Եվրո 2012-ի խմբային փուլի վերջին տուրում Չեխիայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց Լեհաստանի ընտրանուն և A խմբից առաջին տեղով դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Եթե առաջին խաղակեսում Չեխիայի հավաքականը տարածքային առավելություն ուներ, սակայն լեհերի գրոհների շատ ավելի վտանգավոր էին, ապա ընդմիջումից հետո երկար ժամանակ խաղադաշտում ընդամենը 1 թիմ էր` Չեխիան: Միխալ Բիլեկի սաները գիտեին, որ զուգահեռաբար ընթացող խաղում Հունաստանը հաղթում է Ռուսաստանին, և ամեն ինչ անում էին հաղթանակի համար: Լեհերը մեծ դժվարությամբ էին պաշտպանվում և անգամ գրոհելու ժամանակ չէին գտնում:
Լեհաստանի դարպասապահ Պժեմիսլավ Տիտոնը մի քանի հրաշալի սեյվ կատարեց, սակայն 72-րդ րոպեին նրա հուսահատ ցատկն էլ չօգնեց իր թիմին: Չեխերի սրընթաց հակագրոհն ավարտվեց Պիտեր Յիրաչեկի դիպուկ հարվածով: Գոլային փոխանցումը կատարեց Միլան Բարոշը: Այդուհետ նույնպես լեհերի մոտ ոչինչ չէր ստացվում, իսկ Բիլեկի սաների հակագրոհներն իրական վտանգ էին պարունակում իրենց մեջ:
Ինչևէ, Չեխիայի հավաքականը, որ առաջին տուրում խոշոր` 1:4 հաշվով պարտվեց Ռուսաստանի ընտրանուն, այս խաղում հաղթեց 1:0 հաշվով և վաստակած 6 միավորով A խմբից առաջին տեղով դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ Ռուսաստանի ընտրանին զուգահեռաբար ընթացող խաղում նույն հաշվով պարտվեց հույներին և լքեց հետագա պայքարը: A խմբի երկրորդ ուղեգիրը բաժին հասավ Հունաստանին:
Մարզական գործընկեր` SportArmenia.com
http://www.dailymotion.com/video/xrkpot_czech-republic-1-0-poland-euro-2012-group-a_sport