Հայաստանը պարտվեց 10 հոգով մնացած Իսպանիային

Քիչ առաջ իտալական Գաբիչե Մարե քաղաքում ավարտվել է էլիտ ռաունդի մրցաշարի Իսպանիա – Հայաստան հանդիպումը՝ 2։1։

Հանդիպումը շատ հետաքրքիր ընթացք ունեցավ։ Առաջին խաղակեսն անցավ համեմատաբար հանգիստ։ 44-րդ րոպեին երկրորդ դեղինը ստանալու համար խաղադաշտից հեռացվեց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Խերարդ Դյուլոֆյուն։ Ընդմիջումից հետո, թվում էր, հեշտ կլինի մեր ֆուտբոլիստների համար, քանի որ մրցակիցը մնացել էր 10 հոգով։ Ավաղ, մեր երիտասարդ ֆուտբոլիստները 65-րդ րոպեին գոլ ընդունեցին սեփական դարպասը։ Աչքի ընկավ Սուսոն։ 72-րդ րոպեին Հայաստանի հավաքականը վերականգնեց հավասարկշռությունը՝ 1։1։ Իր անվան դիմաց գոլ գրանցեց փոխարինման դուրս եկած Դավիթ Հակոբյանը։

Թեպետ 84-րդ րոպեին իսպանացիները չիրացրին մեր դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը, մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին կարողացան կորզել հաղթանակը։ Մեր դարպասը հերթական անգամ գրավեց Խուանմին։

Ցավոք, մեր հավաքականի ֆուտբոլիստները չկարողացան օգտվել թվային առավելությունից։ Մեր խմբի մյուս խաղում Իտալիան 2։1 հաշվով հաղթեց Բելգիային։

Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս հետևյալ կազմով․

1․ Ալբերտ Օհանյան

3․ Տարոն Ոսկանյան (Ա)

5․ Էդուարդ Թաթոյան (Գրիգոր Հովհաննիսյան, 69ր․)

6․ Վասպուրակ Մինասյան

7․ Հովհաննես Հովհաննիսյան

8․ Գագիկ Պողոսյան

9․ Գոռ Մալաքյան (Ղուկաս Պողոսյան, 75ր․)

10․ Աղվան Պապիկյան

14․ Արամ Շախնազարյան

15․ Դավիթ Մինասյան (Դավիթ Հակոբյան, 65ր․)

16․ Արթուր Գրիգորյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 22-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Իտալիա, որտեղ այսօր մեկնարկել է 2012թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարը: Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում մասնակցելու միակ ուղեգիրը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել