18 ապրիլ, 2012 16:20

Հայաստանը` տարածաշրջանի ոչ նպաստավոր դիրքում

Հայաստանի մրցունակության կատարողականը, որն աստիճանական անկում է գրանցել 2005թ. ի վեր, 2011թ. վերափոխվել է դրականի՝ արտացոլելով կառուցվածքային փոփոխությունները: Այս մասին այսօր «Հայաստանի 2011-2012թթ.Ազգային մրցունակության զեկույց»-իշնորհանդեսին, որին ներկա էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։ Ըստ նրա՝ սա կարող է տնտեսական իրականության՝ դեպի առավել հավասարակշռված իրավիճակի փոփոխության նշան հանդիսանալ։

Մանուկ Հերգնյանի խոսքով`2011թ. առաջին տարին էր, երբ մրցակցության և տնտեսության կատարողականի ցուցանիշները Հայաստանում փոխվել են նույն ուղղությամբ։ Մյուս կողմից`Հերգնյանը նշեց, որ ցածր արտադրողականությամբ ոլորտների (գյուղատնտեսություն, ծառայություններ) գերակայությունը ՀՆԱ-ի կառուցվածքում Հայաստանի տնտեսության հիմնական թերություններից մեկն է։ Ըստ Հերգնյանի՝ Հայաստանում արտադրողականությամբ առաջատար երեք ոլորտները (ֆինանսական միջնորդություն, հանքագործություն և շինարարություն) ընդգրկում է երկրի զբաղվածության ընդամենը 9%-ը, այնինչ աշխատուժի 39%-ը կենտրոնացված է նվազագույն արտադրողականություն ունեցող գյուղատնտեսությունում։

Զեկույցում նշվում ,է որ տնտեսական կառուցվածքում ցածր արտադրողականությամբ ոլորտների գերակայության պատճառով Հայաստանը հայտնվում է ոչ նպաստավոր դիրքում տարածաշրջանի երկրների շարքում: Տնտեսական ճգնաժամը թողել է իր ազդեցությունը նաև տնտեսության կառուցվածքի վրա. անկման հետևանքով կասեցվել է մինչև 2008թ. որոշ ոլորտների ոչ կենսունակ աճը: Այսպես` անշարժ գույքի շուկայում արձանագրված ճգնաժամի հետևանքով շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում էապես կրճատվել է: Փոխարենը ներկայումս առևտրային, ֆինանսական ծառայությունների և արդյունաբերության ոլորտների աճող մասնաբաժինը փոխհատուցում է շինարարության ոլորտի կրճատումը:

«Ուշագրավ է, որ գյուղատնտեսության բաժինը տնտեսության կառուցվածքում նվազել է թե՛ Ադրբեջանում, և թե՛ Վրաստանում, բայց ոչ Հայաստանում: Ներկայումս ՀՀ-ում այս ոլորտի ունեցած կշիռը ՀՆԱ-ում ավելի մեծ է, քան Վրաստանում և Ադրբեջանում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ռեսուրսաինտենսիվ տնտեսությունը հիմնված է գլխավորապես արդյունաբերության վրա, իսկ Վրաստանի տնտեսությունը դրսևորում է մեծ կենտրոնացում ծառայությունների ոլորտում: Սա տարածաշրջանում մրցունակության դինամիկայի առումով Հայաստանի համար խիստ անբարենպաստ է»,-ասված է զեկույցում։

Նշենք, որ 2008թ. Հայաստանի ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը 16,1% էր, իսկ 2011թ.՝ 23%։