Ինչո՞ւ, պարոնա՛յք

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի իր թեկնածությունն է առաջադրել Երևանի թիվ 7 ընտրատարածքում, որտեղ պայքարելու է գործարար Սամվել Ալեքսանյանի դեմ: Այս ընտրատարածքում առաջադրվել են նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ոմն Վարդան Վարդանյան՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի աշխատակից:

Նիկոլի և Րաֆֆիի առաջադրումից օրեր առաջ, ըստ մամուլի հրապարակումների, Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում լրագրողներին առաջարկել էր գրազ գալ, որ որևէ մեկն իր դեմ չի առաջադրվի թիվ 7 ընտրատարածքում: Որ Ալեքսանյանի պես տնտեսական մոնստերին մարտահրավեր են նետում Նիկոլ Փաշինյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, իհարկե, ողջունելի է: Սակայն զուտ պրագմատիզմի տեսանկյունից նայելու դեպքում մի շարք բայցեր կան, որ թույլ չեն տալիս ողջունել Նիկոլի ու Րաֆֆիի քայլը: Ընդհակառակը, երկու ընդդիմադիր գործիչների՝ միմյանց դեմ պայքարը ջուր է լցնելու հենց իշխանության ջրաղացին:

Նախ՝ ինչո՞ւ երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները պետք է պայքարեն միմյանց դեմ: Մի՞թե ավելի արդյունավետ չէ, որ բոլոր ընդդիմադիրներն իրենց ուժերն ուղղեն ոչ թե միմյանց, այլ իշխող կուսակցության դեմ, եթե իսկապես իշխանափոխություն են ցանկանում:

Երկրորդ՝ այս ընտրատարածքում Նիկոլի հաղթանակը կնշանակի Րաֆֆիի պարտություն և հակառակը: Մի՞թե ավելի արդյունավետ չէր լինի, որ այս երկու խարիզմատիկ գործիչներն իրենց գործողություններով հնարավորություն տային ավելի շատ ընդդիմադիրների մտնելու խորհրդարան:

Երրորդ՝ ինչո՞ւ են որոշել իրենց փորձել հենց Սամվել Ալեքսանյանի դեմ պայքարում, որի բիզնեսների հետ երևի թե փոխկապված է այն թաղամասի կեսը, որտեղ պայքարելու են Նիկոլն ու Րաֆֆին, և որտեղ վերջիններիս հաղթելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Մի՞թե ավելի ճիշտ չէ փոքր մոնստերներին հաղթելով սկսել. չէ՞ որ կարևորը ձայնն է խորհրդարանում, ոչ թե այն, թե ում ես հաղթել:

Ճիշտ է, Հայաստանի քաղաքական դաշտին պակասում է ռոմանտիզմը, որի գերնպատակը իշխանափոխությունն է, սակայն այդ նպատակին հասնել հնարավոր չի լինի, քանի դեռ ընդդիմադիր ուժերը փոշիացնում են իրենց ուժերը: Եվ խոսքն ամենևին էլ դաշինքներ կազմելու կամ իրար սիրելու մասին չէ: Խոսքն ընդամենը ընդհանուր նպատակի՝ Հայաստանում վերջապես ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու մասին է:

Մեկնաբանել