23 ապրիլ, 2012 17:50

Մեծ եղեռնին նվիրված միջոցառում` Չեխիայում

Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ապրիլի 22-ին մասնակցել է Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում «Ուրարտու» հայ-չեխական ընկերության կազմակերպած «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին և ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառմանը` նվիրված Հայոց մեծ եղեռնի 97-ամյակին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի  ծառայությունը, դեսպանը և «Ուրարտու»-ի նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ են դրել քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված տուֆակերտ խաչքարին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև «Սուրբ Հոգի» եկեղեցում, ուր ներկա էին հայ համայնքի, չեխ հասարակայնության, ազգային այլ փոքրամասնությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, Չեխիայի, Սլովակիայի ու Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարել է հոգեհանգստի ծես, ելույթ են ունեցել Սեյրանյանը և  Սարգսյանը:

Միջոցառումը շարունակվել է եկեղեցու և խաչքարի շուրջ տեղադրված ֆոտոցուցահանդեսի դիտումով: Ցուցադրվել է նաեւ «Ուրարտու» հայ-չեխական ընկերության՝ Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված ֆիլմ: