17 մայիս, 2012 01:22

«DIY»-ի պայթյունից տերերը փորձում են օգուտներ քաղել. Արծվիկ Մինասյան

«Շանթ» հեռուստատեսության «Հեռանկար»-ի հարցազրուցավար Արամ Աբրահամյանի հետ զրույցում «ՀՅԴ» պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ակումբի պայթյունը սեփականատերն օգտագործում է հանրային աղմուկ բարձրացնելու համար: «Երբ դեռ նախաքննություն է գնում, ու այս երիտասարդները կանգնում ու այսպիսի հայտարարություններ են անում, հրապարակում են անուններ (նաև` իմ և Հրայր Կարապետյանի անունները) դռնփակ նիստից, սա նշանակում է որ կամ նրանք չգիտեն օրենսդրությունը, կամ դիտավորյալ իրավախախտում են թույլ տալիս»,- ասաց Մինասյանը: Նա մասնավորեցրեց, որ դրանք նախաքննական գաղտնիք են, և չպիտի հրապարակվեն, քանի դեռ գործը չի մտել դատարան: «Սա մանրուք չէ, սա կանխամտածված գործողություն է»,- հավաստեց նա:

Պայթեցված ակումբի տնօրենի հայտարարությանը, թե ՀՅԴ պատգամավորների հովանավորությամբ են ազատ արձակվել իրենց ակումբը պայթեցնողները, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ պայթյունի համար կասկածվողների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը չընտրելու միջնորդությամբ ինքը դիմել է դատարան, սակայն կասկածյալը բաց է թողնվել ոչ թե անձնական երաշխավորությամբ, այլ` համապատասխան օրենքով: Այս տարիների ընթացքում ինքը նման միջնորդություններ է ներկայացրել հարյուրավոր ձերբակալվածների համար:

«Կալանավորումը` որպես խափանման միջոց պիտի կիրառվի ծայրահեղ դեպքերում, սակայն մեզ մոտ դա զանգվածային է կիրառվում, և դա հակասում է մարդու իրավունքներին: Այս ինստիտուտը ամբողջությամբ խեղաթյուրվել է, և ես իմ օրենսդրական նախաձեռնությունը իրականացրել եմ թե օրենսդրական, և թե անձնական միջնորդությամբ,- ասաց նա:- Կալանավորման ինստիտուտը մեր երկրում հիմնական վերանայման կարիք ունի. այն կիրառվում է որպես պատժամիջոց` ցուցմունքներ կորզելու համար»:

Իրեն ակումբի պայթյունի հովանավոր ընկալելն, ըստ նրա, լիովին անհիմն է. «Ես չեմ ընդունում որևէ անձի գույքին վնաս պատճառելը»,- նշեց Մինասյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, չի կարելի անտեսել նաև մյուս կողմի պահվածքը:

Եվս մեկ օրենսդրական բաց է ակումբների` բազմաբնակարան շենքերում, մուտքերում, բնակեցված տարածքներին մոտ կառուցելու թույլատրությունը: «Նման ակումբների գոյությունը պիտի սահմանափակումների ենթարկվի, քանի որ անհատի ազատությունը վերածում ենք համընդհանուր սանձարձակության»,- նշեց նա:

Արամ Աբրահամյանը դիտարկեց, որ բոլորս էլ կարող ենք «սովորական կին մարմնավաճառից» որոշ կոպիտ բառերով պահանջել, որ հեռու մնա, երբ, ասենք, երեխայի հետ զբոսնում ենք, սակայն որևէ կերպ չենք կարող դա պահանջել համասեռամոլներից, քանի որ «մեր բոլոր խոսքերն անմիջապես կհասնեն Եվրոպային»: Արծվիկ Մինասյանը համաձայնեց, որ այս հարցում, իրոք, այդ փոքրամասնությունը ճնշում է մեծամասնությանը:

«Այն հասարակությունը, որտեղ իմունային համակարգը թույլ է, նրանք սկսում են արագ զարգանալ: Նրանք խոսում են անհանդուրժողականության մասին, սակայն հենց իրենք են անհանդուրժող. այն մարդն, ով իրենց նման չի մտածում, ըստ իրենց` սխալ է: Իրենց սխալվելու հնարավորությունը չի դիտարկվում: Այս ամենը իրենց մոտ դրված է շատ արմատական հիմքի վրա»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ` Հայաստանն այսօր ունի հանրայնացող համասեռամոլությանը դիմագրավելու անհրաժեշտություն: «Ամենքս գոնե մեր զավակներին, մեր շրջապատին դրանից հեռու պահելու խնդիր ունենք: Սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է»,- նշեց նա: