ԱՄՆ-ը ուժեղացնում է հետախուզությունը Չինաստանում ու Իրանում

Հետախուզական ծառայության գործակալներն աշխատելու են՝ համագործակցելով Կենտրոնական հետախուզական վարչության հետ և զբաղվելու են սպառնալիքների մոնիտորինգով, հետախուզություն են իրականացնելու արտասահմանում։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ սեփական հետախուզական ստորաբաժանումը ստեղծելու ծրագրերի մասին հայտնի է դարձել երեկ։ The Washington Post-ի տեղեկություններով՝ նոր ստորաբաժանումը կոչվելու է Պաշտպանության նախարարության գաղտնի ծառայություն (Defense Clandestine Service)։

Պարբերականը գրում է, որ ամերիկյան հետախուզությունն իր իրավասությունների շրջանակում լուծում է Վաշինգտոնի համար կարևոր մի շարք խնդիրներ, ինչպիսին են՝ պայքարն ահաբեկչության, միջուկային զենքի տարածման դեմ, դիմակայությունը ռազմավարական հակառակորդներին, մասնավորապես՝ Չինաստանին։

Միևնույն ժամանակ Associated Press-ը նշում է, որ հետախուզական նոր ստորաբաժանման մեջ մտնելու են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության հարյուրավոր աշխատակիցներ։ Գործակալությունը նշում է, որ նոր կառույցի աշխատակիցներից ձևավորվելու են մի շարք հետախուզական խմբեր, որոնք ուղարկվելու են Վաշինգտոնի համար առավել մեծ վտանգ ներկայացնող շրջաններ։

Մեկնաբանել