Queen Mary նավի վրա կցուցադրվի արքայադուստր Դիանայի «ժառանգությունը»

Queen Mary լեգենդար օվկիանոսային նավի վրա բացվել է «Դիանա. արքայադստեր ժառանգությունը» խորագրով մեծ ցուցահանդես: Ցուցադրության կենտրոնական մաս են կազմում լեդի Դիանայի երեկոյան զգեստները, որոնք նա կրել է տարբեր միջոցառումների ժամանակ: Ընդհանուր առմամբ, ներկայացված է շուրջ երկու հազար նմուշ, որոնք կապված են արքայադստեր և բրիտանական թագավորական ընտանիքի հետ՝ լուսանկարներ, դիզայներական գծագրեր և զարդեր:

Ցուցահանդեսի կազմակերպիչները հանրությանը ներկայացրել են Դիանայի՝ տարբեր մասնավոր հավաքածուների երեկոյան զգեստները, որոնցից շատերը ցուցադրվում են առաջին անգամ: Այստեղ են թանկարժեք ճարմանդներ, քարերով պատված գոտիներ և այլ աքսեսուարներ:

Ուշագրավ է, որ 20 տարի առաջ կարված որոշ զգեստներ հիացնում են անգամ նորաձևության գիտակներին: Ցուցանմուշներից մեկը ադամանդե թագն է, որը Դիանան կրում էր հատուկ առիթներով:

Ցուցահանդեսը կգործի մեկ տարվա ընթացքում. դրա համար նավի մի քանի սրահ է վերակառուցվել: Ստացված հասույթի մի մասը կուղղվի բարեգործական նպատակների, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղի պրոֆիլակտիկայի ոլորտում ամերիկացի կանանց տեղեկացվածության մակարդակը բարձրացնելուն:

Մեկնաբանել