2 մայիս, 2012 16:31

Վերականգնվել է Մարմարիկի ջրամբարը

Այսօր տեղի է ունեցել Մարմարիկի ջրամբարի պաշտոնական բացումը: Կոտայքի մարզում Մարմարիկ գետի վրա գտնվող ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 մլն խմ ընդհանուր ծավալ և 23 մլն խմ օգտակար ծավալ: Ջրամբարի վերականգնմանն օժանդակել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Պատվարների անվտանգության ծրագիրը»:  Ըստ ՀԲ տարածած հաղորդագրության` բոլոր նախագծային աշխատանքներն ավարտվել են 2005 թ. հուլիսին, իսկ շինարարական աշխատանքները սկսվել 2006 թ. օգոստոսին` Պետական փորձաքննության և բնապահպանության տեսչության կողմից բնապահպանական ազդեցության գնահատման հաստատումից հետո:

Մարմարիկի վնասված պատվարի վերականգնումն ապահովել է պատվարից ներքև գտնվող 20 համայնքում ապրող 164 հազ. մարդու անվտանգությունը:

Վերականգնված պատվարը հնարավորություն կտա կարգավորել Մարմարիկ գետի հոսքը. այն կկանխի գարնանային վարարումների կողմից պատճառած հետագա ավերածությունները և վնասը, որոնք տարեկան կազմում էին ավելի քան 100 հազ. ԱՄՆ դոլար:

Մարմարիկի ջրամբարի շահագործման շնորհիվ ջրի բացթողումները Սևանա լճից կնվազեն տարեկան 23 մլն խմ: Կոտայքի մարզի 1 055 հա գյուղատնտեսական հողատարածք (Մեղրաձորի, Աղավնաձորի, Մարմարիկի, Փյունիկի և Հրազդանի բնակեցված տարածքները) կստանա մոտ 9 մլն խմ ոռոգման ջուր:

Մխչյանի պոմպակայանում կխնայվի տարեկան 10.9 մլն կվտ-ժամ էլեկտրաէներգիա, քանի որ համապատասխան ծավալի ջուրը` մոտ 14 մլն խմ, Արտաշատի մայր ջրանցքին կտրվի ինքնահոսով:

Ջրի նույն ծավալը` մոտ 14 մլն խմ, անցնելով Սևան-Հրազդանի հիդրոէլեկտրակայանների  կասկադով, տարեկան կարտադրի մոտ 21 մլն կվտ-ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք, որ  ՀՀ-ն  ներդրել է  3.1 մլն դոլար  կամ 1,25 մլրդ դրամ, ՀԲ-ն` 9.5 մլն դոլար կամ 3,62 մլրդ դրամ: