Ում են պետք ազատ և արդար ընտրությունները

Ընտրությունների հաջորդ օրը հավատարմագրված դիտորդական տարբեր առաքելություններ ներկայացրին իրենց զեկույցները հայաստանյան ընտրությունների վերաբերյալ: Ամենևին էլ կարիք չկա մանրակրկիտ վերլուծել տարբեր դիտորդական կազմակերպությունների հրապարակած տեքստերի բովանդակությունը, քանի որ ընտրություններից առաջ էլ արդեն մոտավոր կարելի էր կռահել, թե ասենք, որ դիտորդական առաքելությունն ինչ զեկույց կներկայացնի: Օրինակ՝ կարելի էր հարյուրտոկոսանոց ճշգրտությամբ ասել, որ ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը մայիսի 6-ի ընտրություններից ցնցված պետք է լիներ, իհարկե դրական առումով: Իսկ արևմտյան կառույցները ներկայացնող կազմակերպությունները սուր ծայրերը հարթող, շատ դեպքերում լղոզված եզրակացություններով զեկույց պետք է հրապարակեին, որտեղ իրենց համար բազմաթիվ հաճելի ձևակերպումներ կգտնեն և՛ ընտրություններից գոհ ուժերը, և՛ դժգոհները:

Սակայն արդյո՞ք մեր հիմնական խնդիրն այն է, թե ընտրություններից հետո դրսից ինչ կասեն մեր կատարած ընտրության մասին: Եթե մեզ թվում է, թե ասենք՝ գերմանացիներն ու ռուսները սթրեսի մեջ են ընկնում, երբ ականատես են լինում, թե ինչպիսի ջանասիրությամբ են իշխանություններն աշախատեցնում ընտրակեղծիքների մեքենան և դրանից հետո օր ու գիշեր ջանք են թափելու, որ այլևս ընտրությունները չկեղծվեն, ապա չարաչար սխալվում ենք: Հիմնականում դիտարկվում է ընտրությունների մակերեսային գործընթացը, որտեղ իշխանությունն արդեն սովորել է առնվազն առանց աչք ծակող խախտումների ընտրություններ կազմակերպել: Սակայն գրեթե յուրաքանչյուր քաղաքացի քաջածանոթ է, թե ինչ գործիքներով են ընտրությունները կեղծվում, շատ դեպքերում նրանցից շատերը նույնիսկ բուռն մասնակցություն են ունենում այդ կեղծիքներին՝ ընտրակաշառքներ վերցնելու կամ այլ տեսքով: Մեզանից շատերի լուռ համաձայնությամբ իշխանությունը, կեղծելով ժողովրդի կամքի իրական պատկերը, փաստացի բռնազավթում է նրա իշխանությունը: Իսկ այդ նույն ժողովուրդը ուղղակի օգնում է նրան այդ հարցում: Հիմա ո՞վ պետք է ավելի շահագրգռված լինի, որ ընտրությունները Հայաստանում չկեղծվեն՝ եվրոպացի՞ն, թե՞ նա, ում իշխանությունը խլում են մի խումբ մարդիկ:

Դրսից ուղղակի կարող են զարմանալ կամ ցավակցել մեզ խայտառակ ընտրություններ անցկացնելու համար: Այսպես կշարունակվի այնքան, քանի դեռ գերակա չի դարձել այն գիտակցությունը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ չկաշառվող ժողովրդին:

Մեկնաբանել