24 ապրիլ, 2012 16:14

Լոնդոնում քայլարշավ է կազմակերպվել Եղեռնի զոհերի հիշատակին

Բրիտանահայ համայնքի ներկայացուցիչները քայլարշավ են կազմակերպել Լոնդոնի կենտրոնով՝ դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Նրանք կոչ են արել Միացյալ Թագավորության իշխանություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս  47-րդ քայլարշավը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեի կողմից. մասնակցել է 800-900 մարդ:

Քայլարշավը գլխավորել են Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և ԲՀԵԽ ղեկավարությունը, ինչպես նաև ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, ապրիլի 22-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցում մատուցվել է պատարագ և հոգեհանգստի արարողություն, որից հետո ԲՀԵԽ և ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել եկեղեցու բակում` Հայոց մեծ եղեռնի հուշարձան-խաչքարին: