23 ապրիլ, 2012 18:01

Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ` Գերմանիայում

Համբուրգում ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված հուշ երեկոն: Սուրբ Պետրոս եկեղեցում ներկա է եղել տարբեր ազգություններ ներկայացնող ավելի քան 700 հյուր: Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԳԴՀ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը,նա իր ելույթում նշել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, իսկ թուրք հասարակությունը պետք է ըմբռնումով մոտենա հայերի պատմության այս ողբերգական էջին: Ըստ բանախոսի` Հայոց ցեղասպանության հարցը պարտադիր պետք է ներառվի թուրքական ուսումնական հաստատությունների պատմության դասագրքերում, ինչը թույլ կտա թուրք հասարակությանը ծանոթանալ իր պատմությանը և անկաշկանդ քննարկել այն:

Ելույթ է ունեցել նաև ԳԴՀ ալեվիտ համայնքի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Ալի Երթան Թոպրակը: Նա նշել է, որ իր ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է թուրքական կառավարության ժխտման քաղաքականությունը: Թոպրակը նշել է, որ Ցեղասպանության ժխտումը պետք է ճանաչվի որպես քրեորեն հետապնդվող արարք:

Ելույթներով հանդես են եկել նաև ԳԴՀ ասորիների միության և ԳԴՀ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները, որոնք նույնպես դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացվող պատմության վերանայման փորձերը: Ելույթով հանդես է եկել նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Միջոցառման ընթացքում «Գայանե» երգչախումբը` Գրովերի գլխավորությամբ, կատարել է հայկական և եվրոպական ստեղծագործություններ: Երգչախմբի կազմում են հայ, գերմանացի և թուրք կատարողներ: