24 ապրիլ, 2012 15:02

Ղազախստանում լռության րոպեով հարգել են Եղեռնի զոհերին

Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում այսօր անցկացվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, Կարագանդա քաղաքի մոտ տեղակայված Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարին, Ալմաթիի  հայկական «Լույս» կենտրոնի տարածքում ղազախստանցի հայերը պսակներով, ծաղիկներով և լռության րոպեով հարգել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվել է հոգեհանգստյան պատարագ:

Հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաև Աստանայում, Կոստանայում, Օզկեմենում, Շիմկենտում և Ղազախստանի այլ քաղաքներում: