Եվրո 2012-ի մարզադաշտերը. Դոնբաս Արենա, Դոնեցկ

Civilnet-ն իր մարզական գործընկեր SportArmenia-ի հետ շարունակում է ներկայացնել Ուկրաինայում և Լեհաստանում ընթացող Եվրո 2012-ի մարզադաշտերը: Այսօր տեղի կունենան խմբային փուլի 1-ին տուրի վերջին հանդիպումները, հետևաբար Ձեր ուշադրությանը կներկայացնեք վերջին 2 մարզադաշտերը: Երևանի ժամանակով 20:00-ին «Դոնբաս Արենան» կընդունի D խմբում ընդգրկված Ֆրանսիայի և Անգլիայի ընտրանիներին:

«Դոնբաս Արենան» ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ արևելյան Եվրոպայի առաջին մարզադաշտն է, որը պատկանում է ՈւԵՖԱ-ի «Էլիտ» կարգին: Այն կառուցվել է 2009 թվականին և գտնվում է Դոնեցկի կենտրոնում: Մարզադաշտը տեղավորում է 51 504 երկրպագու:

Մարզահամալիրի դիզայնը կատարել է «Arup Sport» ընկերությունը, որի աշխատանքների թվին են պատկանում նաև «Մանչեսթեր Սիթի» մարզադաշտը (Անգլիա), «Ալյանց Արենան» (Գերմանիա) և «Սիդնեյը» (Ավստրալիա): Շինարարությունը իրականացրել է թուրքական ENKA ընկերությունը:

«Դոնբաս Արենան» Դոնեցկի «Շախտյորի» տնային մարզադաշտն է: Նշենք, որ այնտեղ բազմիցս հնչել են Արամ Խաչատրյանի և Արա Գևորգյանի ստեղծագործությունները. «Շախտյորում» է խաղում Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը և նրա հեղինակած յուրաքանչյուր գոլից հետո բազմահազար երկրպագուները հայկական երաժշտություն են լսում:

http://youtu.be/s60yoBwP0UM

Թվեր և փաստեր.

Շինարարությունը. «Դոնբաս Արենայի» շինարարությունը սկսվել է 2006 թվականի հունիսի 27-ին: Ծախսվել է ավելի քան 400 մլն. դոլար: Շինարարությունը տևել է 1158 օր: Մարզադաշտը շահագործման է հանձնվել 2009 թվականի օգոստոսի 29-ին:

Տարողունակությունը.Երկրպագուների համար նախատեսված նստատեղերի ընդհանուր թիվը` 51 504: ԶԼՄ-ների համար նախատեսված տեղերի թիվը` 1159: «Դոնբաս Արենան» կարող է ընդունել 196 հաշմանդամ: Հատուկ հյուրերի համար նստատեղեր` 830: 1000-ից ավելի ավտոմեքենաների համար կայանատեղի: Մարզադաշտը ամբողջությամբ լցնելու համար 1 ժամից քիչ ժամանակ է անհրաժեշտ: Բոլոր հյուրերին տարհանելու համար ընդամենը 8 րոպե է անհրաժեշտ:

Մարզահամալիրը. Ճակատամասի ապակեպատպման համար օգտագործվել է 14 283 քառակուսի մետր ապակի: Մարզադաշտի խոտածածկից մինչև ամենաբարձր կետը 54 մետր է: Ծածկն ընդգրկում է նստատեղերի 93 տոկոսը, բաց է մնում միայն 3800 տեղ: Համալիրում կա 53 արագ սննդի կետ, 4 բար, և 3 ռեստորան: Մարզադաշտում տեղադրված է 588 մոնիտոր: Դաշտի չափը 105 x 68 մետր է:

«Դոնբաս Արենաում» կկայանան Եվրո 2012-ի հետևյալ հանդիպումները.

Հունիսի 11-ին, ժամը 20:00-ին. D խումբ` Ֆրանսիա – Անգլիա:

Հունիսի 15-ին, ժամը 20:00-ին. D խումբ` Ուկրաինա – Ֆրանսիա:

Հունիսի 19-ին, ժամը 22:45-ին. D խումբ` Ուկրաինա – Անգլիա:

Հունիսի 23-ին, ժամը 22:45-ին. Քառորդ եզրափակիչ C խմբի հաղթող – D խմբի 2-րդ տեղ:

Հունիսի 27-ին, ժամը 22:45-ին. Կիսաեզրափակիչ

Մեկնաբանել