Լոնդոնի քաղաքապետը վերընտրվեց

Մայիսի 3-ին տեղի ունեցած ընտրություններում Բորիս Ջոնսոնը ստացել է ընտրողների ձայների 51,53%-ը։ Նրա գլխավոր մրցակից, Լեյբորիստական կուսակցության անդամ Քեն Լիվինգսթոնը ստացել է ձայների 48,47%-ը։

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Բորիս Ջոնսոնը հանդես է եկել ելույթով։ «Ես կշարունակեմ պայքարել՝ հանուն լոնդոնցիների բարօրության, հանուն անհրաժեշտ օրենքների»,- ասել է նա։

Լիվինգսթոնը նշել է, որ սրանք իր վերջին ընտրություններն էին, և որ ի դեմս Բորիս Ջոնսոնի՝ տեսնում է թորիների նոր առաջնորդին։

Բացի Ջոնսոնից և Լիվինգսթոնից՝ Լոնդոնի քաղաքապետի ընտրություններին մասնակցում էր ևս հինգ թեկնածու՝ լիբերալ-դեմոկրատ Բրայան Պադիկը, Կառլոս Կորտիգլիան ուլտրաաջ Բրիտանական ազգային կուսակցությունից, ինքնաառաջադրված թեկնածու Շևոն Բենիտան, «կանաչների» ներկայացուցիչ Ջենի Ջոնսը և Լոուրենս Ուեբը Մեծ Բրիտանիայի անկախ կուսակցությունից։

Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը ստեղծվել է 2000թ.։ Բրիտանական մայրաքաղաքի առաջին քաղաքապետը եղել է Քեն Լիվինգսթոնը, որն իր ձախ արմատական հայացքների համար ստացել է «Կարմիր Քեն» մականունը։

2004թ. նա վերընտրվեց այս պաշտոնում, սակայն 2008թ. ընտրություններում իր տեղը զիջեց պահպանողական Բորիս Ջոնսոնին, որը համարվում է թորիների առաջատար քաղաքական գործիչներից մեկը։

Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում ընտրման ժամկետների սահմանափակում գոյություն չունի։

Մեկնաբանել