ԱՊՀ դիտորդական առաքելությունը հետևում է նախընտրական փուլին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով Հայաստանում է` մասնակցելու Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը, որն անցկացվում է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է փոխվարչապետի մամուլի ծառայությունը, Լեբեդևը բարձր է գնահատել միջոցառումները` նշելով, որ նկատելի է Հայաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը դրանց նկատմամբ: Նա հաջողություններ է մաղթել, հաշվի առնելով, որ ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջին է, որ նման պատվավոր առաքելություն է ստանձնում: Ա. Գևորգյանը հույս է հայտնել, որ տարվա ընթացքում շարունակվող միջոցառումները նոր թափ կհաղորդեն գրատպության զարգացմանը և նոր սերնդի մեջ սեր կառաջացնեն դեպի տպագիր գիրքը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԱՊՀ բարձրագույն մարմինների նիստերի օրակարգային հարցերին, ներկայացվել է հայկական կողմի դիրքորոշումը որոշ հարցերի վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ա. Գևորգյանը նշել է, որ հանրապետության իշխանությունները ջանքեր են գործադրում ընտրությունները պատշաճ մակարդակով և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես` նոր Ընտրական օրենսգրքով մրցակցային հավասար պայմաններ են ապահովվում բոլոր ուժերի համար, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն իրենց ծրագրերը ներկայացնելու բավարար հնարավորություններ ունեն: Երկուստեք հույս է հայտնվել, որ նախընտրական անցած շրջանին բնորոշ դրական միտումները կպահպանվեն, և բուն ընտրական գործընթացը կանցկացվի պատշաճ մակարդակով: Լեբեդևը տեղեկացրել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը հետևում է նախընտրական փուլին և նախատեսում է շարունակել աշխատանքները ողջ ընթացքում:

Մեկնաբանել