Սպանություն, որ նախորդեց կրակոցին

ՀՀԿ-ն գնում է բռնապետության։ Առջևում նախագահի ընտրություններն են, որոնք այլևս մրցակցություն չեն ուզում։ Ուրիշ ինչպե՞ս բացատրել ՀԱԿ-ի կամ ՀՅԴ-ի ցածր տոկոսները։ Այլևս նրանցից իշխանափոխություն կամ հեղափոխություն չեն սպասում։ Ժողովուրդը ծույլ առաջադիմականների հետ հույսեր չի կապում, նա կամավոր նետվում է ճահիճը։ Կարելի է ձևակերպել նաև այսպես՝ ժողովուրդը տառապում է Հելսինկյան սինդրոմով։ Նա սկսել է գնահատել իր տանջարարին հավանաբար պատանդ պահելու, բայց չսպանելու համար։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները ժողովրդի դատավճիռն էին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հեռանա ասպարեզից։ Ոչ թե նոր առաջնորդ է պետք, այլ պետք է ազատվել մարդկանց հույսերի հետ խաղացողներից։ Մայիսի 6-ը Հայաստանն ազատեց քրիստոնյա երևալու դերասանությունից։ Քրիստոնեական երկրում քաղաքական ուժը չէր կարող հավաքել 72 տոկոս ձայն, ինչպիսին էր ՀՀԿ-ի հետընտրական քվեն երեկ իրիկունը։ Հավանաբար ինչ-որ մեկը այդ կուսակցության ղեկավարությանը գլխի գցեց, որ այդպիսի ցուցանիշը բնորոշ է մահմեդական, ավելին՝ ֆունդամենտալ իսլամական երկրներին։

Մայիսի 6-ի ՀՀԿ-ի ցույց տված արդյունքները Հայաստանի ժողովրդի ինքնասպանությունն էին: Ընդ որում՝ ինքնասպանության այնպիսի ձև էր ընտրված, երբ ատրճանակն ուրիշի ձեռքին է, բայց քո վրա կրակողը դու ինքդ ես։ Այս ինքնասպանությանը հայ ժողովուրդը գնաց մեթոդաբար։ Նշանակում է՝ մինչ այդ էին մնացած քաղաքական ուժերը ձախողել նրա արժանապատիվ ապրելու հույսերը։ Ես հակված եմ կարծելու, որ մայիսի 6-ին ՀՀԿ-ի ցույց տված մեծամասնական և համամասնական արդյունքներն իրենց ազդեցությամբ ավելի ծանր կանդրադառնան մեր երկրի ինքնազգացողության և դիմադրողականության վրա, քան մարտի 1-ը։ Որովհետև ոչ ոք չի կարող ասել, որ սպանությունը ենթադրում է նույն պահին հնչած կրակոց։ Հաճախ սպանությունը նախորդում է կրակոցին։ Մայիսի 6-ին տեղի ունեցավ հենց այդպիսի սպանություն։

Ժողովուրդը չարհամարհեց իշխանության սահմանած խաղի կանոնները, գնաց ընտրության։ Ավելի ճիշտ՝ նրան տարան ընտրության։ Այդպես դիակին են տանում հուղարկավորելու։ Ես համաձայն եմ դիակ լինել, բայց այդպիսին չեմ կարող լինել նաև իմ երեխայի անունից։ Ես չեմ կարող խաղալ երեխա լինելու ուրիշի իրավունքը ոչնչացնող կանոններով, բայց կարող եմ այդ կանոնները վերցնել ինձ վրա։ Հայ ժողովրդի մի ստվար հատված խաղաց իր երեխայի մանուկ լինելու իրավունքը վաճառածի մենթալիտետով։ Հենց սրան են ասում ինքնասպանություն։ Սոցիալական կայքերում գրել էին՝ միայն Հայաստանում կարելի է տեսնել բազմազավակ, բայց երեխա չունեցող մարդկանց դեմքեր։ Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 6-ին, չի ներվելու ՀՀԿ-ին, եթե, իհարկե, երկրում գտնվի չներողը։ Կամ՝ չներելը դառնա գործողություն։

Ի՞նչ է սպասում Հայաստանին։ Ըստ իս՝ մայիսի 6-ից հետո կյանքը դառնում է մահապարտի կենցաղ։ Ինչո՞ւ եմ այսքան կտրուկ։

Որովհետև այն, ինչ ասվում է, իշխանությանը չի վերաբերում, նա խաղաց վերարտադրման անհրաժեշտ խաղի կանոններով և որևէ շեղում թույլ չտվեց այդ կանոններից։ Խաղի ընթացքում իշխանությունը նայեց ժողովրդի աչքերի մեջ, այնպես չէ, որ ամեն ինչ արեց ժողովրդի թիկունքում։ Անձամբ ինձ տեսանելի էր, թե ինչ է անում ՀՀԿ-ն։ Ես երեկ ներկա եմ եղել տեղամասերից (2/08) մեկում արդյունքների հաշվառմանը և համոզվել եմ իմ կանխատեսման մեջ։ Հանձնաժողովում Կոմկուսի ներկայացուցիչը ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր, շտաբը տեղակայված էր 109 նախնական ուսումնական հաստատությունում, այսինքն՝ մանկապարտեզում, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով։ Հանձնաժողովի նախագահը հանրապետական էր, իսկ հանձնաժողովում ՀՀԿ-ի ներկայացուցիչը՝ նրա դուստրը։ ՀՀԿ-ի վստահված անձն ինձ անձամբ ասում էր՝ ոչ մի կադր չնկարես, թե չէ՝ իմացիր, 4-րդ մասիվը փղերի գերեզմանոց է։

Ուզում է ասել, ինչքան էլ հզոր լինես, 4-րդ մասիվում կարող ես մեռնել։ Սա բացառիկ ցինիկ պոետիկա էր, որի առջև խոնարհվում եմ։

Այսպես խոնարհվելով էլ հանրապետությունը հանձնեցինք հանրապետականներին՝ առանց դիմադրության և զարմանքի։ Կարելի է ասել՝ սիրով։

Մեկնաբանել