դահլիճում եղել է ընդամենը 63 պատգամավոր:

Նա առաջարկել է, որ քվեարկությունը տեղի ունենա հաջորդ օրվա [մարտի 22-ի] նիստում, ինչը մերժվել է «անհիմն լինելու» պատճառաբանությամբ։ Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ելույթում նշել է, որ օրենքը միտված է պաշտպանելու ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ քաղաքացուն: Օրինագիծը ենթադրում է, որ բանակը կարող է օգտագործվել երկրում արտակարգ դրություն մտցնելու ժամանակ։

Մի կողմ թողնենք այն բանավեճը, թե որքանով է նման օրենքի ընդունումը անհրաժեշտ Հայաստանին և որքանով է այն ժողովրդավարական՝ հաշվի առնելով նաև 2008թ. մարտի 1-ի դառը փորձը:

Օրենքի երեկվա քվեարկության տեխնիկական կողմն է զարհուրելի, երբ դրա օգտին ավելի շատ ձայն է ստացվում, քան դահլիճում պատգամավոր կա: Զարհուրելի է, երբ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների այսքան բուռն հասարակական պախարակումից հետո այդ գործելաոճը շարունակվում է: Զարհուրելի է, որ անգամ ընտրություններին այսքան մոտ լինելն ազգընտիրներին չի ստիպում իրենց առջև բարոյական որոշ չափորոշիչներ դնել ու գոնե ձև տալ, որ «հավատանք, կփոխվեն»:

Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ բարոյականության մասին պատկերացումները բոլորովին տարբեր են սովորական մարդու բարոյականության պատկերացումներից:

Բարոյական է, երբ նախկինում օրուգիշեր ձեզ հայհոյողները և հիմա քծնողները հայտնվում են ձեր ցուցակում: Բարոյական է, երբ հայտարարում եք, որ մականունավորները տեղ չունեն ձեր կուսակցությունում, բայց նրանք ներկա են, ինչպես նախկինում: Բարոյական է, երբ 400 հազար ավելացած աղքատներով խոսում եք երկրի զարգացման մասին ու անբարոյական համարում ձեզ քննադատողներին: Բարոյական է, երբ մարդիկ հերթական անգամ կուսակցություն են փոխում՝ կերակրատաշտին ավելի մոտենալու կամ դրանից չկտրվելու համար: Բարոյական է, երբ գլխավոր սկզբունք եք հռչակում սկզբունք չունենալը:

Շատ բարոյական է…

Մեկնաբանել